ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարող եմ արձանագրել, որ մենք ունենք քայլ առաջ. ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան

Հունվարի 19-ին հստակ դարձավ Արցախում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման օրը՝ փետրվարի 20: Այս կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

 

- Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ընթացքը:

- Նախ ձևավորվել է հանձնաժողով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի իրավական ակտի հիման վրա և Ազգային ժողովի նախագահի ղեկավարությամբ, և երբ մայիսին ես ընտրվեցի ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան, հանձնաժողովը վերսկսեց իր աշխատանքը, քանի որ դադարեցրել էր՝ պայմանավորված ապրիլյան պատերազմով: Նախ մշակվեց հայեցակարգ, որը ներկայացվեց հանրային քննարկման երկու տարբերակով, այնուհետև մշակվեց սահմանադրությունը: ԼՂՀ քաղաքացիները միանշանակ ունեցել են հնարավորություն՝ մասնակցելու այդ գործընթացին, որը եղել է թափանցիկ և ինձ հայտնի միջազգային ստանդարտներին ամբողջությամբ համապատասխան:

- Արդյո՞ք անցումը նախագահական կառավարման կարգի ռիսկեր չի պարունակում ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման տեսանկյունից ընդհանրապես: 

- Մարդու իրավունքների տեսանկյունից ես կարող եմ ասել, որ բոլոր մեզ հայտնի կառավարման մոդելներն իրենց տարատեսակներով կարող են աշխատել կա՛մ լավ, կա՛մ վատ: Մարդու իրավունքների տեսանկյունից չկա մոդել, որը միանշանակ ավելի վատն է կամ ավելի լավը: Ուրիշ խնդիր է այն, թե որքանով ենք մենք կարողանում օրենսդրորեն ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ: Եվ սա է, որ ինձ ավելի շատ հետաքրքրում է, և որի վրա ես ավելի շատ կենտրոնացել եմ: Այսպիսով՝ Սահմանադրությամբ մենք մի քայլ առաջ գնացինք: Եվ ես սա ասում եմ որպես «կողքից դիտող», որովհետև ինքս հանձնաժողովում չեմ եղել և գործընթացին հետևել եմ միայն կողքից: Կարող եմ թվարկել, թե ինչի հիման վրա եմ այդ հետևությանը եկել: Նոր իրավունքներ են ձևավորվել, օրինակ՝ անհատական տվյալների գաղտնիությունը, հստակեցվել են իրավունքների սահմանափակման մեխանիզմները, քանի որ ցանկացած մարդու իրավունք կապի մեջ է գտնվում մյուսների իրավունքների և հանրային շահերի հետ: Եվ մարդու իրավունքների համակարգը կարող է արդյունավետ օգտագործվել, եթե այն լինի հավասարակշռված: Բացի այդ՝ շատ ավելի ճիշտ և ժամանակակից մոտեցում է ցուցաբերվել մարդու իրավունքներին առհասարակ: Մենք գործ ունենք երկու տեսակի իրավունքների հետ: Առաջինը հիմնարար իրավունքներ են, որոնց հանդեպ պետությունն անկախ ամեն ինչից ունի պարտավորություններ՝ կյանքի իրավունքը, խոսքի ազատության իրավունքը և այլն: Պետությունն ունի պոզիտիվ և նեգատիվ բնույթի պարտավորություններ: «Պոզիտիվ» նշանակում է որոշակի միջոցներ ձեռնարկելու պարտավորություններ, իսկ նեգատիվ՝ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պարտավորություններ: Եվ դրա կողքին կան նաև սոցիալ-տնտեսական բնույթի իրավունքներ, որի կապակցությամբ պետության պարտավորությունը հանգում է նրա իրական տնտեսական, ֆինանսական հնարավորություններին: Եվ այս տարանջատումը շատ հստակ առկա է Սահմանադրության նախագծում: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ արձանագրել, որ ունենք քայլ առաջ:

 - Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումները ԼՂՀ ժողովրդավարության զարգացման առումով։

- Մարդու իրավունքների տեսանկյունից դա կարող է լինել հերթական համապետական միջոցառումը, որը կկարողանա հերթական անգամ ամրագրել այն, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է: ԼՂՀ քաղաքացիների կամքի արտահայտությունը սահմանադրական հանրաքվեին մասնակցության միջոցով և իր վերաբերմունքը սեփական պետության անկախության հանդեպ արտահայտելն արդեն իսկ դրա դրսևորում է: Սահմանադրության ընդունումն ինքնին անկախության հաջորդ քայլն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի կամք է դրսևորվում, այն հավաստում է Արցախի ժողովրդի՝ դեռևս 1991 թվականին ամրագրված կամքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: