ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլոր մայրերը պետք է հպարտ լինեն, որ իրենց զավակները պատրաստ են ծառայել. նորակոչիկի մայր

Հունվարի 28-ին նշում ենք Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Այս տարի առաջին անգամ Բանակի օրվա խորհուրդն ու շնորհավորանքների լիիրավ հասցեատեր լինելու կարգավիճակը կզգան հազարավոր նոր ընտանիքներ, ում զավակները նոր են զորակոչվել հայկական բանակ:

Օրերս զորակոչված Մաքս Թումանյանի մայրը՝ Մերի Կարապետյանը, չնայած դեռ չի համակերպվել որդու հեռու գտնվելուն, սակայն միևնույն ժամանակ հպարտ է որդու համար: «Հպարտ եմ, որ ունեմ առողջ զավակ, ով ծառայում է Հայոց բանակում»,- ասում է նա «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում:

Մերին պատմում է, որ չնայած զորակոչվելուց հետո անցած կարճ ժամանակահատվածին, զգում է՝ որդին ավելի ինքնուրույն է, ավելի ինքնավստահ: «Զգում եմ, որ ծառայությունը տղայիս համար նոր կյանքի սկիզբն է»,- ասում է նա:

Նորակոչիկների ծնողներին խորհուրդ է տալիս զինվել համբերությամբ. «Պետք է բոլոր մայրերը հպարտ լինեն, որ իրենց զավակները պատրաստ են ծառայելու, առողջ են ու արի»:

Նա շնորհավորում է Հայոց Բանակի օրվա կապակցությամբ. «Խաղաղություն եմ մաղթում հայ ազգին: Ամեն զավակ իր ընտանիքի սյունն է:

 Թո´ղ բոլորն առողջ վերադառնան իրենց տուն»:

Հայկական զինված ուժերում գրեթե յոթ ամիս ծառայող Սարգսյան Էդուարդի մայրը՝ Նարինեն, պատմում է, որ սկզբում ընկալումներն այլ էին, հիմա՝ այլ: Նախկինում, երբ որդին դեռ նոր էր զորակոչվել, անհանգստությունն ու մտավախություններն ավելի մեծ էին: «Ինքն ասում է, որ հիմա ավելի լավ է, հարմարվել է, չէ-որ արդեն վեց ամիս է՝ ծառայում է»,- նշում է նա: Հարցին, թե ինչ է փոխվել որդու մեջ զինծառայության մեկնելուց հետո, մայրն ասաց. «Իհարկե փոփոխություն կա: Զինծառայության մեկնելիս տղաս ավելի պատանի էր, մտածելակերպն՝ այլ: Հիմա զգում եմ, որ հասունացել է, դարձել է տղամարդ»:

«Բանակի մասին խոսելիս, գոհ եմ, թե դժգոհ, չեմ կարող չասել, որ ավելի շատ զգացական են մոտեցումներս. հասկանալի է՝ տանն ուրիշ էր, ամեն ինչ իր ուզած ձևով, հագուստը, ուտելիքը»,- անկեղծանում է Նարինեն՝ միժամանակ նշելով, որ գիտակցում է որոշակի խստության անհրաժեշտությունը, զինվորին միշտ զգոն և կոփված պահելու կարևորությունը:  «Բա զինվոր են, պետք է կոփվեն: Ի դեպ՝ այդ խստության համար շատ շնորհակալ եմ հրամանատար Գևորգ Մանգասարյանին, ով շատ լավ է վերաբերում իր զինվորներին»,- ժպիտով նշում է մայրը:

Բանակի համակարգային փոփոխությունների մասով զինծառայողի մայրը, որպես դրական, առանձնացրեց ակնհայտ կարգապահությունն ու ոչ կանոնակարգային հարաբերությունների բացառումը բանակում: «Սպաներն առավել հարգալից են, կիրթ, զինվորն իր անելիքը գիտի, անգամ զորամասի մաքրությունն է հիմա քաղաքացիական հագուստով աշխատակիցների վրա: Զինվորներն այդ ամենի հետ կապ չունեն, և դա շատ լավ է»,- ասում է զինվորի մայրը:

Էդուարդի ծնողների միակ մտահոգությունն այն է, որ որդին զորակոչվելուց հետո կարճ ժամանակ անց սահմանային ծառայություն է իրականացրել. «ՊՆ նոր նախարարի որոշումը՝ նորակոչիկների վեց ամիս ուսումնական ծառայության պահելուց հետո միայն սահման բարձրացնել, շատ դրական եմ համարում: Իմ տղայի ժամանակ այդ օրենքը դեռ ընդունված չէր, լավ է, որ հիմա դա կա, գովելի է»,- ասաց Նարինեն: Նաև օգտվեց հարցազրույցի ընձեռած առիթից և առաջարկեց Պաշտպանության նախարարությունում քննարկել մեկ արու զավակ ունեցող ընտանիքների զինվորներին առաջին գիծ չտանելու հարցը. «շատ լավ կլինի, որ նման մոտեցում լինի», կարծում է Նարինեն:

Շնորհավորելով բանակի օրվա կապակցությամբ զինծառայողի մայրը մաղթեց առաջնահերթ խաղաղություն մեր երկրին. «Ամեն զինվոր իր տան ճրագն է, թող բոլորը գան հասնեն իրենց մայրերին»:

Մենք զրուցեցինք նաև Էդուարդի քրոջ՝ Քրիստինեի հետ, ով արդեն հասցրել է կրել եղբոր համազգեստը: «Հպարտություն եմ զգում այդ համազգեստը կրելուց, որ զինվորի քույր եմ, չնայած պետք է ասեմ, որ նաև կարոտի զգացումն է շատ մեծ»: Հարցին, թե ինչ կարծիք ունի «կինը բանակում» գաղափարի շուրջ, ասաց, որ բանակում ծառայելը եղել է իր երազանքը, չնայած չի պատկերացնում, որ կինն ու տղամարդը կարող են նույն կերպ ծառայել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: