ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր բանակի 25–ամյակին կարողացա աշխարհի ռեկորդ սահմանել. հայ խաղաղապահ (ԲԱՑԱՌԻԿ)

Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ միջազգային խաղաղապահ առաքելություններում հայ խաղաղապահների ծառայության մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Զինված ուժերի սերժանտ Գրիգոր Թադևոսյանի հետ:

 - Ինչպե՞ս որոշեցիք դառնալ զինվորական: Ինչպե՞ս համալրեցիք խաղաղապահ զորքերի շարքերը:

 - 2005 թվականից ծառայում եմ խաղաղապահ բրիգադում: Խաղաղապահ առաքելություն եմ իրականացրել երկու անգամ Կոսովոյում, երկու անգամ Աֆղանստանում: Ալբանիայում և Գերմանիայում մասնակցել եմ զորավարժությունների: Զինվորականի մասնագիտությունը սկզբից ի վեր սիրել եմ,  երևի նրա համար, որ հայրս էլ է եղել զինվորական և 90-ականներին մասնակցել է Արցախյան պատերազմին: Պարտադիր զինվորական ծառայությունս ավարտելուց հետո ցանկացա շարունակել ծառայությունս, հետաքրքրվեցի, իմացա խաղաղապահ բրիգադի մասին և որոշեցի միանալ նրանց:

 - Ի՞նչ հիմնական հմտություններ եք ձեռք բերել՝ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավելով: Ի՞նչ դժվարությունների եք բախվել:

 - Ծառայության ընթացքում զարգացնելով իմ ֆիզիկական կարողությունները գրանցվել եմ «Դյուցազնագրքում»՝ երեք րոպեում կատարելով 99 ձգում պտտաձողի վրա (աշխարհի ռեկորդ սահմանելու համար ընդամենը մեկ ձգում էր պակասում): Հունվար 27-ին՝ մեր բանակի 25–ամյակի նախօրեին, կարողացա ռեկորդ սահմանել պտտաձողի վրա՝ մեկ րոպեյում 68 ձգում կատարելով (Գինեսի գրքում գրանցված է 67 ձգում):

Ծառայության ընթացքում ինձ համար հիմնական դժվարությունը եղել է երկար ժամանակ ընտանիքից հեռու լինելու հանգամանքը:

 - Ի՞նչ հիմնական հատկություններով է առանձնանում հայ խաղաղապահը մյուսներից:

 - Հայերն այլազգի խաղաղապահներից տարբերվում են մարդամոտ լինելով: Երբ օտարազգիների ծառայության օրը ավարտվում է, նրանք ուղղակի գնում են քնելու, հայ խաղաղապահները մնում են արթուն, իրար հետ շփվում են, մի խոսքով՝ ապրում են ինչպես մի համախմբված ընտանիք:

Հիշում եմ, երբ Նոր Տարվա օրը դրսում ծառայություն էինք իրականացնում, հայ խաղաղապահներով հավաքվել, տոնում էինք: Մեր դրական, «հայավարի» տրամադրությամբ մենք գրավեցինք նաև գերմանացիների ուշադրությունը, ովքեր իրենց գործերը թողեցին և մեզ միացան:  

Հայ խաղաղապահները բազմաթիվ շնորհակալագրել են ստանում լավ ծառայության համար: Սերբիայի սահմանին ծառայություն իրականացնելիս հիմնական գումարտակի հրամանատարը որոշել էր, որ մինչև ջոկում հայ չլինի, նրանք ծառայություն չեն իրականացնի, որովհետև վախենում են:

 - Ձեր առաքելության հիմնական գործառույթները որո՞նք են:

 - Կոսովոյում իրականացրել եմ պարեկություն, բազայի պաշտպանություն, իսկ Աֆղանստանում օդանավակայանի և բազայի պաշտպանություն: Հիմնականում ծառայության օրակարգը՝ 24 ժամը, բաժանվում է երեք մասի: Օրվա ութը ժամը ծառայություն ենք իրականացնում, ութը ժամը զբաղվում ենք մեզանով, իսկ մյուս ութը ժամը քնում ենք:  

 - Ի՞նչ կմաղթեք մեր Բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ:

 - Անփորձանք ծառայություն: Փափուշտներն էլ թող կրակեն միայն հրաձգարանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: