ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Սահմանադրության նախագիծ ունի Սիրիայի համար, ինչպես ժամանակին ԱՄՆ-ը՝ Իրաքի համար

© Iliya Pitalev / Sputnik

Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ կայացած բանակցությունների ուշագրավ կողմերից էր այն հանգամանքը, որ ռուսական կողմը բանակցող կողմերին ներկայացրեց Սիրիայի նոր Սահմանադրության սեփական նախագիծը: Այն ենթադրում է խորհրդարանի լիազորությունների ընդլայնում, մասնավորապես, խորհրդարանն է վճռելու պատերազմ կամ խաղաղություն հայտարարելու, ինչպես նաև նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու հարցերը (նման լիազորություններ Սիրիայի խորհրդարանը ներկա Սահմանադրությամբ չունի): Ռուսական նախագիծն արգելում է զինված ուժերին միջամտել քաղաքական գործունեությանն, ինչպես նաև ամրագրում է միջազգային իրավունքի և միջազգային պայմանագրերի գերակայությունը ներքին օրենքների նկատմամբ, եթե դրանց միջև կա անհամապատասխանություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 

Նույն աղբյուրի համաձայն՝ Սիրիայի Սահմանադրության ռուսական տարբերակը նախատեսում է կառավարությունում պաշտոնների բաշխում տարբեր էթնոդավանական խմբերի միջև: Կառավարության փոխնախագահի և նախարարների նշանակումը տեղի է ունենալու Սիրիայի բնակչության բոլոր էթնիկ և կրոնական խմբերի համամասնական ներկայացվածության հիման վրա: Սիրիական Սահմանադրության ռուսական նախագիծը որոշ պաշտոններ է ամրագրում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների համար:

Աստանայում սիրիական պատվիրակություններին ներկայացված Սահմանադրության նախագծի համաձայն ինքնավար շրջաններում քրդերը կարող են իրենց լեզուն օգտագործել պաշտոնական արաբերեն լեզվի հետ հավասար: Բացի այդ, նախագիծը թույլատորւմ է երկրի պետական սահմանների փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով, որին պետք է մասնակցեն երկրի բոլոր քաղաքացիները:

Մեկ այլ դրույթով նախատեսվում է երկրի անվանումից (Սիրիայի Արաբական Հանրապետություն) հանել արաբական բառը՝ թողնելով Սիրիայի Հանրապետություն: Նշենք, որ Սիրիայի քրդերն արդեն ողջունել են ռուսական նախագծի այս կետը:

Интерфакс-ի տվյալներով՝ ռուսական նախագծի համաձայն Սիրիայի նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի, երկրում ստեղծվելու է երկպալատ խորհրդարան, իսկ շարիաթը չի համարվելու օրենքի հիմնական աղբյուր:

Աստանայում սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են դիտարկել ռուսական նախագիծը՝ նշելով, որ այն ներկայացվում է արտաքին ուժերի, այլ ոչ թե Սիրիայի ժողովրդի կողմից, հետևաբար, ենթակա չէ դիտարկման: Բացի այդ, ինչպես իրենք են նշել, իրենց խնդիրը երկրի Սահմանադրության մեջ չէ: Ինչ վերաբերվում է սիրիական կառավարությանը, ապա պաշտոնական Դամասկոսի արձագանքը բավական զգուշավոր է. այս փուլում Դամասկոսը բավարարվում է նախագծի առանձին հատվածների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացնելով, թեև ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ «դրսից Սահամանդրության որևէ նախագիծ սիրիական կառավարությունը չի ընդունելու»:

Հատկանշական է, որ ընդդիմությունից մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին՝ Սիրիայի Սահմանադրության ռուսական նախագիծը նմանացնելով 2005 թվականին Իրաքում ընդունված Սահմանադրության հետ, որը համարվում էր ամերիկյան նախագիծ: Ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ Իրաքի Սահմանադրության օրինակը ցույց է տալիս, որ այլ երկրի կողմից գրված Սահմանադրությունը չի աշխատելու:

Ռուսական կողմը հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ Սահմանադրության նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հակամարտության բոլոր կողմերի՝ պաշտոնական Դամասկոսի, ընդդիմության և տարածաշրջանային երկրների տեսակետները: Ռուսական կողմի պնդմամբ Ռուսաստանի նպատակն է արագացնել Սիրիայում նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, այլ ոչ թե միջամտել ընդունման գործընթացին կամ պարտադրել սեփական տեսակետները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: