ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

 Կոնգրես-ՀԺԿ  քաղաքական դաշինքը ձևավորվել է  2017 թվականի փետրվարին: Դրա կազմում ընդգրկված են  Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը: Դաշինքը հանդես է գալիս «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Կոնգրես-ՀԺԿ քաղաքական դաշինքի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի հետ:

 Ստորև ներկայացված են Կոնգրես-ՀԺԿ դաշինքի մոտեցումներն ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ: Հատկանշական է, որ ներկայացվող վերլուծական տեղեկանքի նպատակը դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մատչելի ներկայացում է, ուստի այս դաշինքի մեջ մտնող կուսակցությունների ծրագրային հնարավոր տարբերությունները չեն դիտարկվել:

 Ղարաբաղյան հիմնախնդիր

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրի համաձայն՝  Հայաստանի  և  Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր: Արման Մուսինյանի խոսքով՝ Հայաստանի առջև ծառացած միակ գերագույն խնդիրն Արցախյան հակամարտությունն է, որի կարգավորման արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքական բարդությունների 95%-ը կվերանա:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի մեկնաբանությամբ՝ հաշտությունը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Դաշինքի նախընտրական ծրագրում ներկայացված դրույթների համաձայն՝ հաշտությունը վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակչության կորուստներին՝ հնարավորություն տալով դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները փաստում են, որ խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերին, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների բարձրացմանը և արտագաղթի նվազեցմանը, այլև պայմաններ կստեղծի երկիրը լքած համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար:

Արման Մուսինյանի պնդմամբ՝ պետք է ներդրվեն բոլոր ջանքերը խաղաղ կարգավորման և փոխզիջումային լուծման ուղղությամբ, քանի որ Հայաստանի երկարաժամկետ, ռազամավարական, կենսական շահերից է բխում համաձայնվել խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում դաշինքն անհրաժեշտ է համարում շուտափույթ իրագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագիրը՝ վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։

 Հայ-թուրքական հարաբերություններ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բխեցնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: Արման Մուսինյանի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո և միգուցե զուգահեռ: Դաշինքի նպատակն է՝ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։

Մուսինյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները նշում են, որ վերոնշյալ խնդիրների կարգավորման արդյունքում հնարավոր կլինի հասնել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային և ավիացիոն բոլոր երթուղիների ապաշրջափակման, ինչպես նաև մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին և նախագծերին։

 ՀՀ-ՌԴ/ՀՀ-ԱՄՆ/ ՀՀ-ԵՄ/ ՀՀ-Վրաստան/ՀՀ-Իրան

Ուժային կենտրոնների (օր. ՌԴ, ԱՄՆ, ԵՄ) և հարևանների (Վրաստան, Իրան) հետ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագիրն առանձին բաժին չունի: Արման Մուսինյանի խոսքով՝ ՀՀ-ն պետք է հասնի նրան, որ չունենա ոչ մի թշնամի երկիր: Անդրադառնալով ուժային կենտրոններին՝ Մուսինյանը «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում կարևորել է ԱՄՆ-ի հետ  հարաբերությունների խորացումը, քանի որ վերջինս կարևորագույն համաշխարհային դերակատար է, ինչպես նաև կարևորագույն տնտեսական և քաղաքական գործընկեր:

 Մուսինյանի պնդմամբ՝ նույնպիսի տեսլական պետք է ունենալ նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեսքտում: Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, Մուսինյանը պնդում է՝ բացի այն հանգամանքից, որ ՌԴ-ն ՀՀ քաղաքական և տնտեսական գործընկերն է, երկկողմ հարաբերություններում առկա է սերտ խորացված ռազմական համագործակցություն, որը Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային բաղադրիչ է:

 Անդրադառնալով Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին՝ Մուսինյանը փաստել է  այս երկրների հետ երկկողմ հարաբերությունների թերզարգացած լինելու մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորինս խորացնել տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցությունը Վրաստանի և Իրանի հետ:

 ՀՀ ինտեգրացիոն գործընթացներ

Այս հարցի առնչությամբ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրում որևէ անդրադարձ չկա, Արման Մուսինյանը կարևորում է բոլոր երկրների հետ ՀՀ բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

 Սփյուռք

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագիրը չունի առանձին բաժին՝ նվիրված սփյուռքին: Այս հարցի առնչությամբ Մուսինյանը հարցազրույցի ժամանակ ընդգծել է, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները խաթարված են. «Կան դեկլարատիվ հայտարարություններ, բայց ոչ տնտեսական ազատություններն են գործում, ոչ մարդու իրավունքների ոլորտն է մխիթարական վիճակում»:

Նրա դիտարկմամբ ՀՀ-Սփյուռք հարաբերությունների համար ընդհանուր օրակարգը պետք է հիմնվի հետևյալ առանցքային դրույթների շուրջ. առողջ և մրցակցային քաղաքական  համակարգ, արդար ընտրություններ, մարդու իրավունքների ապահովության պատշաճ  մակարդակ, անկախ դատարաններ (դրանք ապահովության զգացում կտան ձեռներեցներին՝ Հայաստանում ներդրումներ անելու համար) և Ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Մուսինյանի համոզմամբ՝ եթե չկա ուժեղ Հայաստան, Սփյուռքը նույնպես հայտնվելու է տարատեսակ բարդությունների առջև: «Սփյուռքը պետք է ակտիվորեն ներգրավվի Հայաստանի քաղաքական, մարդու իրավունքների, տնտեսական խնդիրների լուծման մեջ, և այս առումով Հայաստանում պիտի ստեղծվեն նպաստավոր պայմաններ, ինչն այսօր չկա»:

Ի՞նչ նորույթ է առաջարկում դաշինքը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածում որոշակի նորույթ պարունակող կամ քիչ շրջանառված թեզերից կարելի է առանձնացնել Ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների անհրաժեշտության բարձրաձայնումը՝ խաղաղության հաստատման համատեքստում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: