ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը  նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրարշավին մասնակցող 9 քաղաքական ուժերից մեկն է: Խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հանդես է գալիս  «Մենք կարող ենք» կարգախոսով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանի հետ:

Փորձենք ներկայացնել կուսակցության  մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ:

Ղարաբաղյան հիմնախնդիր

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՀՀ արտաքին քաղաքակնության առաջնահերթություններից մեկը համարում է Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը և Արցախի անվտանգության ապահովումը:

Ըստ նախընտրական ծրագրի՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության խարիսխը հայկական մարտունակ բանակն է, նրան անվերապահ զորակցող ու վստահող հասարակությունը, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ խորհրդարանական ու ժողովրդական ակտիվ դիվանագիտությունը, նրան մատակարարող հայրենական, առաջանցիկ ռազմաարդյունաբերական համալիրը, մրցունակ ու զարգացող տնտեսությունը, քաղաքական ու մյուս համակարգերը:

 «Հարկավոր է պահանջել ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնում, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառում: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության պահանջ, պատերազմի ու մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցում»,-ասվում է ծրագրում:

Ծրագրում ասված է նաև, որ Արցախի ու Հայաստանի ժողովրդի կամքը, որն արտացոլված է նրանց Սահմանադրությամբ ամրագրված դրույթներում և պայմաններում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Արցախի սահմանների ճշգրտման ու տարածքային հարցերի կարգավորման վերաբերյալ, շրջանցող որոշումները իրավական ուժ և լեգիտիմություն չունեն: Նշված է նաև, որ Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական է: Միևնությն ժամանակ կուսակցությունը անհրաժեշտ է համարում Արցախի վերադարձը բանակցային գործընթաց:

«Արցախի խնդրի միջազգային ասպեկտը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում: Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ ու փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով:

Ըստ կուսակցության՝ Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին»,-ասվում է ծրագրում:

Ինչպես «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է Ազատ դեմոկրատների ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, Արցախի ճանաչումը պետք է կախված լինի ոչ թե Ադրբեջանի կամքից, ինչպես վերջին տասնամյակների բանակցային գործընթացում է  դրված, այլ պետք է  պայմանավորված լինի բացարձակապես օբյեկտիվ իրողություններով, ինչպիսիք միջազգային չափանիշներն են: 

Հայ-թուրքական հարաբերություններ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի բացումը, ենթակա չէ որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում: Ըստ կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի՝ Թուրքիայի կողմից ՀՀ ապաշրջափակումը, պետք է իրականացվի միակողմանի քայլերով, ինչպես որ դա կատարվել է միակողմանի, և վերջապես ամենակարևորը՝ առանց նախապայմանների:

Միևնույն ժամանակ նշվում է, որ, երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներն ու անկաշկանդ երկխոսությունը, անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշման, այդ ուղղութամբ միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման:

Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանության, դրա միջազգային ճանաչման վերբերյալ կուսակցության նախընտրական ծրագիրը առանձին դրույթ չի պարունակում: Ինչպես ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը, կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնի», և այս մոտեցումը պետք է ընկած լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում:

Տարածաշրջանում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի խնդիրներն ու վեճերը խաղաղ բանակցություններով, իր ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության ու միջազգային իրավունքին համահունչ լուծելու սկզբունքներով:

 ՀՀ-ՌԴ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները մշտապես կառուցված են եղել երկկողմ ձևաչափով, ըստ այդմ՝ դրանք պետք է տարանջատել ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ հարաբերություններից: «Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության, իրավահավասարության, շահերը փոխադարձաբար հարգելու ու բավարարելու սկզբունքների հիման վրա»,-ասված է ծրագրում: Ծրագրում նաև կարևորվում է Հայաստան-Ռուսաստան գազային պայմանագրերի դրույթների համալրումն այնպիսի կարգավորումներով, որոնք Գազպրոմի համար պարտադիր կդարձնեն իրեն պատկանող գազատարով իրանական գազի տեղափոխությունը և տարանցումը:

Այս առնչությամբ Ազատ դեմոկրատների կողմից առաջադրված Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, նշել է. «Հայ-ռուսական հարաբերությունները պարզապես պետք է  փրկել գահավիժումից, քանզի  դրանք  հանգեցրել են ՀՀ շահերի անտեսմանը: ՀՀ և ՌԴ հարաբերությունները պետք է լինեն իրավահավասար, պետք է հիմնվեն փոխօգնության, փոխադարձ շահերի և զգայունություն ներկայացնող խնդիրների նկատմամբ վերին աստիճանի ուշադիր և հարգալից վերաբերմունքի վրա»:

ԵԱՏՄ/ՀԱՊԿ անդամակցություն

Իր նախընտրական ծրագրում կուսակցությունը կարևորում է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության դադարեցումը: Ըստ կուսակցության` անդամակցությունն այդ կառույցին «տնտեսական զարգացման ու անվտանգության ամրապնդման խոստացված արդյունքները չի բերել ու չի կարող բերել, այլև վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից մինչև տնտեսություն:»

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը, ապա կուսակցության նախընտրական ծրագրում նախատեսվում է ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերի վերանայում՝ հասնելով նրան, որ ընդունվեն դրանց լրացուցիչ արձանագրություններ՝ երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ: Նման վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Անվտանգության տարբերակված քաղաքականություններ վարելու իրավական սահմանափակումներ են ամրագրվել ՀԱՊԿ շրջանակներում, որոնք կիսել են Հայաստանի ինքնիշխանության իրավունքը հակաօդային պաշտպանության, ցամաքային զորքերի հրամանատարության, սահմանների վերահսկողության և այլ հարցերում:
Չավելացնելով մեր անվտանգության մակարդակը՝ վերոնշյալ կազմակերպություները փաստացի վեր են ածվել Հայաստանի վրա տնտեսական և ռազմաքաղաքական ճնշման հարթակի անգամ Ադրբեջանի համար»:

ՀՀ-ԵՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Եվրոպական ինտեգրումը համարում  է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն, իսկ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական: Հայաստանի տեղը համաեվրոպական ընտանիքն է: Կուսակցության նախընտրական ծրագրում նշված է. «ԵՄ հետ ստորագրելիք նոր պայմանագիրը դարձնել ավելի համընդգրկուն՝ դրանում ներառելով խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, վիզաների ազատականացման բաղադրիչները: ԵՄ հետ ստորագրել «Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որպես լիիրավ անդամ անդամակցել Եվրոպական էներգետիկ համայնքին»:

Կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝  ՀՀ-ն և հայ հասարակությունն օբյեկտիվորեն պատկանում են եվրոպական քաղաքակրթական ընտանիքին, ինչպես և հետխորհրդային բազում և բազում պետություններ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի Դաշնությունը: Ըստ նրա՝ մեր քաղաքակրթական ընթացքը և ուղղվածությունը՝ դեպի Եվրոպան է, բայց սա ամենևին չի նշանակում հարաբերությունների խզում մնացածի հետ: Պետականության հրատապ կայացման խնդիրը պահանջում է  եվրոպական արժեքների վրա կառուցված արդյունավետ, լավ իմաստով ագրեսիվ, նախաձեռնող պետության կայացում:

Կուսակցությունը կարևորում է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ միջազգային, տարածաշրջանային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքական կշռի և անվտանգության մակարդակի բարձրացման, հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու առումներով՝ այդ կառույցին անդամակցությունը որպես հեռահար նպատակ ունենալով։ Նախատեսվում է նաև հայկական զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, շեշտակի բարձրացնել նրա կարողություններն ու մարտունակությունը, այդ թվում՝ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցության ճանապարհով, ուժեղացնել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, բանակ-հասարակություն կապը:

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններ

Ըստ «Ազատ դեմոկրատներ»-ի  նախընտրական ծրագրի՝ Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է կառուցվեն ռազմավարական գործընկերության և համագործակցության սկզբունքների հիման վրա: Նախատեսվում է ընդլայնել ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական, էներգետիկ և բնագավառներում համագործակցությունը՝ ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի հայ-ամերիկյան հարաբերությունները ունեն զարգանալու շատ մեծ ներուժ, քանզի ԱՄՆ-ն առաջատար երկիր է աշխարհում, և մեր անվտանգությունն  իրականում չի կարող պայմանավորված չլինել նման խոշոր դերակատարների հետ լավ հարաբերություններ ունենալուց:

ՀՀ-Իրան/ՀՀ-Վրաստան

Հայաստանի հարևան Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները ևս տեղ են գտել կուսակցության նախընտրական ծրագրում: Ընդ որում, Իրանը դիտարկվում է, որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր, իսկ Վրաստանը՝ Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որոնց հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը այլընտրանք չունեն: Ըստ կուսակցության՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը, որի նպատակը Հայաստանի զարգացումը հետ գցելն է, եթե անգամ դժվար է ճեղքել, ապա այն պետք է արժեզրկել՝ Հայաստանի ու Արցախի հզորացման այլ ուղղություններ զարգացնելով. այդ առումով իրանական ու վրացական ուղղություններով առկա ներուժը Հայաստանի կողմից ամբողջությամբ իրացված չէ: Սաֆարյանի խոսքով, «երբ կկարողանանք դա  անել, այդ ժամանակ նրանք կհասկանան, որ սահմանների արգելափակումը վնասում է միայն իրենց և հետևաբար այդ հարաբերություններում այդ  տանդեմն այնքան վտանգավոր չի լինի Հայաստանի համար, որքան այժմ է»:

Կուսակցությունը նախատեսում է Իրանի հետ բանակցել գազի ներմուծման նոր պայմանագրի կնքման շուրջ՝ ռուսական գազի ներմուծումից կախվածությունը փոքրացնելու և բնագավառում մենաշնորհը վերացնելու նպատակով: «Ակտիվորեն ներգրավվել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի կյանքի կոչման և իրականացման աշխատանքներին: Իրանի հետ կնքել Ազատ առևտրի համաձայնագիր, Իրանի և շահագրգիռ այլ կողմերի հետ համագործակցաբար իրականացնել Իրան-Հայաստան նավթամուղի և նավթային ապրանքի տերմինալի կառուցման նախագիծը: Քննարկել նաև փոքր հզորության նավթավերամշակող գործարանի կառուցման հնարավորությունները, Իրանի և շահագրգիռ այլ կողմերի հետ քննարկել Հայաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա արտահանելու հնարավորությունները»,- ասված է ծրագրում: :

Սփյուռք

Ինչպես ամրագրված է նախընտրական ծրագրում, կուսակցությունը նախատեսում է Սփյուռքի տնօրինած կապիտալը (տարբեր հաշվարկներով՝ 440-450 մլրդ ԱՄՆ դոլար) Հայաստանի տնտեսություն ուղղորդել Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի միջոցով: Ստյոպա Սաֆարյանը հարցազրույցում ընդգծել է, որ Սփյուռքի ոչ համասեռությամբ պայմանավորված, այն 100 տոկոսով համախմբելը միգուցե իրատեսական չէ, բայց մի բան ակնհայտ է, որ դա մի հարաբերություն է, որտեղ պետք է  արտացոլվեն երկու կողմերի շահերը: Հենց այդ երկկողմ շահերի վրա էլ, ըստ նրա, պետք է ձևավորել միասնական օրակարգ:

Ի՞նչ նորույթ է առաջարկում կուսակցությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածում որոշակի նորույթ պարունակող կամ քիչ շրջանառված թեզերից կարելի է առանձնացնել ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու, ՀԱԿՊ հիմնարար պայմանագրերի վերանայելու, Հայաստան-Ռուսաստան գազային պայմանագրերը համալրելու, ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրելու թեզերը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: