ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ ընտրություններ. հիմնական թերություններն ու բարելավումներն՝ ըստ միջազգային դիտորդների

Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրն իր նախնական եզրակացությունը (միջանկյալ զեկույցը) հրապարակեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ): Նախնական հայտարարությունը հանդիսանում է ոչ միայն դիտորդական առաքելություն իրականացնող հիմնական կառույցի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, այլ նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը: Կարելի է ենթադրել, որ աշխատանքի նման համադրումը միջազգային դիտորդներին արդյունավետ աշխատանքի  հնարավորություն է տվել՝ այն դարձնել առավել համընդգրկուն և խորը:

Հատկանշական է, որ հրապարակված հայտարարությունում նշված է, որ ընտրությունները «լավ կազմակերպված էին և հիմնարար ազատությունները գլխավորապես հարգվել են»: Այս ձևակերպումը բավական կարևոր է, և, ըստ  էության, կդառնա  խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից պատրաստվող ամբողջական զեկույցի հիմքը:

Դիտորդների կողմից արձանագրված և հայտարարությունում տեղ գտած հիմնական խնդիրներն են՝ ձայների գնումը, պետական ծառայողների նկատմամբ ճնշումները և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակասը: Մյուս խախտումներն այս կամ այն չափով ածանցված կամ երկրորդական բնույթ են կրում:

Ձայների գնման դեպքերը թերևս նորություն չեն, սակայն, հատկանշական է, որ զեկույցում չկա ձայների գնման դեպքերի մասնավորեցում, չեն նշվում այդ քաղաքական ուժ/ուժերը (չենք կարող բացառել, որ դա լինի վերջնական զեկույցում), ինչը հրավիրված ասուլիսի ժամանակ նույն դիտորդները բացատրեցին փաստերի բացակայությամբ: Երկրորդ խնդրի՝ ճնշման դեպքերի հետ կապված, թերևս կարելի է պնդել, որ ընտրված «ճնշում» տերմինն այդքան էլ հաջող չէր: Ճնշումը ենթադրում է հետևողական հսկողություն և քաղաքացու ընտրությունն իմանալու հնարավորություն, սակայն ներդրված տեխնոլոգիաները և ընթացակարգը գրեթե լիովին երաշխավորում էին ընտրախցիկում քաղաքացու ազատ կամարտահայտումը, ինչը հաստատում են նաև դիտորդները: Բացի այդ, ճնշումը ենթադրում է նաև որոշակի հետևանքներ, սակայն գոնե մինչ օրս անգամ մամուլում չենք հանդիպել «հաշվեհարդարների» աղմկահարույց միջադեպերի: Ճնշման փոխարեն կարելի էր կիրառել «ուղղորդում» տերմինը: Այս երևույթը ևս նորություն չէ, սակայն, դրա արդյունավետությունն այս ընտրություններին, մեղմ ասած, վիճելի է, եթե հաշվի առնենք քվեախցիկում քաղաքացու ազատ կամարտահայտման հնարավորությունը:

Առաքելության հայտարարությունում առանձնացված հաջորդ գլխավոր թերությունն ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահության պակասն է: Նշված խնդիրը բավական բարդ է, իսկ դրա հաղթահարումը՝ երկարաժամկետ գործընթաց: Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ, այնուամենայնիվ, ձեռնարկվել են որոշ քայլեր՝ ուղղված ընտրական գործընթացի նկատմամբ վստահության կառուցմանը:

Արձանագրված որոշ թերությունների հետ մեկտեղ դիտորդական առաքելության նախնական հայտարարության մեջ արձանագրվել են նաև ընտրական գործընթացի դրական կողմերը: Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների՝ այս ընտրություններում, ըստ դիտորդական առաքելության, բավական մեծ բարելավումներ (ընթացակարգեր, ուղեցուցներ, աշխատանքի թափանցիկություն և այլն) են արձանագրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքում: Նշվում է, որ քվեարկողների ավտոմատացված սարքերի շնորհիվ քվերակության ընթացքը եղել է արդյունավետ:

Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական հայտարարության՝ այս ընտրությունների հայտարարությունը բարելավում է արձանագրում նաև ընտրողների ցուցակների ճշգրտության հարցում,  ինչը պայմանավորում է միջինստիտուցիոնալ համագործակցությամբ:

Հայտարարությունում բավական հետաքրքիր պատկեր է լրատվամիջոցների հետ կապված: Ըստ դիտորդների՝ հեռարձակվող ԶԼՄ-ների սեփականատերերի միջամտությամբ սահմանափակվում է  խմբագրական ինքնուրույնությունը: Տվյալ դիտարկումը կարելի է համարել ոչ ամբողջական, եթե հաշվի առնենք, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից 3-ն ունեն իրենց «կուսակցական» հեռուստաալիքները և իշխանությունների քննադատության հարցում առավել քան ազատ են եղել: Ինչ վերաբերում է Հ1 հեռուստաալիքին, ըստ դիտորդների, իր լրատվական թողարկումներում այն հավասարապես լուսաբանել է բոլոր մասնակցներին: Զեկույցում ընգծվում է, որ չկա որէ միջամտություն ինտերնետ ազատությանը, իսկ օնլայն լրատվական աղբյուրներն էլ նպաստում են լրատվամիջոցներում քաղաքական բազմակարծության աճին:

Ըստ դիտորդների, խորհրդարանական այս ընտրություններում բավական կարևոր առաջընթաց է (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների հիման վրա) գենդերային քվոտայի ամրագրումը և թափուր տեղերի բաշխման սկզբունքը (այն անցնելու է ոչ թե ցուցակի հաջորդ համարին, այլ հաջորդ կին թեկնածուին): Այս նորամուծությունը բավական դրական է, եթե հաշվի առնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում կին թեկնածուների մասնակցության հետ կապված մտահոգություններ կային: Դիտորդական առաքելության կողմից բավական դրական է գնահատվում նաև ազգային փոքրամասնություններին մանդատների տրամադրումը:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներն ընդհանուր առմամբ կանխատեսելի էին՝ թե՛ թերացումների, թե՛ արձանագրված առաջընթացի մասով: Հատկանշական է, որ ՀՀ ընտրական իրավունքի զարգացման և ընտրական գործընթացների կատարելագործման տեսանկյունից մեզ համար առավել արժեքավոր կլինի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաջիկայում ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ կողմից հրապարակվելիք վերջնական զեկույցը, որը կներառի նաև տարբեր  բարելավումների առաջարկներ, որոնք, իհարկե, չպետք է անտեսվեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: