ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հս. Իռլանդիայի հարցը կարող է օգտագործվել Միացյալ Թագավորության դեմ

AP Photo

Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-Միացյալ Թագավորություն բանակցություններում փորձում է իր համար առավել նպաստավոր պայմաններ ստանալ, ինչը կարող է նոր խնդիրներ ստեղծել Լոնդոնի համար:

Ապրիլի 29-ին ԵՄ գագաթաժողովի ընթացքում ընդունվեց Brexit-ի շուրջ ԵՄ-Մեծ Բրիտանիա բանակցությունների ուղեցույցը, որում այլ հարցերի շարքում անդրադարձ կա նաև Հյուսիսային Իռլանդիային և Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանին: Ընդունված փաստաթղթում կարևորվում է Բելֆաստի համաձայնագրի պահպանումը, ընդգծվում է, որ Իռլանդիայի հարցում անհաժեշտ են «ճկուն և երևակայություն պահանջող լուծումներ, այդ թվում՝ բացառող կոշտ սահմանները՝ միաժամանակ հարգող Միության իրավական դաշտի միասնականությունը»: Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր խոսքում նշել է, որ ՄԹ-ի հետ ԵՄ ապագա հարաբերությունների մասին խոսելուց առաջ հարկավոր է զգալի արդյունք արձանագրել քաղաքացիների իրավունքների, ֆինանսների և Իռլանդիայում սահմանների հարցերում: 

Գագաթաժողովի նախօրեին Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին խնդրել էր փաստաթղթում ներառել նաև պարբերություն, որով կամրագրվեր, որ Իռլանդիան կարող է միավորվել և այդ դեպքում Հյուսիսային Իռլանդիան կդառնա Եվրամիության մաս: Ելնելով փաստաթղթից, այս ձևակերպումը ԵՄ կողմից չի ընդունվել:

Բելֆաստի համաձայնագիրը նախատեսում է, որ ցանկացած պահի, երբ Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը կամարտահայտման միջոցով իր ցանկությունը կհայտնի միավորվել Իռլանդիայի Հանրապետության հետ, բոլոր կողմերի պարտավորությունն է ընդունել այդ որոշումը և համապատասխան կարգավիճակ շնորհել միավորին: Սակայն, դրա համար հարկավոր է հանրաքվե անցկացնել, իսկ Հյուսիսային Իռլանդիայի վարչապետի խոսքերից ելնելով, այսօր նման հանրաքվե անցկացնելու համար հարմար պահը չէ:

Փաստացի, Հյուսիսային Իռլանդիան այսօր ոչ թե միանշանակ մտադրություն ունի լքել Միացյալ Թագավորությունը և միանալ Իռլանդիայի Հանրապետությանը, այլ ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ նման ցանկության դեպքում կկարողանա անմիջապես Եվրամիության կազմում ընդգրկվել՝ խուսափելով անդամակցության երկարատև գործընթացից: Հյուսիսիռլանդական կառավարությունը շատ լավ հասկանում է, որ Brexit-ին իռլանդացիների դեմ քվեարկելը դեռևս չի նշանակում Միացյալ Թագավորությունը լքելու ցանկություն, և նման գործընթացի մեկնարկը կարող է նոր թափ հաղորդել մեծ դժվարությամբ մարած հյուսիսիռլանդական հակամարտությանը՝ հաշվի առնելով ուժերի ներքին հարաբերակցությունը:

Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության պետքարտուղար Դեյվիդ Դեյվիսն, իր հերթին, պաշտոնական նամակով հայտարարել է, որ Հյուսիսային Իռլանդիան կկարողանա դառնալ Եվրամիության անդամ երկրի մաս, եթե քվեարկի ՄԹ կազմից դուրս գալու օգտին, ԵՄ-ին նոր անդամի կարգավիճակով անդամակցության ձգտելու փոխարեն, հայտնում է BBC-ն:

Հյուսիսային Իռլանդիայի գործոնն այսպես թե այնպես ԵՄ-Բրիտանիա օրակարգի կարևոր դրույթ է, քանի որ բոլոր կողմերը գիտակցում են Բելֆաստի պայմանավորվածությունները կատարելու՝ այն է Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև խորը և անխափան համագործակցության պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը, որպես տարածաշրջանի կայունության, կոնֆլիկտի վերսկսում թույլ չտալու կարևոր գործոն: Դրանով կարող է պայմանավորված լինել Տուսկի հայտարարությունը՝ «կոշտ սահմաններ» թույլ չտալու վերաբերյալ, և Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը՝ ցանկության դեպքում ԵՄ կազմում ընդգրկվելու Հյ. Իռլանդիայի հնարավորության մասին: Այս իրավիճակում Հյուսիսային Իռլանդիան փորձում է ստանալ գրավոր ամրագրված երաշխիքներ՝ առնվազն այս պահին նպատակ չհեպնդելով դուրս գալ ՄԹ կազմից:

Այլ հարց է, որ  կախված Brexit-ի շուրջ բանակցությունների ընթացքից և կողմերի ակնկալիքների արդարացման աստիճանից՝ Հյուսիսային Իռլանդիայի հարցը կարող է նոր ակտուալություն ստանալ, այդ թվում՝ օգտագործվելով Միացյալ Թագավորության դեմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: