ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն Ադրբեջանի սադրանքներին պատասխանում է մուսուլմանական երկրների հետ կապերի ընդլայնմամբ

2017 թվականն «իսլամական համերաշխության» տարի հայտարարած Ադրբեջանը շարունակ քայլեր է ձեռնարկում «իսլամական համերաշխության» գաղափարը բացառապես իր սեփական շահերին ծառայեցնելու և Հայաստանի ու իսլամական աշխարհի միջև թշնամության պատրանք ստեղծելու համար: Բաքուն ամեն կերպ փորձում է օգտագործել իսլամական գործոնը Ղարաբաղյան հակամարտության հարցում «իսլամական միասնություն» ձևավորելու և իսլամական կազմակերպություններում հակահայկական հայտարարություններ և բանաձևեր կորզելու համար:

Ադրբեջանական հերթական սադրանքի հեղինակն անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր, ով օրեր առաջ Իսլամական համագործակցության կազմակերպության[1] տպագիր օրգանում հոդված հրապարակեց «Իսլամական համերաշխության ուժեղացումը՝ ժամանակի հրամայական» վերտառությամբ: Այդ հոդվածում Ադրբեջանի նախագահը կոչ է անում մուսուլմանական երկրներին հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից, քանի որ, ըստ Ալիևի, Հայաստանը «հարված է հասցել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իսլամի պատմամշակության ժառանգությանն ընդհանրապես»: Այս մոտեցումն, իհարկե, նորություն չէ ադրբեջանական քաղաքականության համար: Վերջին տարիներին մենք հաճախ ենք ականատես լինում իսլամական աշխարհին ուղղված Ադրբեջանի հորդորներին, որոնք կոչ են անում հավատարիմ մնալ «իսլամական համերաշխության» գաղափարներին և «իսլամական ումմայի» շահերին (թեև Ադրբեջանն ամենից հաճախ է դավաճանում «իսլամական համերաշխության» գաղափարը, այդ թվում նաև Իսրայելի հետ):

Պետք է փաստել, որ Հայաստանը, բարեբախտաբար, մշտապես խուսափել է ադրբեջանական սադրանքներին տրվելուց և չի շարժվել իսլամական քաղաքակրթությանը եվրոպականը հակադրելու ճանապարհով, ինչն, ինքնին, խիստ վտանգավոր է: Փոխարենը, Հայաստանն ադրբեջանական սադրանքներին պատասխանել է նույն իսլամական երկրների հետ սերտ համագործակցությամբ: Մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես իր կարևոր տեղն է ունեցել ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում: Իրանի, ինչպես նաև արաբական բազմաթիվ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները մշտապես ավանդական բնույթ են կրել: 

Վերջին շրջանում ակտիվ զարգացող ուղղություններից է նաև Պարսից ծոցի տարածաշրջանը, որի երկրների (ի դեպ՝ սուննիական) հետ Հայաստանի համագործակցությունը բոլորովին նոր մակարդակ է տեղափոխվում: Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, իսկ հիմա նաև Կատարի հետ Հայաստանի հարաբերությունները նոր որակ են ստանում: Ընդ որում, շեշտը դրվում է ոչ միայն  տնտեսական համագործակցության, այլ նաև քաղաքական երկխոսության խորացման վրա: Մայիսի 14-15-ին ՀՀ նախագահի այցը Կատար (նախկինում ՀՀ նախագահի միակ այցը Կատար տեղի է ունեցել 2002 թվականին) նպատակ էր հետապնդում գործնական բնույթ հաղորդել արաբական և իսլամական աշխարհում զգալի կշիռ ունեցող այս միապետության հետ Հայաստանի հարաբերություններին: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական շփումների, մասնավորապես՝ արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն կտա տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:

Ավելին, հենց Դոհայում Սերժ Սարգսյանը հնչեցրել է հայկական կողմի դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ վստահեցնելով, որ ցանկացած իրավիճակում «տեր ենք կանգնելու արցախահայության արդարացի պահանջին»: Իր հերթին, Կատարի էմիրը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի»:

Հայ-կատարական բարձր մակարդակի բանակցությունները հերթական անգամ փաստում են, որ իսլամական գործոնը Հայաստանի դեմ օգտագործելու ադրբեջանական ջանքերը դատապարտված են տապալման, և իսլամական կազմակերպությունների շրջանակներում կորզվող հակակայկական բանաձևերն ու հայտարարությունները որևէ կշիռ կամ ազդեցություն ունենալ չեն կարող:

 



[1] ԻՀԿ-ն ՄԱԿ-ից հետո երկրորդ ամենամեծ միջկառավարական կազմակերպությունն է: Ստեղծվել է 1969 թվականին: Այսօր ԻՀԿ-ն 57 անդամ-երկիր ունի: Իր գոյության առաջին տասնամյակների ընթացքում ԻՀԿ-ն հիմնականում կենտրոնացել է Պաղեստինի խնդրի, իսլամական սրբավայրերի պաշտպանության և անդամ-պետությունների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման վրա: Տասնամյակներ շարունակ ԻՀԿ-ն ներքին տարաձայնությունների և հակամարտությունների պատճառով չի կարողացել ներկայանալ որպես մեկ միասնական կազմակերպություն: 2000-ական թվականներից բարեփոխումներ սկսվեցին կազմակերպության ազդեցությունը միջազգային ասպարեզում ուժեղացնելու ուղղությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: