ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ նախագահ. անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում և՛ այն ժամանակ, և՛ այսօր

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.

 «Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Այս օրը մենք առանձնահատուկ կերպով ենք զգում անկախ ապրելու հպարտությունն ու գիտակցում դրա արժեքը: Երբ մոտ 100 տարի առաջ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, իրավիճակն իսկապես օրհասական էր, հերոսություն և անձնազոհություն, առավելագույն ջանք և անկեղծ նվիրում պահանջող: և այդ ժամանակ առավել քան ցայտուն դրսևորվեցին մեր ժողովրդի միասնությունը, խելամտությունը, նպատակասլացությունն ու հաղթելու ավանդույթը: Դժվար է պատկերացնել անկախության հռչակումն առանց Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակների:

Շուրջ մեկ դար առաջ այս օրերին մեր ժողովուրդը հստակորեն գիտակցում էր, որ միայն ազատությունը կարող է պահպանել մեզ ու մեր երկիրը: և մեր նախնիներն անձնվիրաբար պայքարեցին ձեռք բերելու այն ազատությունը, որը եկավ անկախության տեսքով, որին հասնելու համար մեկտեղեցինք սեփական ուժերի և արդարության հանդեպ հավատն ու վստահությունը, սեփական պատմությունն ու արժեքները պահպանելու ձգտումը, սեփական արժանապատվության բարձր գիտակցությունը:

Անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում և՛ այն ժամանակ, և՛ այսօր: Այն չէր խոստանում նյութական բարեկեցություն, սակայն ի դեմս անկախության և ազատության, ընձեռում էր հնարավորություն` ստեղծելու այդ բարեկեցությունը և տեր լինելու սեփական ճակատագրին: 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական շահերի բախումների հետևանքով Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Այսօր, նույն շահերի ավելի կատաղի բախումները մեզ պարտադրում են պետություն կառուցելու, ազատությունը պաշտպանելու՝ շուրջ հարյուրամյա, բայց միշտ արդիական դասերը հաշվի առնելով, ավելի արժևորել ազատությունն ու անկախությունը, ավելի շրջահայաց և ավելի կշռադատված լինել պետականաշինության գործընթացում, ավելի համախմբված և հաստատուն ընթանալ հռչակված նպատակներին հասնելու ուղղությամբ, ավելի վստահորեն ու լավատեսորեն քայլել դեպի այն Հայաստանը, որն իբրև հասանելի նպատակ դրված էր դեռ Առաջին հանրապետությունը հռչակողների պատկերացումներում և ձեռնարկների հիմքում` դեպի ուժեղ, բարեկեցիկ ու հզոր Հայաստանը:

Նորովի արժևորենք ինքնավստահության այն զգացումը և շարունակենք համերաշխության ու միասնության այն մթնոլորտը, որ կար Առաջին հանրապետությունը հռչակելիս, երբ ամենից կարևորը հայրենիքն էր` Հայաստանի Հանրապետությունը, երբ միմյանց թիկունք կանգնած նախարարին, զինվորականին, աշխատավորին, շինականին միավորում էին անկեղծ ու անվերապահ սերը և հավատն իրենց վաղվա օրվա հանդեպ:

ևս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն, առողջ, երջանիկ և բարեկեցիկ կյանք»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: