ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-Եվրոպա. խնդիրը ժողովրդավարությո՞ւնն է, թե՞ կրոնը

ИноСМИ

 Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի մասին բանաձև, որը կոչ է անում Եվրամիությանն ու Եվրահանձնաժողովին անհապաղ դադարեցնել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ տարվող բանակցությունները, եթե վերջինիս իշխանություններն անհրաժեշտ փոփոխություններ չկատարեն սահմանադրական բարեփոխումներում:

Խորհրդատվական բնույթ կրող բանաձևին կողմ քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 64, հայտնում է РИА Новости-ն:  

Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության մասին բանակցությունները պետք է դադարեցվեն նաև այն դեպքում, եթե երկրում վերականգնվի մահապատիժը: Բանաձևը քննադատում է 2016 թվականի հուլիսի հեղափոխության անհաջող փորձին հաջորդած «լայնածավալ, անհամաչափ և մեծ թվով քաղաքացիների վրա երկարաժամկետ բացասական ազդեցություն ունեցող մեթոդները», այդ թվում՝ զանգվածային ձերբակալությունները, աշխատանքից խմբակային հեռացումները, մի շարք ԶԼՄ-ների, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների փակումը և այլն:  

Միաժամանակ, ընդունելով Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների կարևորությունը, մասնավորապես՝ միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, խորհրդարանականները մատնանշել են նաև Անկարայի կողմից ժողովրդավարության, օրինականության և հիմնարար իրավունքների պահպանման կարևորությունը կողմերի քաղաքական համագործակցության համատեքստում:

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ անդամակցության մասին բանակցությունների դադարեցումը կարող է հանգեցնել ամենաբացասական հետևանքների: Նա այդ որոշումն անվանել է «սարսափելի սխալ»: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն հստակ ներկայացնի ապագայի մասին իր պատկերացումները՝ նշելով այն տեղը, որն զբաղեցնելու է Թուրքիան:

Ինչևէ, օրերս Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը և իր քաղաքական թիմը ևս դեմ էին արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Այդ մասին ասվում է նրանց նախընտրական ծրագրում. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ այդ երկիրը չի կատարել անդամակցության համար ներկայացված նախապայմանները: Բացի այդ, մենք խորը մտահոգություն ենք ապրում Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես՝ խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ»:

Վերջին ամիսների ընթացքում Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները ճգնաժամ են ապրում: ԵՄ-ն քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդդիմության դեմ ճնշումների և իշխանությունն իր ձեռքերում կենտրոնացնելու փորձերի համար: Թուրքիան, ԵՄ հետ հարաբերությունների վատացման ֆոնին, սպառնում է Բրյուսելին չեղյալ հայտարարել  Եվրոպա մեկնող փախստականներին ընդունելու մասին համաձայնագիրը, հայտնում է Радио Свобода-ն: Բրյուսելի և Անկարայի միջև պայմանավորվածության համաձայն՝ բոլոր ապօրինի փախստականները, որոնք Թուրքիայի տարածքից հայտնվում են Հունաստանի կղզիներից որևէ մեկում, հետ են ուղարկվում Թուրքիա: 2016 թվականի մարտին այդ համաձայնագրի ստորագրումից հետո փախստականների հոսքը եվրոպական երկրներ կրճատվել է:

Նշենք, որ Էրդողանն իր հերթին ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիային ԵՄ չընդունելու գլխավոր գործոնը կրոնն է: Բացի այդ, նրա խոսքերով Թուրքիան հավերժ չի սպասելու «Եվրոպայի դարպասների» մոտ և պատրաստ է հրաժարվել բանակցություններից, եթե պահպանվի ԵՄ որոշ անդամ-պետությունների կողմից Թուրքիայի նկատմամբ ունեցած իսլամաֆոբիան և թշնամությունը:

Ակնհայտ է, որ ԵՄ հետ Թուրքիայի հակամարտությունը վաղուց էր հասունանում: Տասնամյակներ շարունակ երկիրը մնում է ԵՄ անդամակցության թեկնածու, սակայն Եվրոպայի մեծ թվով ղեկավարներ բազմիցս դեմ են հանդես եկել այդ երկրի ադամակցությանը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: