ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որտե՞ղ են բախվում ԱՄՆ և ՌԴ շահերը

CNN.com

Ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները շատերի համար կտրուկ և անսպասելի էին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի՝ ՌԴ հետ հարաբերությունները լավացնելուն ավելի վաղ ուղղված հայտարարությունների ֆոնին: Նրանից հետո, երբ G20 շրջանակներում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում, որը նախատեսված կես ժամի փոխարեն տևեց մոտ 2 ժամ, և կողմերն այն դրական գնահատեցին, շատերը  ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական զարգացումներ էին ակնկալում: Սակայն ակնկալիքները փոխվեցին, երբ  ՌԴ-ն պատասխանեց դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակարգի կողմից ռուս 35 դիվանագետների ԱՄՆ-ից արտաքսման որոշմանը (պահանջելով  ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի  թիվը մոտ 1.300 հասցնել 455՝ հավասարեցնելով ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական կորպուսի թվին) իսկ ԱՄՆ նախագահն, ի վերջո, ստորագրեց ՌԴ դեմ պատժամիջոցներ նախատեսող ԱՄՆ կոնգրեսի օրինագիծը:

Ստորև փորձենք հասկանալ ինչո՞վ կարող է պայանավորված լինել ռուս-ամերիկյան հարաբերություններում նման զարգացումները և ինչո՞ւ են դրանք տեղի ունենում հենց այս ժամանակահատվածում:

Հնարավոր պատճառների շարքում նախևառաջ պետք է դիտարկել ներկայումս ԱՄՆ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես, Թրամփի թիմի և կոնգրեսականների, ինչպես դեմոկրատների, այնպես էլ որոշ հանրապետականների միջև առկա հակասությունները:  Այս հակասությունների վառ դրսևորում կարելի է համարել ՌԴ-ի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ նախատեսող վերոնշյալ օրինագիծը, որով կոնգրեսականներին ի վերջո հաջողվեց սահմանափակել ԱՄՆ գործադիր իշխանության տվյալ երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և անհրաժեշտության դեպքում պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը: Ներկայիս օրինագծով սահմանվող պատժամիջոցները ստանում են օրենքի ուժ և չեն կարող չեղարկվել առանց ԱՄՆ կոնգրեսի հավանության: ԱՄՆ ներսում Թրամփի հասցեին ուղղված ռուսամետ քաղաքականություն վարելու, «ռուսական գործակալ» լինելու մեղադրանքների ֆոնին, ի վերջո նման օրինագծի ընդունումն առավել քան տրամաբանական էր: Անգամ եթե Թրամփը չստորագրեր օրինագիծը և օգտագործեր իր վետոյի իրավունքը, օրինագծի ընդունման գործընթացը նախատեսում էր, որ ԱՄՆ կոնգրեսն էլ իր հերթին կարող էր օգտագործել իր վետոյի իրավունքը՝ շրջանցելու նախագահի վետոն: Ուստի, Թրամփի թիմն ի վերջո հաստատեց օրինագիծը, որն, այսպես թե այնպես կնդունվեր, դրանով փորձելով հնարավորինս մեղմել իր հասցեին հնչող մեղադրանքները և խուսափել կոնգրեսականների իր դեմ ուղղված  հետագա քայլերից: Պատահական չէր, որ օրինագծի հաստատումից հետո Թրամփը նշեց, որ նա գնաց այդ քայլին ազգային միասնականության պահպանման համար: 

Այս համատեքստում պատահական չէին նաև ՌԴ կողմից օրինագծի վերաբերյալ ստացված արձագանքերը: Օրինակ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատժամիջոցների ընդունումից հետո հայտարարեց, որ դրանք ցույց են տալիս Թրամփի վարչակարգի անզորությունը և որ ԱՄՆ կոնգրեսը հետագայում նոր քայլեր կձեռնարկի, ի վերջո, Թրամփին նախագահի պաշտոնից հեռացնելու համար:

Ինչ վերաբերում է հնարավոր արտաքին քաղաքական դրդապատճառներին, ապա այս դեպքում ականատես ենք լինում ոչ միանշանակ պատկերի: Սիրիայի և Ուկրաինայի դեպքում առնվազն արտաքուստ ՌԴ և ԱՄՆ թվում է թե պատրաստակամ են համագործակցել: Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարներին հաջողվեց գալ համաձայնության Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարի պահմանման շուրջ: Բացի այդ Թրամփն ընդունեց որոշում դադարեցնել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմադիրներին, ովքեր ցանկանում են տապալել Ասադին, ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը:

Ինչ վերաբերում է Ուկրաինական ճգնաժամին, ապա այս դեպքում էլ կարծես թե կողմերը պատրաստակամ են համագործակցել,  ինչը դրսևորվեց ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններում Թրամփի թիմի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակմամբ:

Սակայն պատկերը լրիվ այլ է Արևելյան Եվրոպայի այլ երկրների դեպքում: Թրամփի վարչակարգի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայի երկրներում: Տարվա սկզբին ԱՄՆ-ից Լեհաստան մեկնեցին Սովետական միության փլուզումից ի վեր ամենամեծ թվով զինվորականներ (3500 զինվորական):  Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Ռումինային է վաճառելու 3.9 միլիարդ դոլարի հեռահար հռթիռներ: ԱՄՆ այս քայլը հաջորդեց Դոնալդ Թրամփի Լեհաստանում արված հայտարարությանը, որ ԱՄՆ-ը Լեհաստանին պատրաստվում է վաճառել 8 միլիարդ դոլարի հեռահար հռթիռներ:

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի Էստոնիա (Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, Լատվայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներին հանդիպելուց հետո, Փենսը վերահաստատեց ԱՄՆ հավատարմությունը ՆԱՏՕ դաշնագրի 5-րդ հոդվածին՝ «հարձակումը ՆԱՏՕ մեկ անդամի դեմ կդիտվի որպես հարձակում ընդդեմ բոլորի»), Վրաստան և Մոնտենեգրո: Այցի ժամանակ նկատվում էր Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ հռետորաբանության հստակ փոփոխություն: Մասնավորապես, Թրամփի կողմից ՌԴ դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի ստորագրումը, Փենսը ներկայացրեց որպես իր «եվրապական դաշնակիցներին և ընկերներին» պաշտպանելու ԱՄՆ պատրաստակամության ապացույց:

ՌԴ հասցեին ուղղված ԱՄՆ հռետորաբանության նման փոփոխությունը բացի վերոնշյալ ներքաղաքական դրդապատճառից կարելի է բացատրել նաև հետևյալով:

Սեպտեմբերին Ռուսաստանը և Բելառուսը   նախատեսում են  անցկացնել այսպես կոչված «Զապադ» միասնական զորավարժությունները, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում են լինել տարածաշրջանում անցկացված ամենամեծամաշտաբ զորավարժությունները (համաձայն ռուսական և բելառուսական աղբյուրների զորավարժություններին կմասնակցի 13.000 ռազմական անձնակազմ, մինչդեռ արևմտյան աղբյուրները խոսում են 60.000-ից 100.000 ռուսական ռազմական անձնակազմի մասնակցության մասին): Զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում, Ռուսաստանի արևմտյան հատվածներում, Բալթիկ ծովում և Կալինինգրադում: Զորավարժությունները լինելու են ինչպես ծովային, այնպես էլ օդային զինուժի մասնակցությամբ, ուստի ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում ցույց տալու ՌԴ-ին և տարածաշրջանում իր դաշնակիցներին, հատկապես Բելառուսի հարևանությամբ գտնվող Լեհաստանին, Լիտվային և Լատվիային, որ նա շարունակում է կանգնած մնալ նրանց կողքին:

Բացի այդ Արևելյան Եվրոպայում կարծես թե սկսել են բախվել ԱՄՆ-ի և ՌԴ-ի տնտեսական շահերը: Լեհաստան ԱՄՆ նախագահի այցի ժամանակ, որտեղ տեղի ունեցավ նրա հանդիպումը «Երեք ծովերի ձևաչափում» երկրների (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Խորվաթիան, Սլովենիան, Ավստրիան) առաջնորդների հետ, Թրամփը մեծ ուշադրություն հատկացրեց Արևելյան Եվրոպայի երկրներին ԱՄՆ հեղուկացված գազի մատակարմանը՝ նշելով, որ այն թույլ կտա վերացնել էներգետիկ ոլորտում առկա խոչընդոտները, մասնավորապես, տարածաշրջանում էներգետիկ մենաշնորհը (նկատի ունենալով Արևելյան Եվրոպայի երկրների կախումը ռուսական գազից): Պատահական չէր, որ ՌԴ դեպ պատժամիջոցների հաստատումից հետո, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ՌԴ-ին «լայնածավալ առևտրային պատերազմ» է հայտարարել:

Բան այն է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները կխոչընդոտեն նաև «Հյուսիսային հոսք 2»  նախագծի հաջող շահարկմանը: Նախագիծը նպատակ ունի  Բալթիկ ծովի հատակով  Ռուսաստանից  գազը հասցնել  ուղիղ Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինան: Այս նախագծին դեմ է արտահայտվել ԵՄ 9 երկրի՝ Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան և Ռումինիան, որոնք կարծում են, որ նախագիծը կմեծացնի ԵՄ կախվածությունը Ռուսաստանից: Փոխարենը նախագծին կողմ են Գերմանիան և Ավստրան, քանի որ գերմանական և ավստրիական ընկերություններն արդեն գումարներ են ներդրել «Հյուսիսային հոսք 2» նախագծի շրջանակներում: Պատահական չէ, որ այս երկրները դեմ են արտահայտվում ԱՄՆ կողմից ՌԴ նոր պատժամիջոցներին:

Այսպիսով, ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում լարվածության այս նոր ալիքը կարելի է բացատրել մի շարք պատճառներով, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական, որի հիմքում ընկած է ներքին և արտաքին խաղացողների քաղաքական և տնտեսական հիմնական շահերի և մոտեցումների հակադրումը և բախումը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: