ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ե’վ Հայաստանը, և’ Սփյուռքը կանգած են Արցախի կողքին. ՀՀ արտգործնախարար

mfa.am

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, ներկայացրեց Արցախի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով որդեգրած Հայաստանի մոտեցումները: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Առաջին մոտեցումը, որին ես կցանկանայի անդրադառնալ դա բացառապես խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր հանձնառությունն է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության` ապահովելու համար կյանքի ու հայրենի հողում ապրելու ու արարելու իր անբեկանելի իրավունքը:

Ադրբեջանական բարբարոսությունները թե' ղարաբաղյան շարժման առաջին տարիներին, թե' 2016թ.-ի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի իր իրավունքների, իր ինքնորոշման համար պայքարը, արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս:

Երկրորդ մոտեցումը, որը մենք որդեգրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով դա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է:

Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է, որպես Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը:

Փոխարենը, Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել:

Երրորդ մոտեցումը, որը նույնպես կարևորագույն տեղ է զբաղեցնում հիմնահարցի հանգուցալուծման մեր ջանքերում դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է:

Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն է և Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաև իր արյան ու մեծ զոհողությունների գնով:

Չորրորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականցմանը: Այստեղ էլ մեր և Ադրբեջանի մոտեցումները էապես տարբերվում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, հետ է կանգնում իր հանձնառություններից և պայմանավորվածություններից:

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության ու Հայաստանի ջանքերին. չի հարգում պայմանավորվածությունները, հետ է կանգնում համաձայնություններից:

Եռանախագահները սկսել են մատնանշել , որ Ադրբեջանն է զինադադարի խախտող կողմը, կոչ են անում Բաքվին վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը: Սակայն, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով իր ծայրահեղ ապակառուցողական վարքագծին: Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը: Դա է պատճառը, որ մենք բանակցային գործընթացից ու հանդիպումներից չենք հրաժարվում:

Հինգերորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցությանը: Համոզված ենք, որ հիմնահարցի կարգավորման ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը:

Այսօր Ադրբեջանը հրաժարվում է Արցախին բանակցային կողմ ճանաչել` փորձելով մոռացության մատնել, որ 1994թ.-ին հենց նրանից էր ստիպված զինադադար խնդրել և դա ամրագրել իր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղի հետ միասին:

Վեցերորդ մոտեցումը վերաբերում է Արցախի ու նրա ժողովուրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության առավել բարձրացմանը:

Ադրբեջանը չունի Արցախի նկատմամաբ իր նկրտումների ո’չ պատմական, ո’չ իրավական, ո’չ բարոյական որևէ հիմք և փորձում է այդ դատարկությունը լրացնել կեղծարարությամբ:

Իր շուրջ տարբեր միֆեր հյուսելով Բաքուն կարծում է, թե կարող է դրանց վրա հիմնել Արցախի նկատմամբ իր նկրտումները: Բայց դրանք ընդամենը փուչիկներ են, որոնք չդիմանալով դատարկ օդի ճնշմանը, մեկը մյուսի հետևից պայթում են

Այս հիմնական մոտեցումների վրա են խարսխված Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ իրականացվող մեր աշխատանքները: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում կհաջողվի դրանց վրա հիմնված հասնել հիմնահարցի արդար հանգուցալուծմանը ու տևական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Եվ Հայաստանը, և Սփյուռքը կանգած են Արցախի կողքին։

Շնորհակալություն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: