ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային մամուլ. Կատալոնիայի ճգնաժամն ավելի մեծ սպառնալիք է ԵՄ համար, քան «Brexit»-ը

МК

Վերջին օրերին Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները գտնվում են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Հետաքրքիր է, որ հանրաքվեի վերաբերյալ հնչող գնահատականները եղան բավականին հակասական:

Օրինակ, բրիտանական Independent-ը գրում է, որ թե’ կատալոնական, թե′ իսպանական իշխանությունները մեծապես շահագրգռված էին այս հանրաքվեի անցկացմամբ, բայց այն օգտագործում են որպես «շիրմա»: «Կատալոնցիների և իսպանացիների ազգային զգացմունքները հրահրելով՝ երկու կողմերի իշխանությունները հույս ունեն հասարակությանը շեղել տնտեսության խնդիրներից կամ հենց նույն քաղաքական գործիչների կոռուպցիոն գործողություններից»:

«Գործազրկությունը, հատկապես երիտասարդների շրջանում, առաջվա պես չափազանց բարձր է: Աղքատության մակարդակը և անօթևանների թիվը շարունակում է աճել: Թե’ Կատալոնիայի, թե’ Իսպանիայի քաղաքական գործիչները ապավինում են ազգայնականությանը, ինչի հաշվին ակնկալում են աջակցություն ստանալ: Այս հանրաքվեն և դրա շուրջ բանավեճերը ստեղծում են վակուում, որը սեղմում է սոցիալական խնդիրները»- մասնավորապես գրում է Independent-ը:

Daily Telegraph-ը գրում է, որ Կատալոնիայի ճգնաժամը ավելի մեծ սպառնալիք է Եվրամիության համար, քան «Brexit»-ը: «ԵՄ-ն, որին կատալոնական առաջնորդները մեղադրում են պասիվության և այդ հարցին չմիջամտելու մեջ, իրականում ոչինչ անել չի կարող, բացի Իսպանիայի կենտրոնական  կառավարությանը աջակցելուց, քանի որ նման վարքագիծն է համապատասխանում ԵՄ օրենքներին և ոգուն»:

Daily Telegraph-ը գրում է, որ ԵՄ-ն հայտնվել է փակուղու մեջ: Մի կողմից` Հունգարիային և Լեհաստանին սպառնացող իրավական ճգնաժամը, մյուս կողմից` Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք պայքարում են միգրանտների վերաբնակեցման քվոտաների դեմ: Իսկ այժմ արդեն Իսպանիան է սպառնում հրաժարվել եվրոյից, եթե Կատալոնիան չհնազանդվի: Այս ֆոնին «Brexit»-ը դառնում է չնչին չարիք, ինչպես նաև մի խնդիր, որը կարելի է լուծել պարզապես ողջամիտ դատելով», - գրում է թերթը:

Այլ բրիտանական ԶԼՄ-ներ մտավախություն են հայտնում, որ Կատալոնիայում անջատողականության օրինակը վարակիչ կլինի, և հանրաքվեի միջոցով Շոտլանդիայի բաժանումը թագավորությունից կրկին կարող է սպառնալ Մեծ Բրիտանիային:

Այնուամենայնիվ, օրինակ Daily Star-ը նշում է Իսպանիայից Կատալոնիայի անկախացման դրական կողմերը՝ ասելով, որ Կատալոնիայի անկախությունը կնպաստի այս տարածաշրջանում հանգստյան գոտիների գների նվազմանը:

Ֆրանսիական BFM հեռուստաընկերության լրագրողների խոսքերով Կատալոնիայի անկախության ձեռքբերումը ոչ Բարսելոնային է ձեռնտու և ոչ էլ Մադրիդին:

«Իսպանիան կորցնում է մի տարածք, որը կազմում է իր ՀՆԱ-ի 19% -ը, բնակչության 16% -ը, զբոսաշրջության մեկ չորրորդ մասը և արտասահմանյան ներդրումների 14% -ը: Բացի այդ, Կատալոնիան հրաժարվում է վճարել պետական պարտքի իր մասը: Սա 37,5 միլիարդ եվրո է: Սակայն Կատալոնիայի համար ևս վնասը զգալի կլինի: Այն կկորցնի ՀՆԱ-ի մինչև 30% -ը, իսկ գործազրկությունը կկրկնապատկվի»- հաղորդում է BFM-ի կայքը:

Եվրոպայի վրա Կատալոնիայի հանրաքվեի հետևանքների  խնդրին են անդրադարձել գերմանական լրատվամիջոցները: Deutsche Welle-ն հրապարակել է եվրոպական մայրցամաքի քարտեզ, որտեղ նշվում են անջատողական տրամադրությունները:

Մասնավորապես, քարտեզում որպես  ռիսկային գոտիներ են նշվում Շոտլանդիան՝ Բրիտանիայում, Ֆլանդրիան՝ Բելգիայում, Հարավային Տիրոլը՝ Ավստրիայում, Պադիանիան՝ Իտալիայում, Կորսիկան՝ Ֆրանսիայում և Բավարիան՝ Գերմանիայում:

Չնայած նրան, որ կատալոնցիներին ի վերջո հաջողվեց անցկացնել անկախացման հանրաքվե՝ այսօր դեռևս պարզ չէ, թե դեպի ուր կընթանան զարգացումները: Նշենք, որ անգամ կատալոնցիների մոտ անկախացման հետ կապված միանշանակ կարծիք չկա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: