ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայի մայրաքաղաքը «որոշվել» է հայկական կաշառքով

Արդյոք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե որտեղից է Քիշնևի կենտրոնական փողոցներից մեկը ստացել «Հայկական» անվանումը: Պատասխանը բավական պարզ է և թաքնված է հենց անվանման մեջ: Հայերը ներկայիս Մոլդովայի տարածքում բնակություն են հաստատել 14-րդ դարում, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դեռևս միջնադարում: Նրանք այստեղ հիմնականում գաղթել են Ղրիմից:

1401թ-ին Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն: Հայերը բնակվել են Սորոկի, Բենդերի, Քիշնև, Կաուշանի քաղաքներում, ավելի ուշ՝ 1792թ-ին, հայկական Չորնա բնակավայրի տեղում նրանք հիմնում են Գրիգորիուպոլիս քաղաքը (քաղաքն այսօր գտնվում է Մերձդնեստրի տարածքում), որի շինարարության նախագիծը հաստատվել է Եկատերինա 2-րդ կայսրուհու կողմից: Ըստ վարկածներից մեկի՝ քաղաքն իր անվանումն է ստացել ի պատիվ Գրիգոր Լուսավորչի:

1818թ.-ին, երբ Քիշնևը ստանում է քաղաքի կարգավիճակ, քաղաքի առաջին ղեկավար է դառնում Անգել Նոուրը: Շնորհիվ այդ կարգավիճակի՝ Քիշնևը դառնում է Ռուսական կայսրության Բեսարաբիա նահանգի կենտրոնը: Սակայն, պարզվում է, որ Քիշնևի՝ քաղաքի կարգավիճակ ստանալու և Բեսարաբիայի (հետգայում արդեն Մոլդովայի) կենտրոն դառնալու հարցում իրենց ներդրումն են ունեցել տեղի հայերը: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ ամենը հնարավոր է դարձել Բեսարաբիայի հայ վաճառականների շնորհիվ: Հենց նրանք են կաշառել ռուսական վարչակարգի ներկայացուցիչներին, ինչի շնորհիվ Քիշնևը քաղաքի կարգավիճակ է ստացել: Հայ վաճառականների շնորհիվ Քիշնևն առաջ է անցնել Բենդերիից՝ դառնալով տարածաշրջանի կենտրոն, ինչին, սակայն, դեմ էր նահանագապետ Բեխմետևը:

Բեսարաբիայի կենտրոն դարձած Քիշնևը դառնում է նաև տարածաշրջանի հայերին համախմբող կենտրոն: Արդեն 1830թ.-ին ստեղծվում է Հայ Առաքելական եկեղեցու Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմը, որի կենտրոն է դառնում հենց Քիշնևը: Թեմը ընդգրկում էր Դոնի տարածքները, Ղրիմը, Մալառոսիան և Նովառոսիան, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: հայկական եկեղեցական թեմի կենտրոն: 1895թ-ին թեմական կենտրոն է դառնում Նոր Նախիջևանը, ինչի արդյունքում Քիշնևի և հայկական համայնքի դերակատարումը համեմատաբար նվազեց: 1897թ.-ի տվյալների համաձայն՝ Քիշնևում բնակվել է Հայ Առաքելական եկեղեցու 427 հետևորդ և 6 հայ կաթոլիկ: 

Մոլդովայի հայ գաղութն օգտվել է արտոնություններից. ունևոր դասի ներկայացուցիչներն իրավունք են ունեցել զբաղեցնել պետական պաշտոններ, կրել ազնվական տիտղոսներ: Մոլդովայում հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և տարբեր արհեստներով: Քիշնևում նրանք հիմնականում ծխախոտային ֆաբրիկանտներ էին: Բացի այդ, քաղաքի սափրիչների մեծ մասը ևս հայեր են եղել:

Մոլդովայում երկար տարիներ գործել են հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ապա՝ Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ, հետագայում` Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայր, հայտնի հոգևորական Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանը,  բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանը և շատ ուրիշներ:

Մոլդովայում հայկական համայնքի թերևս ամենավառ ներկայացուցիչը Մանուկ բեյ Միրզայանն է՝ խոշոր վաճառական, կալվածատեր, դիվանագետ, ով արժանանցել է բեյի տիտղոսի թուրքական իշխանությունների կողմից, պարգևատրվել է շքանշաններով և անգնահատելի ծառայություններ մատուցել Ռուսական կայսրությանը: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ օգտագործելով երկու կողմերում ունեցած իր կապերն ու ազդեցությունը՝ Մանուկ բեյը ստանձնել է միջնորդի դեր բանակցություններում և հենց Բուխարեստի նրա իջևանատանն էլ 1812թ. ստորագրվել է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը: 1813թ.-ին նա Բուխարեստից անցել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել Քիշնևում և դարձել ռուսահպատակ։ Նա հիմնադրել է Հնչեշտ քաղաքը, որտեղ գտնվում է նաև նրա ապարանքը: Միրզայանը նաև մեծ ավանդ է ունեցել մոլդովական գինեգործության մեջ՝ որպես ֆրանսիական տեխնոլոգիաների ներդնող։ 

Մանուկ բեյն այցելել է նաև Հայաստան, ֆինանսական օժանդակություն է ցույց տվել ինչպես Սբ. Էջմիածնին, այնպես էլ Մուշի, Երուսաղեմի և այլ վանքերի: Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում 1817թ հիմնել է Ռումինիայի առաջին հայկական դպրոցը:

Հայկական համայնքն այսօր

Քիշնևում պահպանվել է «Հայկական» (Аrmeneasca) անունը կրող փողոցը: Հայկական համայնքը թողել է բավական մեծ մշակութային ժառանգություն: Մինչ օրս կանգուն են և գործում են Սուրբ Աստվածածին (1804թ.) և Քրիստոսի Հարության մոտուռը (1915թ.): Պահպանվել է նաև Քիշնևի ամենահին՝ հայկական գերեզմանատունը:

Հայ համայնքը վերածնունդ է ապրել 1990-ական թվականների սկզբից: Ներկայումս Մոլդովայում բնակվում է 9-12 հազար հայ, ովքեր ակտիվ մասնակցություն ունեն հանրապետության տնտեսական ու մշակութային կյանքին: Քիշնևում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, հայ մշակույթի «Անի» կենտրոնը, որի նպատակը հայկական ավանդույթների և տարածքի հայկական ճարտարապետական հուշարձանների պահպանությունն է: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: