ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դարերով կոփված բարեկամություն. հայ-ռուսական հարաբերությունները 2017-ին

Mehmet Fatih Öztarsu

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. ապրիլի 3-ին: Մինչ օրս կնքվել է ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը: Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության միջպետական հարաբերություններին բնորոշ է երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը ամենաբարձր և բարձր մակարդակներով: Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսակետից 2017թ. հետևողական աշխատանքի և առաջընթացի տարի էր: 

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները 2017թ. ընթացքում ունեցել են մի շարք հանդիպումներ, ընդ որում երկկողմ և բազմակողմ ֆորմատով: Ստորև հակիրճ անդրադառնանք ՀՀ և ՌԴ նախագահների երկկողմ հանդիպումներին ու քննարկված թեմաներին:

2017թ. մարտի 15 Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Այցի շրջանակում երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգը և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Այս հանդիպմանը հաջորդել է նախագահների հուլիսի 23-ին Սոչիում կայացած հանդիպումը, որի ժամանակ նախագահներն անդրադարձել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին: Նախագահները միմյանց շնորհավորել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Երկկողմ հարաբերությունների շրջանակում կայացել է ՀՀ և ՌԴ նախագահների ևս մեկ հանդիպում Մոսկվայում նոյեմբերի 15-ին: Նախագահները բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է հայազգի մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով:

Հանդիպումների հաճախականությունը և ձևաչափը հանգեցնում է այն իրողությանը, որ այն դինամիկ զարգանում է բոլոր ուղղություններով, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների` ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Եվ բացի վերոթվարկյալ ամենաբարձր մակարդակի հանդիպումներից 2017թ. ընթացքում կայացել են նաև հանդիպումներ արտաքին գերատեսչությունների, կառավարությունների ու խորհրդարանների ղեկավարների միջև:

Հունվարի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին: 2 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը կայացել է փետրվարի 22-ին Մոսկվայում, որտեղ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը Լավրովը բնորոշել է որպես «վատ էմոցիոնալ իրավիճակ»: Հանդիպումից հետո, նրանք հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին՝ Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, և միջնորդներն ակտիվորեն աշխատում են։ Նոյեմբերի 21-ին «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» ցուցահանդեսի բացման շրջանակում Հայաստան էր ժամանել ՌԴ արտգործնախարարը: Պատմավավերագրական ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։  Հանդիպմանը Նալբանդյանը հատկապես շեշտել է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունն ամենահաջողվածն ու արդյունավետն է հետխորհրդային տարածքում։

2017թ. հանդիպումներ են կայացել նաև խոհրդարանականների ու խորհրդարանների ղեկավարների մակարդակով: Անդրադարձ կատարենք Խորհրդարանների ղեկավարների հանդիպումների անցկացման երկկողմ ֆորմատին:

Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ մասնավորապես ընդգծվել է երկու երկրների ռազմավարական և առևտրատնտեսական համագործակցության նոր մակարդակը՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Հուլիսի 17-ին  ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնական այցով մեկնել էր ՌԴ, որտեղ նրան ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ով շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձևաչափերի ներդրման պայմանավորվածություններ:

Տարվա ընթացքում կառավարությունների ու դրանց ղեկավարների մակարդակով ևս հանդիպումներ են տեղի ունեցել: 2017-ի հունվարի 24-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Նշենք, որ ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չէր մեկնել արդեն մոտ 10 տարի: Այս տեսանկյունից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պետք է գնահատել որպես պատմական: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր: Ընդգծվել է Հայաստանից ՌԴ  արտահանման և արտադրանքի մատակարարման ծավալները, և մասնավորապես գրանցված 70 տոկոս աճը՝ համարելով, որ այն Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, որպես օրակարգային առանցքային կետեր, առանձնացրել են համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:
Այս հանդիպմանը հետևել է հոկտեմբերի 24-ին Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ՀՀ: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Այցի շրջանակում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցությանը: 

Այս բոլոր հանդիպումները, արված հայտարարությունները վկայում են հայ-ռուսական հարաբերությունների անշեղության մասին: Առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն՝ ակտիվ փոխգործակցում են կառավարությունները, հաճախակի կապեր են հաստատվում արտաքին քաղաքական գերատեսչությունների, խորհրդարանների միջև, գործուն հիմքերի վրա է դրված ճյուղային նախարարությունների խորացված համատեղ աշխատանքը: Փաստ է, որ չնայած գլոբալ ճգնաժամային դրսևորումներին՝ հայ-ռուսական առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և միջտարածաշրջանային փոխգործակցությունը ցուցադրում է զարգացման դրական դինամիկա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: