ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը 2017թ-ին. ամփոփում

RFE/RL

2017թ-ին Ադրբեջանն շարունակեց մնալ տարածաշրջանն ապակայունացնող հիմնական երկիրը, որը նաև հստակ քայլեր էր իրականացում տարածաշրջանային ծրագրերում իր ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ: Ստորև ներկայացնում ենք 2017թ-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական զարգացումները մի քանի հիմնական ուղղություններով:

 Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը դարձավ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության կարևորագույն ձեռքբերումներից մեկը 2017թ-ի համար: Հատկանշական է, որ այս երկաթուղին առաջին հերթին քաղաքական ծրագիր է, որը նախաձեռնվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ստեղծելու Արևելքն Արևմուքին կապող այնպիսի ուղի, որը կշրջանցեր Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը: Արդյունքում մշակվել է այնպիսի իրավապայմանագրային բազա, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանին կանխել հայկական բեռների տեղափոխում այս երկաթուղով:

Այս առումով, սակայն, կարևոր է նշել, որ երկաթուղու շահագործումը հազիվ թե որևէ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի համար առկա տնտեսական հնարավորությունների վրա: Միևնույն ժամանակ, հայկական կողմի համար տարածաշրջանում իրականացվող նման քաղաքականությունը պետք է խթան հանդիսանա՝ առավել ակտիվացնելու այնպիսի քայլերը, որոնք ուղղված են Հայաստանի մեկուսացվածության հաղթահարմանը:

Սեպտեմբերին էլ, Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվել է «2017-2019թթ. եռակողմ համագործակցության ծրագիր»: Նշենք, որ այս փաստաթղթում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությանը՝ շեշտելով միայն տարածքային ամբոջականության շրջանակներում հակամարտությունների շուտափույթ լուծման կարևորությունը: 
Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, ապա Վրաստանում հունիսի 5-14-ը տեղի են ունեցել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համատեղ զորավարժություններ՝ թվով երրորդը:

Ադրբեջան-Ռուսաստան-Իրան 

Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության ֆոնին նոյեմբերին Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են տրանսպորտին և էներգետիկային, ահաբեկչության դեմ պայքարին, Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է նաև համատեղ հայտարարություն, որում կողմերը վերահաստատել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում ենթակառուցվածքների ձևավորման կարևորությունը: «Հյուսիս-Հարավ» նախագիծը բավականին մեծ կարևորույուն ունի Ադրբեջան համար, քանզի այն հնարավորություն կտա ոչ միայն ստանալ տարեկան միլիոն դոլարների եկամուտ, այլ նաև, դառնալով տարանցիկ կարևոր երկիր ՌԴ-ի և Իրանի միջև, մեծացնել իր կշիռը տարածաշրջանում:

Նշենք նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ եռակողմ գագաթաժողովն անցկացնել 2018թ-ին Ռուսաստանում:  

Ադրբեջան-Ռուսաստան

2017թ-ին Ադրբեջանն ու Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Թե՛ նախագահների, թե՛ արտգործնախարարների մակարդկով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր՝ շեշտելով, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական գործընկերներ:

Հատկանշական է, որ Բաքու կատարած այցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ ԵԱՏՄ հնարավոր անդամակցությանը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել այդ կառույցում: Նման ցանկությանն Ադրբեջանը որևէ կերպ չարձագանքեց, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով: Նախ, ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Ադրբեջանը կմտնի Ռուսաստանի ազդեցության գոտի, երկրորդ, նման զարգացումը կարող է «դուր չգալ» եղբայր Թուրքիային:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա 2017թ-ի ապրիլին Ադրբեջանի  և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջան է հասել զինամթերքի և տարբեր նշանակության նորագույն ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը: Համագործակցություն, որի վերաբերյալ Հայաստանն անգամ ամենաբարձր մակարդակով հայտնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքերը կիրառվում են հենց հայերի դեմ:

Նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները 2017-ին այդքան էլ հարթ չեն ընթացել, որքան որ կարող է թվալ առաջին հայացքից: Լապշինի արտահանձնումն ու ազատազրկման դատապարտելը, Մոսկվայի դատարանի կողմից ադրբեջանական սփյուռքի բավականին հայտնի «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպության գործունեության դադարեցումը, Ադրբեջանի տարածք հայկական ծագում ունեցող 2 ռուս քաղաքացիների մուտքի արգելքը որոշակի լարվածություն առաջացրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում՝ չունենալով, սակայն, շոշափելի բացասական ազդեցություն:

Ադրբեջան-Թուրքիա

2017թ-ին շարունակեցին զարգանալ Ադրբեջան-Թուրքիա ջերմ հարաբերությունները: Մայիսին տեղի են ունեցել երկու երկրների Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները, իսկ հունիսին, համաձայն երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի, Նախիջևանում տեղի ունեցան Թուրքիա-Ադրբեջան համատեղ տակտիկական զորավարժություններ:

Իսկ 2017թ-ի դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Թուրքիայի գլխավոր շտաբի պետը ստորագրել են փաստաթուղթ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմա-արդյունաբերական ոլորտներում համագործակցության վերաբերյալ: 

 Ադրբեջան-Իսրայել

Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում 2017-ին կարևորվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցը Իսրայել: Այցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում համագործակցության հարցեր:

Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցությունը նորություն չէ: Ադրբեջանի կողմից Իսրայելական հենց Heron անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին, սակայն, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 2017թ-ին:  SIPRI-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն ընդհանուր գնել է 5 Heron անօդաչու թռչող սարք։ Գործարքը կնքվել է 2011-ին, մատակարարումն ավարտվել՝ 2013-ին: Նշենք, որ սարքերը նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար:

Ադրբեջան-ԵՄ

2017թ-ին Ադրբեջանն ու Եվրամիությունը մեկնարկել է բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ: Ադրբեջանն ակնկալում էր, որ ԵՄ հետ երկխոսության նոր հիմք ստեղծող համաձայնագիրը ստորագրվելու էր մինչև 2017թ-ի վերջ, սակայն դա տեղի չունեցավ: Բրյուսելում հավաստիացնում են, որ համաձայնագրի ստորագրման հետաձգումը կապված է խիտ գրաֆիկի հետ միայն: 

Այսպիսով, կարող ենք նշել, որ 2017թ-ին Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բավականին կայուն զարգացել է՝ չնայած տարածաշրջանում վերջինիս ապակայունացնող գործողություններին:

 

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: