ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական մշակութային ժառանգության թերևս 70%-ը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս. Վահրամ Կաժոյան

Լուսանկարն՝ Արզուման Հարությունյանի

Միջազգային կառույցներում տարբեր երկրներում գտնվող հայկական նյութական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերի մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի հետ:

-Պարո՛ն Կաժոյան, մենք հաճախ ականատես ենք լինում Հայաստանից դուրս մեր նյութական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերի: Ի՞նչ հիմնական քայլեր է Հայաստանն իրականացրել միջազգային կառույցներում այլ երկրներում հայկական մշակութային արժեքների ճանաչման և պահպանման ուղղությամբ:

-Շատ ցավոտ խնդիր եք վերհանում, քանի որ իրականությունն այն է, որ հայկական մշակութային արժեքները ոչնչացվում են հիմնականում հարևան երկու երկրներում, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ և, ավաղ, չի կարող որևէ քայլ ձեռնարկել: Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունն այնպիսին է, որ իսպառ ժխտում է հայկական տարրի կամ, առավել ևս, մշակույթի գոյությունն այդ տարածքներում, և եթե միայն Նախիջևանի տարածքը վերցնենք, ապա այնտեղ ոչնչացվել են 218 եկեղեցի, վանք և միջնադարյան մշակութային կենտրոններ: Ցավոք սրտի, այս  ամենը կանխելու որևէ հնարավորություն չկա:

Եթե նախկինում այս քաղաքականությունն ակտիվորեն իրականցնում էր նաև Թուրքիան, ապա վերջին տարիներին, ըստ իս, գիտակցելով հայկական մշակութային արժեքների՝ տուրիզմի կամ ֆինանսներ բերելու շահեկանությունը, նրանք որդեգրել են այլ քաղաքականություն. եթե չեն ոչնչացնում, թեպետ պահպանման ուղղությամբ էլ քայլեր չեն ձեռնարկում, փորձում են ներգրավել տուրիստական երթուղիների մեջ, իհարկե, առանց գովազդելու դրանց հայկականությունը:

Ինչևէ, դրական քայլերից էր Անիի ավերակների` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցման փաստը: Հայաստանի անկախությունից ի վեր մենք միշտ ասել ենք, որ Անին պետք է տեղ գտնի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, և երկու տարի առաջ դա վերջապես իրականություն դարձավ: Նշեմ, որ այն հայտը, որը Թուրքիան նախապես ներկայացրել էր, բացարձակ անընդունելի էր մեզ համար, քանի որ դրանում գրեթե որևէ նշում չկար Անիի հայկականության մասին, բայց, իհարկե, այդ հայտը, ներկայացվելով փորձագետների քննարկմանը, չդիմացավ քննադատությանը: Հայտը հաստատող փորձագիտական մարմինը բազմաթիվ առաջարկներ էր ներկայացրել՝ կապված փոփոխությունների հետ, այդ թվում՝ Անիի ծագումնաբանության: Թուրքական կողմը, ցանկանալով ընդգրկել հայտը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, բնականաբար, պարտավոր էր ընդունել այդ փոփոխությունները: Չի կարելի ասել, որ երկրորդ տարբերակը լիովին ընդունելի էր, սակայն շատ ավելի լավն էր: Արդեն կոմիտեի նիստից առաջ փորձագետների եզրակացությունը ևս համընկնում էր մեր դիրքորոշման հետ այն մասին, որ փոփոխությունները լավն են, սակայն բավական չեն: Վերջին պահին Թուրքիան կատարեց ևս մի քանի զգալի փոփոխություններ՝ ավելի հարստացնելով հայտի տեքստը Անիի պատմության հայկականության տարրերով: Այդ տեքստը ևս 100 տոկոսանոց ընդունելի անվանել չի կարելի, սակայն դրանից արդեն միանշանակ ակնհայտ էր, որ խոսքը Հայոց պատմական մայրաքաղաքի և հայկական հուշարձանի մասին է: Այն, որ մենք ինքներս հնարավորություն ունեցանք կոմիտեի նիստի ժամանակ ելույթ ունենալ՝ խոսելով Անիի ծագումնաբանության մասին՝ իբրև հայոց Բագրատունյաց մայրաքաղաք, հնարավորություն տվեց մեզ ևս մեկ անգամ ընդգծել նրա հայկական լինելը:

Այս ամենի հետ մեկտեղ, լավագույն օրինակը, որ ունենք՝ Իրանն է: Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 2008 թվականին գրանցել է 3 հայկական վանքեր՝ Սբ. Ստեփանոս, Սբ. Թադե և Ծոր-Ծորը  (կամ Ձորձոր), այլև իսկապես ազգային մակարդակով լավագույնս իրականացնում է հուշարձանների պահպանությունը, որևէ խնդիր չկա, և մենք սերտ համագործակցում ենք նրանց հետ:

Ինչևէ, նշեմ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն ինքն ունի խնդիրներ այս առումով, քանի որ չկան որևէ միջազգային լծակներ այդ հուշարձանների պաշտապնությունն իրականցնելու համար: Եթե անդրադառնանք Ջուղայի խաչքարերի պատմությանը, մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս մասին՝ դիմելով տարբեր միջազգային կառույցների, հնչել են քննադատություններ, առաջարկներ, ընդունվել են բանաձևեր, սակայն այդ ամենը մնացել է միայն թղթի վրա: Ցավոք սրտի, որևէ գործնական լծակներ միջազգային հանրությունն այսօր չունի հուշարձանների պահպանության առումով, եթե, իհարկե, դա չի ցանկանում այն պետությունը, որի տարածքում գտնվում է տվյալ հուշարձանը: Ուստի բախվում ենք այն դառը իրականությանը, որ հայկական մշակութային հուշարձանները Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում դատապարտված են այն մոտեցմանը, որը կորդեգրեն այդ պետությունների ղեկավարությունները:  

-Բացի ՅՈւՆԵՍԿՕ-ից, ո՞ր միջազգային կառույցներում են քայլեր իրականացվում հայկական մշակութային ժառանգության ճանաչման և պահպանման ուղղությամբ: 

-Մասնագիտական առումով դա միայն ՅՈւՆԵՍԿՕ-ն է, սակայն առանձին դեպքերում մենք խնդիրները վեր ենք հանում և՛ ՄԱԿ-ում, և՛ ԵԱՀԿ-ում, և՛ ԵՄ-ում, և՛ Եվրոպայի Խորհրդում, իհարկե, ավելի մասնագիտական կառույցներ եթե նշեմ, դա ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական կառույցն է՝ ԻԿՕՄՕՍ-ը (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ), որի Գլխավոր Ասամբլեան 2008 թվականին բանաձև ընդունեց, որով կոչ էր անում ՅՈւՆԵՍԿՕ-ին փորձագետներ գործուղել Նախիջևան՝ տեղում ծանոթանալու հայկական ժառանգությանը պատճառված վնասին, գնահատելու և փաստագրելու այդ ամենը: Ցավոք սրտի, ՅՈւՆԵՍԿՕ-ն չիրականացրեց այդ առաջարկը, և դրա հիմնական պաճառներ հանդիսանում էին թե՛ Ադրբեջանի չկամեցողությունը, թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ ժամանակվա գլխավոր տնօրենի դիրքորոշումը: Բայց մասնագիտական առումով, ինչպես արդեն նշեցի, նման կառույց հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ն:

-Պարոն Կաժոյան, Դուք նշեցիք, որ ԻԿՕՄՕՍ-ի առաջարկը մերժվեց այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի դիրքորոշման պատճառով: Արդյո՞ք նրա փոփոխությունը հնարավորություն չի տալիս հայկական կողմին կրկին բարձրացնել այդ հարցը:

-Նշեմ, որ գլխավոր տնօրենը փոխվել է ընդամենը 2 ամիս առաջ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նաև Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի նախագահն է, արդեն հանդիպում է ունեցել նրա հետ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, որի ժամանակ այս հարցը, բնականաբար բարձրացվել է: Ցավոք սրտի, իրականությունն այն է, որ Ջուղայի գերեզմանատունն այլևս չկա, չկան խաչքարերը, դրանց անդառնալի վնաս է պատճառվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ արդեն կա պայմանավորվածություն փոխգործակցությանն ու տարբեր երկկողմ ծրագրերին խթան հաղորդելու վերաբերյալ:

-Ի՞նչ քայլեր են նախատեսվում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, որոնք դեռևս չեն իրականացվել կամ նոր են մտնում իրականացման փուլ:

-Ամենամեծ դժվարությունն այն է, որ հայկական մշակութային ժառանգության թերևս 70%-ը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ սկսած հարևան երկրներից մինչև հեռավոր Հարավարևելյան Ասիա ու Ամերիկյան կիսագունդ: Բնականաբար, խնդիրներն ամենուր տարբեր են, և մենք կարողանում ենք արդյունավետ համագործակցել այնպիսի երկրների հետ, ինչպիսին են, օրինակ, Հնդկաստանը, Բանգլադեշը, Սինգապուրը: Այս երկրներում պետությունն ինքն էլ ջանքեր է գործադրում հայկական մշակութային հուշարձանների պահպանության համար: Մենք ինքներս, իհարկե, շատ ակտիվ համագործակցում ենք նրանց հետ: 2017 թվականի հունվարին Չեննայի (Մադրաս) 1712 թվականի հայկական եկեղեցին զգալի վնասներ էր կրել փոթորկի արդյունքում: Մեր դեսպանությունը Դելիում դիմել էր հնդկական իշխանություններին, ես իմ հերթին այստեղ հանդիպեցի Հնդկաստանի դեսպանի հետ՝ խնդրելով պետության միջնորդությունը հայկական եկեղեցու պահպանման, վերանորոգման հարցում, և Հնդկաստանի իշխանությունները համապատասխան ուշադրության արժանացրին մեր խնդրանքը: Տարիներ առաջ խնդիր էր ծագել նաև Դաքքայի (Բանգլադեշ) 1781 թվականի հայկական եկեղեցու հետ կապված, և մեր դիմումների արդյունքում քաղաքապետարանը միջոցներ հատկացրեց դրա պահպանման համար, բացի այդ, գտնվեցին հայ բարերարներ, ովքեր ևս պատրաստակամություն հայտնեցին օգնել, և եկեղեցին այժմ գրեթե իդեալական վիճակում է, խնամվում է և պաշտպանվում  պետության կողմից:    

Ինչպես արդեն նշեցի, դժվարություններն ամենուր տարբեր են: Ինչևէ, մեր կողմից գաղափար կա կազմելու հայկական մշակութային հուշարձանների քարտեզագրում, որը, սակայն, նյութական մեծ դժվարությունների հետ է կապված: Դա իսկապես հսկայական և բարդ աշխատանք կլինի:  Ինչևէ, մենք այդ հարցն արդեն քննարկում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

-Ինչպես հայտնի է, նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ: Ի՞նչ է դա մեզ տալիս:  

- Ինչպես նշեցիք, Հայաստանը վերընտրվել է այդ կոմիտեի անդամ: Մենք կոմիտեի անդամ ենք եղել նաև նախորդ չորս տարիների ընթացքում, ընդ որում՝ բավական ակտիվ անդամ, քանի որ Հայաստանը եղել է նաև կոմիտեի բյուրոյի անդամ, ինչպես նաև փոխնախագահ: Կոմիտեի անունից արդեն բխում է իր նպատակը: Հաշվի առնելով տարածաշրջանում առկա հակամարտությունները՝ Հայաստանը, բնականաբար, շահագրգռված է ներգրավված լինել կոմիտեի աշխատանքներում: Այն անդամ երկրներին լավ հնարավորություն է տալիս: Կոմիտեն ունի, այսպես կոչված, ուժեղացված պաշտպանության կարգավիճակի տրամադրման իրավասություն, որը տրամադրվում է այն մշակութային արժեքներին, որոնց համար պետությունները երաշխավորում են, որ իրենք չեն օգտագործելու դրանք իբրև ռազմական օբյեկտներ, և այդ կարգավիճակը ենթադրում է, որ նույնիսկ պատերազմական գործողության ժամանակ որևէ երկիր իրավունք չունի թիրախավորելու այդ հուշարձանները, որոնք ընդգրկված են համաշխարհային ժառանգության ցանկում և կաևորագույն մշակութային արժեք ունեն մարդկության համար: Սա ենթադրում է, որ Էջմիածնի եկեղեցիների, Զվարթնոց տաճարի ավերակների, Հաղպատի և Սանահինի վանական համալիների, ինչպես նաև Գեղարդավանքի համար կարող ենք դիմել և ստանալ համապատասխան պաշտպանվածություն:

Ի դեպ նշեմ, որ սա այն կոմիտեն է, որը գտնվում է մի քանի գերատեսչությունների շահերի խաչմերուկում: Մեր կողմից ստեղծվել է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ինչպես արտաքին գործերի նախարարության, ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության, այնպես էլ մշակույթի, պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ: Այսինքն՝ աշխատանքը շատ բազմապրոֆիլ է:

Հավելեմ, որ այս կոմիտեն ամենաակտիվն էր Մերձավոր Արևելքում, հատկապես՝ Սիրիայում, Իրաքում և Եմենում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ համապատասխան հայտարարությունների և բողոքի ակցիաների կազմակերպման համատեքստում: Ընդ որում, 2016 թվականին համապատասխան հայտարարությունը նախաձեռնվել էր հենց Հայաստանի պատվիրակության կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: