ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցյուրիխյան գործընթացից Հայաստանը դուրս է գալիս կարևոր ձեռքբերումով

Հայաստանը հետ կանչեց իր ստորագրությունները 2009թ.-ին Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից՝ չեղարկելով դրանք: Ըստ էության, ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հասավ իր տրամաբանական ավարտին:

2008թ-ին հանդես գալով նման նախաձեռնությամբ՝ հայկական կողմը հետապնդում էր մի քանի նպատակ՝

- հասնել հարաբերությունների կարգավորման և Թուրքիայի կողմից փակված սահմանի բացման,

- կոտրել «բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկրի» թեզը, որը բավական ակտիվ կիրառվում էր Անկարայի և Բաքվի կողմից,

- միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտողը Հայաստանը չէ,

- բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը:

Ինչպես ցույց տվեց ընթացքը, հայկական կողմի նախաձեռնությունն առավել քան լավ հաշվարկված էր՝ թե՛ հնարավոր ռիսկերի, թե՛ զարգացումների տեսանկյունից: Միևնույն ժամանակ այն լիովին նոր խոսք էր հայկական դիվանագիտության մեջ, որն իրեն արդարացրեց: Միջազգային հանրության կողմից ևս հայկական նախաձեռնողականությունն ըստ արժանավույնս գնահատվեց, ինչը արտահայտված է ԵՄ, ՌԴ, ԱՄՆ կողմից բարձր մակարդակի տարբեր  հայտարարություններում:

Թուրքական կողմը, որն այդ շրջանում հանդես էր գալիս հարևանների հետ բոլոր խնդիրները կարգավորելու թեզով, ըստ էության, չէր կարող մերժել հայկական կողմի առաջարկը, ինչի արդյունքում էլ ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Սակայն, ինչ վերաբերում է դրանց վավերացման խնդրին, թուրքական իշխանությունները չկարողացան ցուցաբերել բավարար քաղաքական կամք, և ականատես եղանք Անկարայի կողմից նախապայմանների առաջ քաշման, ինչը  հակասում էր կարգավորման գործընթացի ոգուն և տրամաբանությանը:

Վերջնականապես համոզվելով, որ թուրքական կողմը չունի բավարար քաղաքական կամք՝ ՀՀ իշխանությունները գնացին արձանագրությունների չեղարկման ճանապարհով: Մի քանի տարի տևած այդ գործընթացում պաշտոնական Երևանը բավական հաջող կիրառել է իր իրավական գործիքակազմը՝ ՀՀ ԱԺ կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցում, խորհրդարանից դրանց հետկանչ և այժմ էլ դրանց վերջնական չեղարկում: Բացի այդ, յուրաքանչյուր քայլից առաջ պաշտոնական Անկարային և միջազգային հանրությանն ուղարկվել են հստակ մեսիջներ, անգամ՝ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի և միջազգային այլ հեղինակավոր ամբիոններից: Փաստացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնելիս և դրան հաջորդած փուլերում Հայաստանն առաջնորդվել է բավական թափանցիկ, նախապես հայտարարված քայլերով: Նման գործելաոճի շնորհիվ նույն միջազգային հանրության ընկալումներում միանշանակ դարձավ, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի տապալող կողմը Թուրքիան է, իսկ Հայաստանը բավական վստահելի գործընկեր է, որը հավատարիմ է իր պարտավորություններին:

Ամփոփելով նշեմ, որ Հայաստանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» պրագմատիկ քաղաքականության բավական լավ դրսևորում է, սակայն միևնույն ժամանակ, բաց թողնված հնարավորություն՝ թե’ Թուրքիայի, թե’ ողջ տարածաշրջանի համար: Անկախ ելքից՝ հայկական կողմը 10 տարի առաջ նախաձեռնած այս գործընթացից դուրս է գալիս բավական կարևոր ձեռքբերումով՝ միջազգային հանրության և ուժային կենտրոնների համար արդեն ակնհայտ և միանշանակ է, որ Հայաստանը չէ, որ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: