ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում խորհրդարանն ունենալու է շատ մեծ անելիք. Կարեն Բեքարյան

Վաղը, վավերացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, մենք փաստացի կթևակոխենք մի փուլ, երբ հռչակված «և՛…և՛»-ի քաղաքականության երկրորդ կոմպոնենտը ևս ամբողջությամբ կմտնի ուժի մեջ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին»  համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Համաձայնագրի կարևորության մասին բազմիցս խոսվել է, և մի բան փաստ է. համաձայնագիրը չի տրվել հեշտությամբ, սրա վրա տարվել է հսկայական աշխատանք, և այսօր պետք է պարզապես գոհունակություն հայտնել, որ այս փուլին հասնելը հնարավոր եղավ», - նշեց Կարեն Բեքարյանը: Նա շեշտեց, որ «մի բան է համաձայնագիրն ունենալը, մեկ այլ բան՝ դրա կյանքի կոչումը, և այս հարցում բոլորս, այդ թվում՝ խորհրդարանը, ունենալու ենք շատ մեծ անելիք»: Ընդ որում, ըստ պատգամավորի, դա անհրաժեշտ է անել ոչ միայն խորհրդարանական գործիքակազմի միջոցով, այլև ուղղակի նախաձեռնությամբ:

Խոսելով համաձայնագրի կարևորության մասին՝ Կարեն Բեքարյանն առանձնացրեց մի քանի հիմնական թեզեր: Նրա խոսքով, համաձայնագրի կարևորության մեջ էական նշանակություն ունի, իհարկե, արժեքային համակարգ ասվածը՝ մարդու իրավունքներից սկսած այն ողջ դաշտը, որը կարգավորվում է համաձայնագրով, և որն իրականացման համար համաձայնագրով դնում է պարտադիր և ինչ-որ իմաստով չափելի թիրախներ:

«Շատ էական է քաղաքական հատվածը, որի հետ կապված, օրինակ, կարելի է նշել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ վերաբերմունքը և ուղղակի ամրագրված էլեմենտները, որոնք աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին և հիմքում դնում երեք սկզբունքները: Սա մեր երազանքի տարբերակը չէ, սակայն սա այն տարբերակն է, որն այսօր գործում է բանակցային ձևաչափի ներքո: Եվ միայն այն փաստը, որ սրանով Ադրբեջանի բոլոր ցանկություններն ու մղումները գոնե ԵՄ ողջ տարածքում արգելափակվում են, խիստ էական է թե՛ մեզ, թե՛ կոնֆլիկտի կարգավորման գործընթացի համար», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ  այստեղ չի կարելի զգոնությունը թուլացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա բանակցվող փաստաթուղթ Ադրբեջանի հետ: Կարեն Բեքարյանը հույս հայտնեց, որ ԵՄ-ն չի գնա այլ կառույցների կամ երկրների ճանապարհով, որոնք մեկի հետ բանակցելիս մի փաստաթուղթ են ունենում և հակասող փաստաթուղթ՝ մյուսի հետ բանակցությունների արդյունքում: «Ուստի մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը: Ասածիս վերջին ամենավառ օրինակը Չմիավորման շարժման երկրների վերջին փաստաթուղթն է, որտեղ կան բավական մեծ թվով նույն ֆրանկոֆոն երկրներ, որոնք մի տեղ ուրիշ, մեկ այլ տեղ ուրիշ ձևակերպումների տակ դնում են ստորագրություն: Հիմա անհրաժեշտ է զգոն լինել, որպեսզի նման իրավիճակ չունենանք Եվրամիության պարագայում», - նշեց Կարեն Բեքարյանը:

Նույն քաղաքականի մեջ նա առանաձնացրեց տարածաշրջանային քաղաքականության էլեմենտը, որտեղ, ուղղակի անդրադարձ չլինելով հայ-թուրքական սահմանին, դրված են բոլոր նախադրյալները, որոնք հետագայում կարող են դառնալ աշխատանքային օրակարգ այս հարցն առաջ տանելու համար:

Որպես համաձայնագրի ևս մեկ կարևոր բաղկացուցիչ՝ Կարեն Բեքարյանն առանձնացրեց անխտիր բոլոր ոլորտների, այդ թվում՝ և՛ առևտրային, և՛ տնտեսական բաժինների առկայությունը:

Անդրադառնալով մեթոդաբանության հարցին՝ պատգամավորը նշեց, որ համաձայնագրով նախատեսվող գործընկերության խորհուրդը ծառայելու է հենց այն նպատակին, որ հարց առաջանալու և իրավական կամ նորմատիվ ակտի կարիք զգացվելու դեպքում, գործընկերության խորհրդի քննարկման արդյունքում այն մտնի իմպլեմենտացիայի դաշտ: Կարեն Բեքարյանի խոսքով, մեթոդաբանության հաջորդ շատ կարևոր էլեմենտը մանրամասներն են, որոնց հետ կապված հաճախ նույնիսկ զարմանում ենք: «Մենք մի կողմից հարցնում ենք՝ արդյո՞ք մեր քաղաքացին զգալու է իր մաշկի վրա որևէ բան, թե ոչ, մյուս կողմից զարմանում ենք այս մանրամասներից: Իրականում հենց սա էլ հանգեցնելու է քաղաքացու մաշկի վրա զգալուն, և հետևաբար այս մեթոդաբանությունն առավել քան ողջունելի է», - ընդգծեց պատգամավորը:

«Երբ խոսում ենք քաղաքական կամքի մասին, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ, որ իշխանության քաղաքական կամքի արդյունքն է, որ մենք այսօր այստեղ քննարկում ենք Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի  հարցը, և վաղը կմեկնարկենք վավերացման գործընթացը», - ելույթի վերջում նշեց Կարեն Բեքարյանը՝ հույս հայտնելով, որ համաձայնագրի վավերացման արդյունքները զգալու ենք բոլորս, այդ թվում՝ քաղաքացին:     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: