ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում և առաջինը Եվրոպայում, որ ճանաչեց հայերի Ցեղասպանությունը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Մայիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը ելույթ է ունեցել Ազգային ժողովի նիստում.

«Ի պատասխան ձեր ջերմ հրավերի՝ ուրախությամբ և մեծ հարգանքով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն իմ գլխավորությամբ գտնվում է Հայաստանում և բարեկամ երկրի խորհրդարանում ես այսօր ելույթ եմ ունենում: Կրկնակի ուրախություն եմ ապրում, որ մեր հայրենակիցը՝ պարոն Վարդգես Մահտեսյանը, Ներկայացուցիչների պալատում հայերի կրոնական խմբի ներկայացուցիչը, մեր պատվիրակության անդամ է: Մենք խորապես գնահատում ենք Վարդգես Մահտեսյանի արժեքավոր ներդրումը խորհրդարանի աշխատանքների և մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել հպարտ հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին Առաջին Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Տարեդարձ, որ տոնելու եք մի քանի օր հետո: Այս այցով ես ուզում եմ իրականացնել իմ ցանկությունը` ամեն կերպ ներդրում ունենալ մեր խորհրդարանների միջև գերազանց հարաբերությունների ամրապնդման գործում. երկարամյա եղբայրական հարաբերություններ, որոնց հիմքում են ընդհանուր պատմական, կրոնական և մշակութային արմատները, այդ հարաբերություններն ամրապնդվում են ժողովրդավարության, արդարության և խաղաղության սկզբունքներին մեր ընդհանուր նվիրվածության շնորհիվ: Դրանք այն սկզբունքներն ու համոզմունքներն են, որոնք մեզ թույլ են տալիս հաղթահարել և դուրս գալ մեր առջև երբեմն ծառացած (ինչ-որ չափով և այսօր) յուրաքանչուր ճգնաժամից և մարտահրավերներից:

Գերազանց են նաև մեր ժողովուրդների միջև հարաբերությունները: Թուրքական ագրեսիային և զավթողականությանը զոհ դարձած մեր երկու ժողովուրդների հարաբերությունները դժվարին պայմաններում միշտ լի են եղել աջակցության և համերաշխության դրսևորումներով: Կիպրոսում հաստատվելուց հետո Հայոց ցեղասպանությունից առաջին փրկվածները, մազապուրծ եղածները ձեռք բերեցին նոր հայրենիք և եղբայրներ, որոնք իրենց ընդունեցին և աջակցություն ցուցաբերեցին: Այդ ժամանակից ի վեր Կիպրոսում հայկական սփյուռքը Կիպրոսի հասարակության անքակտելի մասն է հանդիսանում` նպաստելով մեր երկրի մշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքի առաջընթացին և զարգացմանը:

Գոհունակություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա ինչպես երկկողմ, այնպես ել միջազգային խորհրդանական ձևաչափերում հիանալի համագործության կապակցությամբ. մեր պատվիրակությունները գործում են փոխըմբռնման և փոխադարձ աջակցության հիման վրա:

Կիպրոսն ակտիվորեն աջակցում է Հայաստանին և հայ ժողովրդին: Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում և առաջինը Եվրոպայում, որ ճանաչեց հայերի Ցեղասպանությունը, առաջին իսկ հնարավորության դեպքում իր ձայնն է բարձրացնում հանուն հայ եղբայրների ջանքերի՝ Ցեղասպանության սարսափելի հանցագործության ավելի լայն ճանաչման համար: Ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ը սահմանել է Ցեղասպանության հիշատակման օր, ընդունել է ցեղասպանությունը դատապարտող երեք բանաձև, իսկ 2015 թվականին քրեականացրել հայերի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ժխտումը:

Լինելով նույն հանցագործի զոհը՝ Կիպրոսն արդեն 44 տարի պայքարում է արդարության վերականգնման, հայրենիքի ազատության, վերամիավորման և հայրական օջախներ վերադառնալու համար: Ձգտում է լուծել Կիպրական հիմնախնդիրը ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի, ինչպես նաև ԵՄ սկզբունքների և արժեքների հիման վրա: Սակայն մեր ջանքերին Թուրքիան խոչընդոտներով է պատասխանում: Թուրքիան ունի կոշտ և առավելապաշտական դիրքորոշում, որը վտանգավոր և սադրանքներով լի աճ է արձանագրում ու վտանգ է ներկայացնում ոչ միայն Կիպրոսի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Թուրքիան օգտագործում է թուրք-կիպրական համայնքը՝ քաղաքականապես և տնտեսապես ամբողջովին վերահսկելով նրան և օգտագործելով որպես պատրվակ` Կիպրոսում իր ներկայությունը հիմնավորելու համար: Վերջերս ոտնահարելով միջազգային իրավունքը և հատկապես Ծովի իրավունքը՝ միջամտում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտի, ստեղծելով վախի մթնոլորտ՝ փորձում է ուժով խոչընդոտել Կիպրոսի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, սպառնում է խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Սա է Թուրքիայի դիվանագիտությունը:

Կիպրական կողմը հավատարիմ է խնդրին արդար և կենսունակ լուծում տալու հարցում՝ համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և եվրոպական իրավունքի հիման վրա, զերծ ժամանակավրեպ երաշխիքներից և կախվածության հարաբերություններից: Մի լուծում, որը կդարձնի Կիպրոսը ժամանակակից, բնական, կենսունակ և գործուն պետություն: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի երախտագիտությունն եմ հայտնում ձեր երկրին երկարամյա աջակցության համար, ինչպես նաև Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը Կիպրոսի հիմնախնդրի լուծման հարցում: Մեր պայքարն ընդհանուր է, և մենք կշարունակենք ձեռք-ձեռքի քայլեր իրականացնել հանուն դրական արդյունքի:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավակնոտ նպատակին` ամուր հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, վստահեցնում եմ Ձեզ պարոն նախագահ և սիրելի գործընկերներ, որ կարող եք ապավինել Կիպրոսի կայուն և ամուր աջակցությանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ մենք ճանաչում և ընդունում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերը: Սատարում ենք երկխոսության գործընթացին՝ զերծ ուժի կիրառումից, Մինսկի խմբի միջնորդությամբ: Համարում ենք, որ խնդրի խաղաղ հանգուցալուծումը միակ ճանապարհն է, որ կարող է տալ կենսունակ արդյունքներ:

ՀՀ ԱԺ նախագահ,

ՀՀ ԱԺ հարգարժան անդամներ,

սիրելի ընկերներ, եղբայրներ,

իմ ջերմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ ազնիվ հրավերի, ջերմ ընդունելության և հյուընկալության համար: Վստահ եմ, որ այս այցն էլ ավելի կամրապնդի մեր խորհրդարանների միջև համագործակցությունը և լիահույս եմ, որ միասին հիմք կդնենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առավել արդյունավետ համագործակցությանը:

Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և եղբայրական հայ ժողովրդին ազնիվ նպատակների իրականացում, սոցիալական առաջընթաց, բարգավաճում և բարեկեցություն»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: