ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերին Լարսին այլընտրանքը և ՀՀ իշխանությունների խնդիրը

2011թ-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» հիմնարար համաձայնագրի կյանքի կոչման հեռանկարները որոշակիորեն ուրվագծվում են: Ինչպես հայտնի է, համաձայնագիրը ենթադրում է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելու (շվեյացարական ընկերության մոնիթորինգի ներքո) համար 3 տարանցիկ միջանցքի ստեղծում, ինչն, ըստ էության, հնարավորություն կտա ունենալ այլընտրանք Վերին Լարսին, որը եղանակային պայմանների կամ բնական աղետների հետևանքով պարբերաբար փակվում է՝ խոչընդոտներ ստեղծելով այդ թվում հայկական բեռների համար:

Համաձայնագրով նախատեսված է, որ կողմերը՝ Վրաստանը և Ռուսաստանը, առանձին պայմանագրեր են կնքելու չեզոք երրորդ  կողմի, տվյալ դեպքում՝ SGS Société Générale de Surveillance SA շվեյցարական ընկերության հետ, որն էլ իրականացնելու է բեռների մոնիթորինգը: Վրացական կողմը շվեյցարական ընկերության հետ համաձայնագիրը ստորագրել էր 2017թ-ի դեկտեմբերի 19-ին, իսկ ռուսական կողմn ընդամենը օրեր առաջ՝  մայիսի 18-ին, նույնպես ստորագրեց համանման համաձայնագիր:

Ըստ էության շվեյցարական ընկերության հետ պայմանագրերի կքնմամբ կողմերն ավարտել են այն ընթացակարգերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են 2011թ համաձայնագրի գործնական իրականացման մեկնարկի համար: 

Չնայած այս ամենին, 2011թ. համաձայնագրի լիարժեք կյանքի կոչման և առևտրային միջանցնքերի բացման մասին խոսելու համար դեռևս վաղ է: Այժմ ընթացակարգային փուլին հաջորդելու է տեխնիկական և քաղաքական պայմանավորվածությունների փուլը: Այս ուղղությամբ առաջին քայլն արվեց մայիսի 24-ին Պրահայում, որտեղ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնագրի կյանքի կոչման խնդիրը եղել է քննարկման գլխավոր թեման: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի համաձայնագրի լիարժեք իրականացման խնդիրներով:

Չնայած կողմերը հայտարարում են, որ պատրաստ են համաձայնագրի իրականացմանը, և խնդիրը չպետք է քաղաքականացվի, այնուամենայնիվ համաձայնագրի շուրջ ձևավորված քաղաքական ֆոնը շարունակում է մնալ ակտուալ և լրջագույն մարտահրավեր դրա կյանքի կոչման ճանապարհին: Հաշվի առնելով, որ նախատեսվող 3 առևտրային միջանցքներից մեկը պետք է անցնի Աբխազիայի, իսկ մյուսը՝ Հարավային Օսիայի տարածքով, ժամանակին՝ համաձայնագրի պատրաստման փուլում, փորձ է արվել գտնել դրանց սահմանման փոխադարձաբար ընդունելի տարբերակ՝ փաստաթղթում ամրագրելով բոլոր միջանցքների միայն աշխարհագրական կոորդինատները՝ առանց որևէ տեղանվան:

Չնայած տվյալ մոտեցման ողջ ռացիոնալությանը, այնուամենայնիվ, թե՛ համաձայնագրի երկու կողմերից, թե՛ Աբխազիայից և Հվ. Օսիայից պարբերաբար հնչում են համաձայնագրի վերաբերյալ շահարկումներ պարունակող հայտարարություններ, ինչն, անշուշտ, առաջացնում է ոչ միանշանակ արձագանքներ: Հաշվի առնելով այա հանգամանքը, ինչպես նաև այն, որ վրացական ընդդիմությունը բավական քննադատական մոտեցում է որդեգրել տվյալ համաձայնագրի հետ կապված՝ հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ համաձայնագրի կյանքի կոչման ուղղությամբ ցանկացած քայլ կատարելիս վրացական իշխանությունները ստիպված են լինել բավական զգուշավոր: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ 2011 թվականի ռուս-վրացական համաձայնագրի լիարժեք իրականացման հնարավորությունը և արագությունը կախված է նաև կողմերի միջև հնարավոր քաղաքական պայմանավորվածություններից:

Նման իրողությունների պարագայում որոշակի կառուցողական դերակատարում կարող են ստանձնել Հայաստանի նոր իշխանությունները՝ հաշվի առնելով մի կողմից այլընտրանքային առևտրային միջանցքների կարևորությունը մեր տնտեսության համար, մյուս կողմից՝ թե՛ Մոսկվայի, թե՛ Թբիլիսիի հետ հարաբերությունների բարձր մակարդակը: Ներկայիս պայմաններում բավական արդարացված կարող է լինել փակ ձևաչափով պարբերական խորհրդակցությունների անցկացումը երկու երկրների հետ՝ փորձելով նպաստել համաձայնագրի հնարավորինս արագ կյանքի կոչման գործընթացին և կողմերի միջև առկա հակասությունների հաղթահարմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: