Արցախի պետական համալսարանում այսօր բացվել է ռուս գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից Անդրեյ Նույկինի անվան լսարան: Լսարանի բացման պատիվը տրվել է ԱրՊՀ ռուսալ լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Առաքելյանին և Ա. Նույկինի որդի Պավել Անդրեյեվիչին:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լսարանի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ն. Առաքելյանը:
Նա նշել է, որ Ա. Նույկինը մեծ ավանդ է ունեցել Արցախի հիմնախնդրի հարցում և որպես ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից ու ոգեշնչողներից մեկը՝ Անդրեյ Նույկինը լայն ճանաչում և մեծ հարգանք է վայելում Արցախում:
«Մենք այս լսարանում հավաքել ենք բոլոր այն գրքերը, հոդվածները, նյութերը և լուսանկարները, որոնք վերաբերում են Ա. Նույկինին: Եթե նրա հարազատները նոր գրքեր և նյութեր տրամադրեն, մենք կհամալրենք այս լսարանը»,-ավելացրել է Ն. Առաքելյանը:
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի մայր բուհում Ա. Նույկինի անվան լսարանի բացումը կարևոր նշանակություն ունի:
Ա. Ղուլյանի խոսքով՝ Ա. Նույկինը լինելով իսկական հայրենասեր և դեմոկրատ՝ նա ակտիվորեն պաշտպանում էր հայ ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը:
«Ա. Նույկինը նշանակալի ավանդ է բերել Արցախյան հիմնախնդրի արդարացի ու օբյեկտիվ լուսաբանման և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում: Նրա ծառայություններն արժանիորեն են գնահատվել ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի կողմից»,-մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորել է Ա. Նույկինի անվան լսարանի բացման առթիվ և կարևորել նման նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար՝ նշելով, որ արցախցիները միշտ էլ մեծ հարգանքով ու երախտագիտությամբ են հիշում ռուս մտավորականին:
Ա. Նույկինն իսկապես մեծ ներդրում ունի Արցախյան հարցում և նա այն արժանավորներից է, որին մեր նոր սերունդը պարտավոր է ճանաչի, մեծարի և շարունակողը լինի նրա գործի:
Միջոցառմանը ներկա Պ. Նույկինը պատմել է, թե ինչպես մի խումբ մոսկվաբնակ մտավորականներ, առաջնորդվելով արդարության և պարտքի զգացումով, 1991 թվականի փետրվարին, Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ չվերթից հետո, առաջին անգամ ականատես եղան ԽՍՀՄ զորքերի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի պատժիչ գործողություններին:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ազնիվ պայքարում սատարում էին արցախցիներին օմոնականների կողմից ենթարկվում էին հալածանքների: Վերադառնալով Մոսկվա կոմիտեի անդամները, գրողներ Նույկինը, Գայդարը, Օսկոցկին, Չերնիչենկոն, Գալինա Նույկինան ստեղծել են ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտե, որը կոչել են «ԿՐԻԿ»»,-հավելել է որդին:
Նրա խոսքով՝ հայրը այդ պատմությունների մասին, մանրամասն խոսում է «Ղարաբաղ՝ իմ ցավ» գրքում, բերում կոմիտեի անդամների ցուցակը և նրանց կատարած աշխատանքները:
Պավել Անդրեյեվիչը շնորահակալություն է հայտնել նախաձեռնողներին՝ իր հոր հիշատակին և մահվան 1 ամյակի կապակցությամբ Արցախի մայր բուհում Ա. Նույկինի անվան լսարանի բացման առթիվ. այն երախտագիտության լավագույն դրսևորում է:
Լսարանի բացմանը ներկա էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ և այլք: