ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. հիմնական շեշտադրումները

CARLO ALLEGRI / REUTERS

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին երկրորդ անգամ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Նշենք, որ ի տարբերությունը 2017թ.-ի, այս անգամ վերջինիս ելույթն ավելի հանգիստ էր ու հավասարակշռված:  

Թրամփն իր ելույթը սկսեց իր վարչակազմի կատարած գործերը գովաբանելով` նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում Ամերիկան գրանցել է առաջխաղացում, որը երբևէ մինչ այդ ամերիկյան որևէ վարչակարգ չի ապահովել: «Երկու տարուց էլ քիչ ժամանակում ես և իմ վարչակազմն ավելի շատ գործ ենք արել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ, և դա ճիշտ է»,-ասել է Թրամփը:

Թրամփը գովեստով է խոսել նաև ԱՄՆ-ում տնտեսական զարգացման և աշխատատեղերի թվի աճի մասին: Նրա խոսքով` Վաշինգթոնը կշարունակի քայլեր ձեռնարկել ամերիկյան տնտեսությունը զարգացնելու և պաշտպանելու համար:

Չնայած նրան, որ այս հայտարարությունը դահլիճում գտնվող համաշխարհային առաջնորդների և դիվանագետների մոտ ծիծաղ առաջացրեց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն այժմ գտնվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին, կարելի է ասել, որ  Թրամփի ելույթի այս հատվածն ավելի շատ նախընտրական ելույթի էր նման և ուղղված էր ոչ այնքան միջազգային, որքան ներքին հանրությանը:

Ինչպես նախորդ ելույթում, այս անգամ նույնպես ԱՄՆ առաջնորդն անդրադարձավ «Ամերիկան առաջինն է» քաղաքականությանը` միևնույն ժամանակ նշելով, որ Վաշինգտոնը ցանկանում է հարաբերություններն աշխարհի հետ կառուցել իրավահավասարության սկզբունքի վրա: «ԱՄՆ-ը ձեզ չի թելադրի, թե ինչպես ապրել, աշխատել կամ աղոթել: Մենք միայն մի խնդրանք ունենք փոխարենը` դուք էլ հարգեք մեր ինքնիշխանությունը», - հայտարարեց Թրամփը:

Անդրադառնալով միջազգային հարաբերություններին` նշենք, որ նրա ելույթի զգալի մասը նվիրված էր Իրանի հետ հարաբերություներին:  Թրամփը նշեց, որ Վաշինգտոնը կշարունակի խիստ պատժամիջոցներ կիրառել Թեհրանի «չարամիտ» գործողությունների նկատմամբ: Նրա խոսքով՝ բոլոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այս տարվա նոյեմբերի սկզբից և որ բոլոր այն երկրները, ովքեր կխախտեն Իրանի դեմ պատժամիջոցները, «լուրջ հետևանքների առաջ կկանգնեն»: «Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին մեկուսացնել Իրանի վարչակազմը, քանի դեռ այն շարունակում է իր ագրեսիան: Իրանի ղեկավարները շարունակում են քաոս, մահ և ավերածություններ տարածել: Նրանք չեն հարգում իրենց անմիջական հարևաններին, այլ պետությունների ինքնիշխանության սկզբունքը»,- նշեց Թրամփը:

Խոսելով Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու իր որոշման մասին՝ Թրամփը ընդգծեց, որ այդ գործարքից հետո Թեհրանը առավել ագրեսիվ է դարձել և պատժամիջոցների չեղարկման արդյունքում ստացած եկամուտները ծախսել ահաբեկչության ֆինանսավորման վրա:

Անդրադառնալով Սիրիային` Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է անել ամեն ինչ՝ լուծելու Իդլիբում ստեղծված իրավիճակը և կանխարգելելու խաղաղ բնակչության զոհվելը։  «Այն ամենը, ինչ կարող է անել ԱՄՆ՝ լուծելու այս խնդիրը, ուզում է և ի վիճակի է անել՝ փրկելու հարյուր հազարավոր կյանքեր։ Մենք պատրաստ ենք օգնել»,- ասել է նա։ Այս համատեքստում Թրամփը նաև քննադատեց Ռուսաստանին և Իրանին՝ Սիրիայի վարչակարգի կողմից իրականացված սպանդը չկանխելու համար, սակայն դրա հետ մեկտեղ երեք երկրներին էլ շնորհակալություն հայտնեց Իդլիբում ռազմական գործողությունների ծրագրից հրաժարվելու համար։

Ի տարեբերություն նախորդ տարվան, երբ Թրամփը սպառնաց «ամբողջությամբ կործանել» Հյուսիսային Կորեան` այս տարի նա իր ելույթում դրական գնահատական տվեց Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված ընթացիկ բանակցություններին: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Կիմին իր քաջության և այն քայլերի համար, որ ձեռնարկել է: Սակայն պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ չի իրականացվի ապամիջուկայնացումը », - ասաց Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահի պնդմամբ, իր արտաքին քաղաքականության ևս մեկ ակնառու հաջողությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր…

Ամփոփելով, կարելի է ասել, որ այս տարվա ելույթը միանգամայն տարբերվում է նախորդ տարվա կամ առհասարակ Թրամփի սովորական ինքնաբուխ ելույթներից: Այս անգամ Թրամփն ավելի հավասարակշռված էր և ավելի զգույշ իր հայտարարություններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: