ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի անվտանգության բարձրացման համար պետք է լինի միասնականության մթնոլորտ. Շարմազանով (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետական կուսացության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի բացառիկ հարցազրույցը:

 


-
Պարո´ն Շարմազանով, ըստ Ձեր քաղաքական ուժի` Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել: 

 - Հայաստանի անվտանգության բարձրացման համար նախևառաջ պետք է լինի միասնականության մթնոլորտ: Սակայն այսօր Փաշինյանն ու իր վարչակազմը թշնամություն են սերմանում Հայաստանում: Մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը միավորվում են և հայտարարում են դրա մասին Էրդողանի ու Ալիևի շուրթերով Բաքվում շքերթի ժամանակ, մեր վարչապետի պաշտոնակատարը Հայաստանի հասարակությունը բաժանում է սևերի ու սպիտակների և հոխորտում է Արցախի իշխանությունների վրա` միջամտելով Արցախի իշխանությունների ներքին գործերին: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Փաշինյանի կառավարությունը վտանգ է մեր ազգային անվտագությանը, որովհետև եթե մի պետության ղեկավար, որը գնում է բաժանարար գծերի, բարիկադների կառուցման ուղղությամբ և իր ամբողջ քարոզարշավն  իրականացնում է ատելություն սերմանելու, թշնամիներ ու յուրայիններ հռչակելու ճանապարհով, ապա նա Հայաստանի պետականության թշնամին է: Նրա քաղաքականությունն է թշնամական:  428թ.-ին էլ Արտաշես III թագավորին գահընկեց արեցին ու ասեցին, թող պարսիկները գան մեզ թագավորեն` լավ ապրենք: Արծրունիների ու Բագրատունիների ժամանակ էլ այդպես մտածեցին Արծրունիները, երբ որ ապստամբեցին Բագրատունիների դեմ: Բաժանումն Աստծուց չի, բաժանումը սատանայից է: Ատելություն սերմանելով` երկիր չեն կառուցում, սիրո ու համերաշխության չեն հասնում: Այսպես եթե շարունակվի Հայաստանը և´ իր անվտանգությունն է թուլացնելու, և´ իր տնտեսությունն է թուլացնելու, և´ իր միջազգային հեղինակությունն է թուլացնելու:

- Ինչպե՞ս  եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը: 

- Ինչպես տեսնում ենք, վերջին տասը տարիների ընթացքում մենք արդյունավետ աշխատել ենք: Մեր իշխանության տարիներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն աննախադեպ զարգացում են գրանցել: Մենք շարունակելու ենք պաշտպանել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների զարգացումը, որի հիմքը ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացումն է: Մենք պաշտպանում ենք Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, աջակցում ենք ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը: Սակայն ցավով պետք է նշեմ, որ այս յոթ ամսվա ընթացքում, չնայած վարչապետի պաշտոնակատարի փայլուն խոստումներին, արտաքին քաղաքականության մեջ որևէ արդյունք չի գրանցվել: Այսօր Հայաստանը, որը շատ մեծ պայքարի գնով ստացել էր ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, կանգնած է այդ պաշտոնը կորցնելու եզրին: Աստված տա, չկորցնի, բայց գործը դրան է տանում: Փաշինյանը, ով նախկինում ասում էր, որ ամեն ինչ պետք է անի, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա, սովորության համաձայն, արդեն 180 աստիճանով փոխել է իր կարծիքը` ասելով, որ այդ պաշտոնն այդքան էլ էական չէ: Սա մտահոգիչ է: Նույն մտահոգությունը կա Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Անցյալ տարի նոյեմբերին մեր իշխանությունները ստորագրել են Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որն աննախադեպ է ԵԱՏՄ անդամ երկրների համար: Սակայն մայիսից մինչև նոյեմբեր Փաշինյանի կառավարությունը ոչ մի բան չի արել. նա բոլոր ոլորտներում մսխել է մեր իրականացրած ձեռքբերումները: Մենք 10%-անոց տնտեսական աճով երկիր ենք նրան տվել, ինքը մսխել է բյուջեն դարձնելով 4.9%, մենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն ենք նրան տվել, որը կրկին մսխում է: Այնպես չի , որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փայլուն են. որևէ կոնկրետ բան չկա: Փաշինյանն ասում էր, որ իր վարած արտաքին քաղաքականության արդյունքում սփյուռքում Հայաստանի նկատմամբ վստահությունն ավելացել է, սակայն Հեռուսատամարաթոնի ժամանակ այս անգամ սփյուռքը 1.5 մլն դոլար պակաս փող փոխանցեց: Այ սա է «թավշյա հեղափոխության» արդյունքը: Մենք ունենք շատ լուրջ խնդիրներ: Հետևողաբար վնասվում է  դաշնակիցների հետ հարաբերությունները:  Ո´չ ԱՄՆ-ի, ո´չ ԵՄ-ի, ո´չ ՌԴ-ի հետ հարաբերություններում որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվել: Այն ամենն, ինչ էլ որ կա, արվել է Հանրապետական իշխանության կողմից իրականացրած ձեռբերումների բազայի վրա և արտգործնախարարության ներկայիս պրոֆեսիոնալ կադրերի հիման վրա…

Մենք մեր հարաբերությունները շատ հստակ նշել ենք մեր ծրագրում: Մենք պետք է խորացնենք մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և այդ դաշնակցային հարաբերությունները պետք է զարգանան: Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, որը տեղի է ունեցել մեր իշխանության օրոք, ինչն, իմիջայլոց, քննադատել է պրն. Փաշինյանը` նշելով, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելը սխալ է, կարևոր ձեռքբերում էր:

ԵՄ-ի հետ նույնպես ստորագրել ենք համաձայնագիր և պահանջելու ենք այս կառավարությունից, որ այդ համաձայնագրի կետերը իրականացնեն: ԵՄ-ի հետ համաձայնագիրը եզակի համաձայնագիր է, որտեղ ԵՄ երկրները, որոնք վավերացնում են այդ համաձայնագիրը, օրենքի ուժով ճանաչում են ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այլևս որևէ եվրոպական երկիր չի կարող խոսել միայն տարածքային ամբողջականության մասին: Դա մեր շնորհիվ է եղել: Արդյունքների հիման վրա են գնահատում գործիչներին: Քաղաքական  գործիչը միայն ներկայով չպետք է ապրի: Նժդեհն ասել է. «Դատապարտված են այն ազգերն ու այն գործիչները, ովքեր կլանված են միայն ներկայով»: Մենք պետք է մտածենք ապագա սերունդների համար: Իսկ այսօր Փաշինյանը մսխում է ապագա սերունդների պայծառ ապագան իր էմոցիոնալ, կտրուկ ու անհավասարակշիռ արտաքին քաղաքականության պատճառով: Մենք կողմնակից ենք ՌԴ-ի հետ զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները` և´ ՀԱՊԿ-ում, և´ ԵԱՏՄ-ում, ինչպես նաև զարգացնել մեր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ` ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում:

- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: 

- Պետք է շատ ճիշտ քաղաքականություն վարել Իրանի հետ, այլ ոչ թե Բոլթոնի այցից հետո վտանգավոր հայտարարություններ անել Իրանի հետ սահմանի հնարավոր փակման մասին: Որպես Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի նախկին ղեկավար նշեմ, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի Վրաստանի հետ հարաբերություններին:

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:

- Հայ-թուրքական հարաբերությունների մասին ես խոսել եմ հենց Թուրքիայում պրն. Յըլդըրըմի առջև ու ասել եմ,  որ Հայաստանը առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է, և այդ սահմանը փակել է Թուրքիան, և մեզ համար անընդունելի է Թուրքիայի իշխանությունների ժխտողական և նախապայմաններ դնելու կեցվածքը: Եթե Փաշինյանը դա ասում է Երևանից, ես դա ասում եմ Թուրքիայում: Ըստ մեր քաղաքական ուժի` Հայաստանը պետք է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի, բայց չպետք է լինի թուրքական, մեծապետական, հիվանդ ամբիցիաների գերի: Մենք մեր ազգային արժանապատվության հաշվին չպետք է որևէ մեկի հետ հարաբերություններ կարգավորենք: Այն ամենն, ինչ արել է Սերժ Սարգսյանը Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ, դա ճիշտ ճանապարհ է եղել, և մենք դրանից շահած ենք դուրս եկել: Եվ ցույց ենք տվել ամբողջ աշխարհին, որ պատեր կառուցում է ոչ թե Հայաստանը, այլ` Թուրքիան: Տեսնենք` Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք քանի պետություն է Ցեղասպանությունը ճանաչելու և քանի պետություն է ժխտողականությունը ճանաչելու: Անձամբ ես երկու պետությունում ժխտողականություն եմ ընդունել տվել, իսկ Կիպրոսում` միաձայն: Չեխիայում դեռ 2011 թ.-ին են սկսել Ցեղասպանության ընդունման գործընթաց, եվրոպական յոթ երկրներում Ցեղասպանության ինստիտուտի թանգարանի նմուշների ցուցադրություն եմ կազմակերպել հենց խորհրդարաններում, 2015թ.-ին Հունաստանում խորհրդարանի ներսում հատուկ նիստ ենք կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: