ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք

Դեկտեմբերի 10-ին հրապարակվել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցը: Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին կայացած երկու խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցները:

 

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հիմնարար ազատություններին համապատասխան և վայելել են հանրային մեծ վստահություն, որը պետք է պահպանվի հետագա ընտրական բարեփոխումների միջոցով: Բաց քաղաքական բանավեճերը, այդ թվում մամուլում, նպաստել են ակտիվ քարոզարշավին, չնայած մտահոգությունների տեղիք են տալիս համացանցում սադրիչ հռետորաբանության դեպքերը: Ընտրակեղծիքների բացակայությունը, ինչպիսիք են ձայների գնումը կամ ընտրողների վրա ճնշումները, թույլ են տվել իրական մրցակցություն: Ընտրական քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորումների, հաշվետվողականության և թափանցիկության բացակայության պատճառով:  Չնայած կարճ ժամանակահատվածին՝ ընտրությունները լավ կազմակերպված էին: Քվեարկության օրն անցել է հանգիստ և խաղաղ բոլոր փուլերում, միջազգային երկարաժամկետ բոլոր դիտորդները դրական են գնահատել այն՝ նկատելով, որ ընթացակարգերը, ընդհանուր առմամբ, պահպանվել են: 

2017թ. խորհրդարանական ընտրություններ

Ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները գլխավորապես հարգվել են: Չնայած իրավական շրջանակի ողջունված բարեփոխումներին և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, որոնք ուղղված էին նվազեցնելու ընտրական օրինախախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվել են ձայների գնման մասին վստահելի տեղեկատությամբ և պետական ծառայողների ու մասնավոր կազմակերպությունների աշխատողների վրա ճնշումներով: Սա հանգեցրել է ընտրությունների հանդեպ հանրային վստահության ընդհանուր պակասի: Ընտրությունների օրն, ընդհանուր առմամբ, հանգիստ էր և խաղաղ, բայց նկատվել են կազմակերպչական խնդիրներ և ավելորդ միջամտություն գործընթացին, մեծամասամբ՝ կուսակցական ներկայացուցիչների կողմից:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

Ընտրություններն ամբողջությամբ կարգավորվում են Սահմանադրությամբ և 2016-ի ընտրական օրենսգրքով:  2018թ. մայիսին արված վերջին փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակը, ում արգելված է եղել քարոզարշավ իրականացնել, վերացվել են լրատվամիջոցների դիտորդների նկատմամբ սահմանափակումները և խստացվել են ընտրախախտումների համար սահմանվող պատժամիջոցներն ու տույժերը՝ համաձայն ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականների: Սահմանվել է քրեական պատասխանատվություն անհատների նկատմամբ` քարոզարշավին մասնակցել հարկադրելու և ընտրակաշառքին նպաստելու համար:

2017թ. խորհրդարանական ընտրություններ

Ընտրությունների իրավական շրջանակը համընդգրկուն է, բայց բարդ: Նոր ընտրական օրենսգիրքը հաստատվել է ավելի քիչ, քան ընտրություններից մեկ տարի առաջ՝ բարեփոխումների գործընթացում, որը մեր զրուցակիցներից շատերը գնահատել են որպես տեսանելի և ներառական քայլ՝ ուղղված ընտրական գործընթացի նկատմամբ վստահության կառուցմանը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԵԽ Վենետիկի Հանձնաժողովը մի շարք խորհուրդներ են հնչեցրել, չնայած դեռ որոշ ոլորտներ հետագա ուշադրության կարիք ունեն:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

ԿԸՀ-ն, չնայած կարճ ժամկետներին, ընդհանուր առմամբ իր աշխատանքը կատարել է թափանցիկ և մասնագիտորեն, և պահպանել օրենքով նախատեսված բոլոր ժամկետները: Ընտրությունների նախապատրաստական շրջանում ԿԸՀ-ն և Տարածքային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) վայելել են ընտրողների վստահությունը և անցկացրել բաց նիստեր: 

ԿԸՀ-ն իրականացրել է ընտրողների ուսուցման համապարփակ արշավ ընտրություններին նրանց մասնակցությունը խրախուսելու, քվեարկության ընթացակարգերը բացատրելու և ընտրակաշառքի մասին նախազգուշացնելու նպատակով: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) ձևավորվել և նրանց անդամները վերապատրաստվել են սահմանված ժամկետներում: Ընդհանուր առմամբ, վերապատրաստումները գնահատվել են դրական:

2017թ. խորհրդարանական ընտրություններ

ԿԸՀ-ն տեղավորվել է բոլոր իրավական վարջնաժամկետների մեջ և իր աշխատանքն իրականացրել է թափանցիկ կերպով՝ գործելով կոլեգիալ և արդյունավետ կերպով: ԿԸՀ-ն բարելավել է Տարածքային և Տեղական ընտրական հանձնաժողովների ընթացակարգերը և դիտորդների ու վստահված անձանց ուղեցույցները: Նրանք նաև մեծամասամբ ՀԿ-ների պահանջով հրապարակել են Ընտրական օրենսգրքի մի շարք հստակեցումներ և պրոակտիվ կերպով արձագանքել են խախտումներին: Որոշումներն ու օրակարգերը պարբերաբար հրապարակվել են ԿԸՀ պաշտոնական կայքում: Այնուամենայնիվ, ԿԸՀ-ն հետևողական չի եղել բողոքների նկատմամբ: Շատ զրուցակիցներ վստահություն են հայտնել ԿԸՀ գործունեության նկատմամբ: Հարցականի տակ է դրվել Տեղական ընտրական հանձնաժողովների անկողմնակալությունը՝ ի օգուտ իշխող կուսակցության ղեկավար պաշտոնների բաշխման պատճառով: ԿԸՀ կողմից ավելի ցածր մակարդակի հանձնաժողովների և ընտրողների համար կազմակերպված թրեյնինգները և ուսուցանող նյութերը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընդհանուր առմամբ դրական են գնահատվել, բայց տպագիր նյութերը միշտ չեն հասել իրենց թիրախային լսարանին:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

Վերջնական ընտրացուցակները ներառել են ընդհանուր թվով 2,573,779 ընտրողի՝ ներառյալ մեծ թվով արտասահմանում բնակվող քաղաքացիների: ԸՄԴԱ զրուցակիցների մեծ մասն ընդհանուր առմամբ վստահություն է հայտնել ընտրացուցակների ճշգրտության վերաբերյալ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հետևողական ջանքեր է գործադրել ընտրողների տվյալները թարմացնելու ուղղությամբ: Դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք իրավունք չունեն քվեարկելու՝ չնայած հաշմանդամություն ունեցող անձանց  քաղաքական իրավունքների բոլոր անհիմն սահմանափակումները վերացնելու վերաբերյալ միջազգային չափանիշների: 

2017թ. խորհրդարանական ընտրություններ

Ընտրողների ցուցակների ճշգրտությունը բարելավվել է ընդլայնված միջինստիտուցիոնալ համագործակցության արդյունքում: Ընտրողների ցուցակը բաղկացած է եղել 2,654,195 ընտրողներից՝ ներառյալ զգալի թվով քվեարկողներ, որոնք երկրում չեն: Որոշ շահառուներ մտավախություն են հայտնել, որ ուրիշի անվան տակ քվերակելու մասին կեղծ հայտարարությունների հիման վրա հարուցվել են քրեական գործեր: Չնայած օրենքն ապահովում է անհրաժեշտ մեխանիզմները, որպեսզի քվեարկողները ճշգրտումներ մտցնեն, քվեարկողների ցուցակները շարունակում են ներառել հասցեներ, որտեղ մեծ թվով քվեարկողներ են գրանցված, ինչը իշխանությունների կողմից հետագա գործողություններ է պահանջում:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

Ընտրությունների օրն ընտրողների ինքնությունը հաստատվել է Քվեարկողների ավտոմատացված սարքերի միջոցով (VADs) միջոցով, որոնցում առկա են ընտրացուցակների էլեկտրոնային պատճեները: Ընտրողի ինքնությունը հաստատող փաստաթղթերը սկանավորվել են ընտրողների գրանցման տեխնիկական սարքերի միջոցով ընտրատեղամասում ընտրողների գրանցված լինելու փաստը ստուգելու և բազմակի քվեարկության դեպքերը կանխելու համար: Որպես այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի կանխման կարևոր միջոց, և չնայած տվյալների գաղտնիության վերաբերյալ մտահոգություններին, ԿԸՀ-ն պարտավոր է սկանավորել և առցանց հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակները, որոնք պարունակում են քվեարկությանը մասնակցած ընտրողների անձնական տվյալներ և ստորագրությունները: 

2017թ. խորհրդարանական ընտրություններ

Քվեարկողների ինքնությունն ընտրությունների օրը նույնականացվել է Քվեարկողների ավտոմատացված սարքերի միջոցով (VADs), որը պարունակում է քվեարկողների ցանկերի էլեկտրոնային կրկնօրինակը: Քվեարկողների մատնահետքերը նույնպես սկանավորվել են, և ԿԸՀ -ն տեղեկացրել է մեզ, որ անցկացնելու է խաչաձև ստուգումներ՝ հնարավոր բողոքների դեպքում կրկնաքվերակությունները բացահայտելու համար: Առաջին անգամ, Տեղական ընտրական հանձնաժողովների մոտ առկա քվեարկողների ստորագրություններով ցանկերի սկանավորված կրկնօրինակները հրապարակվելու են, որը բոլոր մեր զրուցակիցների կողմից գնահատվել է որպես կեղծումները զսպող կարևոր հանգամանք, չնայած որ քվեարկողների անձնական տվյալները պետք է հրապարկվեն:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

ԿԸՀ-ն գրանցել է դիմում ներկայացրած բոլոր 9 քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների 2 դաշինքների ընտրացուցակները: Ըստ օրենքի նախատեսվում է չորս մանդատ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրի համար, և այս ընտրություններում 3 կուսակցություն և 1 դաշինք առաջադրել են փոքրամասնության թեկնածուներ: Մեկից ավել քաղաքացիություն ունեցող անձանց` ընտրություններին մասնակցելու հետ կապված առկա սահմանափակումները հակասում են ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Թեկնածուների բոլոր ընտրացուցակներն ապահովել են 25 տոկոս գենդերային քվոտայի պահանջը և ընդհանուր թվով 1,444 թեկնածուների 32 տոկոսը կազմել են կանայք: Այս քվոտան, այնուամենայնիվ, չի երաշխավորում խորհրդարանում կանանց նույն ներկայացվածությունը, մասնավորապես այն պատճառով, որ մանդատների կեսը բաշխված է ըստ վարկանիշային քվեների: Կուսակցությունները հազվադեպ են ընդգրկել կին թեկնածուներին իրենց քարոզարշավներում. կանայք հատուկենտ դեպքերում են անցկացրել ինքնուրույն քարոզարշավներ և դիտարկված հանրահավաքներում հազվադեպ են հանդես եկել ելույթներով: Որոշ կին թեկնածուներ դարձել են նվաստացուցիչ հռետորաբանության թիրախ՝ իրենց սեռային պատկանելության պատճառով:

2017թ. խորհրդարանական ընտրություններ

ԿԸՀ -ն գրանցել է 5 քաղաքական կուսակցությունների և 4 քաղաքական դաշինքների: Առաջին անգամ համակարգը փոքրամասնությունների համար ապահովում է 4 պահուստային տեղ, ինչևէ, որոշ կուսակցություններ ունեցել են դժվարություններ փոքրամասնություն ներկայացնող թեկնածուներ գտնելու հետ կապված: Բոլորն իրականացրել են այն պահանջը, ըստ որի յուրաքանչյուր չորս թեկնածուներից մեկը պետք է կին լինի, այսինքն՝ ընդհանուր 1,558 թեկնածուների 30% -ը կանայք էին: Դրական զարգացում է և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի նախորդ առաջարկություններին համապատասխան է այն, որ գենդերային քվոտան վերաբերում է նաև ձեռք բերված և թափուր տեղերի բաշխմանը:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

Մրցակիցները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել: Քարոզարշավի ժամանակ լիովին պահպանվել են միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտվելու և տեղաշարժի հիմնարար ազատությունները: Պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը եղել է շատ կարճ, սակայն քարոզչությունը սկսել է ավելի վաղ՝ ինչն արգելված չէ օրենքով: Քարոզարշավի ժամանակ սոցիալական ցանցերում նկատվել է որոշ մրցակիցների միջև ապատեղեկատվության տարածում, ինչպես նաև սադրիչ մտքերի փոխանակում: Վարչական ռեսուրսի չարաշահումը և պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումների գործադրումը կանխելու համար իշխանությունները իրազեկել են տեղական պաշտոնյաներին, դպրոցի տնօրեններին, առողջապահության ոլորտի աշխատակիցներին և այլ անձանց համապատասխան արգելքների մասին: Միջնորդական առաքելություն իրականացնողների շատ զրուցակիցներ ընդգծել են իշխանությունների, մրցակիցների և հենց ընտրողների մոտ առկա քաղաքական կամքը՝ թույլ չտալու ձայներ գնելու փորձեր իրականացնել: Դրական է այն, որ ընտրողների կողմից չեն եղել հաղորդումներ  ընտրակաշառքի և ընտրական այլ խախտումների համակարգային փորձերի վերաբերյալ: Որոշ ԸՄԴԱ զրուցակիցներ, այնուամենայնիվ, պնդումներ են ներկայացրել առ այն, որ  մի շարք քարոզարշավներում աշխատող անձանց և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդների հետ կարճաժամկետ պայմանագրեր են կնքվել՝ հիմնականում մեկ մրցակցի կողմից` հավանաբար վերջիններիս ձայները գնելու նպատակով:

2017թ. խորհրդարանական ընտրություններ

Պաշտոնական քարոզարշավը սկսվել է մարտի 5-ին և վերջացել է ապրիլի 1-ին: Քարոզարշավը մեկնարկել է դանդաղ և ակտիվացել է ընտրության օրվա մոտենալուն զուգահեռ: Քարոզարշավների մեծ մասի ժամանակ շեշտը դրվել է ավելի շատ անհատ թեկնածուների, քան կուսակցությունների քաղաքականության վրա: Մասնակիցները հիմնականում կարողացել են առանց սահմանափակումների իրականացնել քարոզարշավ, սակայն երկրի որոշ մասերում առանձին բռնությունների դեպքեր են արձանագրվել: Դրական է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ մեկնել են արձակուրդ՝ քարոզչություն իրականացնելու նպատակով: Սակայն, վստահելի տեղեկատվություն է ստացվել ընտրակաշառքի, պետական ծառայողների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների աշխատակիցների վրա ճնշումների և ինչ -որ կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին ահաբեկելու վերաբերյալ: Սա նպաստել է ընտրական գործընթացի նկատմամբ ընդհանուր հանրային վստահության պակասին: Թեև քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը որևէ խախտում չի արձանագրել՝ այն ակտիվորեն չի ուսումնասիրել զեկույցների ճշգրտությունը:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

Լրատվական դաշտը բազմազան է, և Սահմանադրությամբ երաշխավորված արտահայտման ազատությունը պահպանվել է: Հեռուստատեսությունը համարվում է քաղաքական տեղեկատվության առաջնային աղբյուր, իսկ առցանց լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ունեն զգալի կիրառում: ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից կատարված լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց տվեց, որ հեռարձակողները զգալի ջանքեր են գործադրել ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին լուսաբանելու համար՝ նպաստելով տեղեկացված ընտրության կատարման համար ընտրողներին հասանելի տեղեկատվության բազմազանությանը: Մասնավոր շատ լրատվամիջոցների թվում են  քաղաքական կուսակցությունների հետ խիստ փոխկապակցված, և դրանցից որոշները ակներև նախապատվություն են դրսևորում: Հ1 հեռուստաալիքն ապահովել է ողջամտորեն հավասարակշռված լուսաբանում: Դրական է  այն փաստը, որ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ հանրային հեռուստաընկերությունը, կազմակերպել են իրական բանավեճեր՝ ներառելով բոլոր մրցակից ուժերի թեկնածուներին:

2017թ. խորհրդարանական ընտրություններ

Խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և մեծամասամբ իրականացվում է: Այնուամենայնիվ, հեռարձակվող լրատվական դաշտի ազատությունը սահմանափակվում է խմբագրական ինքնուրույնությունը սեփականատերերի միջամտությամբ: Սա հանգեցնում է լրագրողների ինքնագրաքննության և կառավարության մասին քննադատական նյութեր պատրաստելուց խուսափելու: Լրագրողները հայտարարել են, որ բռնության վերջին դեպքերը և դրանց դատական հետապնդման բացակայությունը խոչընդոտում են լրագրողների աշխատանքը և խաթարում նրանց անվտանգությունը: Չկա որևէ միջամտություն ինտերնետ ազատությանը և օնլայն լրատվական աղբյուրները նպաստում են լրատվամիջոցներում քաղաքական բազմակարծության աճին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ -ի՝ լրատվամիջոցների մոնիտորինգը քարոզարշավի ընթացքում ցույց տվեց, որ Հ1 հեռուստաալիքն իր լրատվական թողարկումներում հավասարապես լուսաբանել է յուրաքանչյուր մասնակցի: Մեր զրուցակիցներից շատերը նշել են, որ հասարակությունը շարունակում է ընտրախախտումների մասին չհայտնել բողոքների հետ կապված դատավճիռների կայացման համակարգի արդյունավետության հետ կապված վստահության պակասի պատճառով:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

ԿԸՀ-ն գրանցել է ընդհանուր թվով 17,813 քաղաքացիական դիտորդների՝ 22 կազմակերպություններից: Չնայած կայացած և փորձառու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից գործադրվել են ջանքեր այս ընտրությունները դիտարկելու ուղղությամբ՝ ԸՄԴԱ մի շարք զրուցակիցներ հնչեցրել են մտահոգություններ քաղաքական կուսակցությունների հետ որոշ հավատարմագրված ՔՀԿ դիտորդների ուղղակի կապի՝ այդ թվում պայմանագրային հարաբերությունների մասին, որը կարող է կասկածի տակ դնել նրանց անկողմնակալությունը: Ընտրատեղամասերում ՔԿՀ դիտորդների հարաբերական քիչ թվով ներկայությունը՝ համեմատած հավատարմագրված դիտորդների թվի հետ, խոսում է ընտրությունների օրվա գործընթացները դիտարկելու նրանց իրական մտադրության կամ հետաքրքրության պակասի մասին:

2017թ. խորհրդարանական ընտրություններ

ԿԸՀ-ն հավատարմագրել է ընդհանուր առմամբ 28,021 քաղաքացիական դիտորդների, բայց ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունը քննադատել են մի շարք քաղաքացիական դիտորդների և ԶԼՄ -ների ներկայացուցիչների ներկայությունը ընտրատեղամասերում ընտրողաբար սահմանափակելու իրավական հնարավորությունները: Բացի այդ, միջազգային ՀԿ -ներին մերժել են դիտորդական առաքելություն իրականացնել ընտրություններին, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին:

2018թ. խորհրդարանական ընտրություններ  

Ընտրությունների օրն անցել է հանգիստ, խախաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների, և դրական է գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից:  ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտարկումներում ընտրատեղամասերի բացումը ստացել է դրական գնահատական, ընտրատեղամասերն ընդհանուր առմամբ բացվել են ճիշտ ժամանակին: Քվեարկությունը դրական է գնահատվել 99 տոկոս դիտարկումներում՝ ԸԸՀների կողմից ընթացակարգերի պահպանման անդրադարձով: Ձայների հաշվարկը դրական  է գնահատվել դիտարկված բոլոր ընտրատեղամասերում բացի երկուսից: Նշվում է, որ ձայների հաշվարկն իրականացվել է առանց էական ընթացակարգային խախտումների: Աղյուսակավորման ընթացքը  դրական է գնահատվել գրեթե բոլոր ՏԸՀ-ներում՝ չնայած մի քանի  կազմակերպչական թերությունների»:

2017թ. խորհրդարանական ընտրություններ

Ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ: Քվեարկության ընթացակարգերը ընդհանուր առմամբ պահպանվել են և քվեարկողների ավտոմատացված սարքերի միջոցով (VADs) գործել են արդյունավետ: Սակայն, քվեարկության ընթացքում եղել են կուտակումներ, երկար հերթեր և կուսակցությունների ներկայացուցիչների ու ոստիկանության կողմից միջամտություններ: Մարդկանց բազմությանը թույլատրվում էր հավաքվել ընտրատեղամասերից դուրս, ինչը հակասում է օրենքին:

Քվեների հաշվարկը իրականացվել է թափանցիկ ձևով, բայց բացասաբար է գնահատվել շատ դեպքերում, ինչը հիմնականում պայմանավորված է կուսակցությունների ներկայացուցիչների միջամտությամբ, ինչպես նաև ընթացակարգային որոշ բացթողումներով: Դիտորդները արդյունքների ամփոփման գործընթացը գնահատել են դրական 38 -ից 33 ընտրատեղամասերում: Չնայած որոշ կուտակումների՝ ընտրատեղամասերում արդյունքների արձանագրությունների կազմումը ընդհանուր առմամբ եղել է լավ կազմակերպված:

 

 

 

 

 






 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: