ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց

teleqraf.com

2018 թվականն Ադրբեջանի համար համեմատաբար կայուն, լուրջ ցնցումներից զուրկ տարի էր: Այո´, անակնկալներ անկասկած կային, և նրանք վերաբերում էին ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական իրավիճակին: Ամենամեծ անակնկալը, սակայն, նախագահական ընտրությունների տեղափոխումն էր ավելի մոտ ժամկետի:

Ինչու Ալիևը նախագահական ընտրություններն անցկացրեց 7 ամիս շուտ

Դա անակնկալ էր ոչ միայն ժողովրդի, այլև Ալիևի մերձավոր շրջապատի համար: Ալիևը երկիրը կանգնեցրեց փաստի առաջ: Ընտրությունների ամսաթվի փոփոխության պաշտոնական վարկածի համաձայն` պատճառը 2018 թվականի երկրորդ կեսին ծրագրված այլ խորոշ միջոցառումների հետ համընկնումից խուսափելն էր:  Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ խոսքը մայիսին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակի և Միջազգային մարդասիրական համաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին է: «Այդ միջոցառումների մեծ մասը ծրագրված է տարվա վերջին և կհամընկնեն ընտրությունների հետ», - հայտարարել էր պաշտոնյան: Սակայն և´ Ադրբեջանում, և´ դրսում պարզ էր ընտրությունների ամսաթվի փոփոխությամբ Ալիևը ցանկանում էր միանգամից մի քանի «նապաստակ» սպանել. թույլ չտալ իրական ընդդիմության` ընտրություններին նախապատրաստվելը և երկրում դժգոհության աճը, հաղթել ներադրբեջանական կլանների պատերազմում (կլանների միջև պայքարը սրվել է այն բանից հետո, երբ Ալիևն իր կնոջը` Մեհրիբան Ալիևային, նշանակեց երկրի փոխնախագահ: Բավականին ազդեցիկ պաշտոնյա Ռամիզ Մեհտիևին, ում դուր չէր եկել Մեհրիբանի նշանակումը, հաջողվեց պահպանել իր դիրքերը. նրան աջակցել է Հեյդար Ալիևի հին թիմը), ինչպես նաև ապահովել լիովին վերահսկելի հաղթանակ:

Ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները: «Մուսավաթ» կուսակցության կարծիքով, ընտրություններն ազատ և թափանցիկ չէին, դրանց արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամարտահայտումը: Այն փոքրաքանակ դիտորդները, ովքեր հասցրել էին մասնակցել արագ կազմակերպված ընտրություններին, վատ գնահատականներ են տվել դրանց: Սակայն Ադրբեջանի առաջնորդն, անտեսելով ամեն ինչ, 4-րդ անգամ գլխավորեց Ադրբեջանը:

Դժգոհություն

Նավթի գների անկումն ազդել է երկիր տնտեսական դրության վրա: Չնայած Ադրբեջանի հարստությունների մասին կարգախոսներին` բնակչության եկամուտների միջին վիճակագրական ցուցիչներն այնպիսին են, ինչպիսին Հայաստանում է (չնայած մեր երկրի շրջափակման). Դժգոհությունները մի քանի անգամ տարվա ընթացքում արտահայտվել են անկարգություններով: 2018 թվականին անկարգություններ են տեղի ունեցել Ադրբեջանի երկրորդ քաղաքում` Գյանջայում: Թեև ադրբեջանական ԶԼՄ-ները հնարավորինս կրճատել են իրադարձությունների իրական մասշտաբը, սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում` քաղաքապետի վրա մահափորձ է կատարել, անկարգությունների ժամանակ սպանվել են ոստիկանության սպաներ, ձերբակալվել է մոտ 40 մարդ: Ադրբեջանում հայտարարել են, որ տեղի ունեցածը իսլամիստների ձեռքի գործն է: Սակայն եղել են անհեթեթ վարկածներ ևս` Գյանջայի իրադարձություններում մեղադրել են հայերին (!): Ընդհանրապես, ամբողջ տարվա ընթացքում դժգոհություններն այս կամ այն չափով իրենց զգալ են տվել բողոքի ակցիաներով, ինչպես նաև միջազգային և եվրոպական կառույցների տարբեր հայտարարություններով, որոնք բավականին խոսուն էին Ադրբեջանում տիրող բռնապետության մասին:

Ադրբեջան-Եվրոպա. պահանջվում է ժողովրդավարություն

Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ են: Եվրոպային ձեռնտու է գազ ստանալ Ադրբեջանից, ուստի ստիպված է աչք փակել այդ երկրում տիրող բռնատիրության, հակաժողովրդավարության և կառուպցիայի վրա: 2018 թվականի մայիսին կայացել է Հարավային գազային միջանցքի բացումը, որով ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից գազը կմատակարարվի Եվրոպա: Սակայն, չնայած դրան` 2018 թվականին եվրոպացիներն Ադրբեջանի հանդեպ պահանջկոտություն են ցուցաբերել. Եվրամիության և Ադրբեջանի միջև գործընկերության համապարփակ համաձայնագիրը  պատրաստ կլինի ստորագրելու միայն 2019 թվականին` 2017-ի փոխարեն: Ի թիվս այլ պահանջների կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ` եվրախորհրդարանականները պնդում էին, որ մինչև համաձայնագրի կնքումը ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Արդյունքում ՄԻԵԴ-ին հաջողվեց հասնել Ադրբեջանի գլխավոր քաղբանտարկյալի` Իլգար Մամեդովի ազատ արձակմանը:

2018 թվականը հատկանշական էր նաև նրանով, որ հրապարակվեցին փաստեր ապացուցող եվրոպացի քաղաքական գործիչների կողմից կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերի լոբբինգով զբաղվելու մասին: ԵԽԽՎ-ն այս սկանդալի կապակցությամբ պատժամիջոցներ սահմանեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ:

 Ադրբեջանը ձգտո՞ւմ է դեպի ՀԱՊԿ

Ամբողջ 2018 թվականին Ադրբեջանն իր հարաբերությունները կառուցել է նաև տարածաշրջանային կարևոր խաղացողների հետ: Օգոստոսին վերջապես սահմանվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակը` համապատասխան կոնվենցիա ստորագրվեց Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի միջև: Այս համաձայնագիրը կարելի է անվանել պատմական, քանի որ Կասպից ծովի կարգավիճակի մասին բանակցությունները շարունակվում են 1996 թվականից:

Թուրքիայի հետ հարաբերություններն ամբողջ տարին ինչպես միշտ եղել են եղբայրական: Ավելին, թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության շրջանում Բաքվում սկսեցին ամերիկյան դոլարներ վառել և iphone-ներ ջարդել, սակայն բանը չհասավ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վատացմանը:

Փոխարենը, Հայաստանում իշխանափոխության ֆոնին ակտիվացան Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: Պուտինն ու Ալիևը հայտարարել են երկկողմ հարաբերությունների զարգացման 5 առաջնահերթությունների մասին: ԵԱՏՄ «հայր» Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ «Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն իրականում Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր տեսնում է Ադրբեջանին»: Այս համատեքստում հետաքրքրական է ռուս հայտնի փորձագետների, ինչպես նաև Պետդումայի պատգամավորի մասնակցությունը «Ադրբեջանը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է Հարավային Կովկասում» թեմայով ֆորումին: Հենց այդ ընթացքում ԶԼՄ-ները սկսեցին շրջանառել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: Նույնիսկ, իրազեկ աղբյուրներին հղումով, հաղորդվում է, որ Ալիևը պատրաստ է եղել մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին, սակայն դրան դեմ է արտահայտվել Հայաստանը: Այս պահին առնվազն Բելառուսն ու Ղազախստանն աջակցում են Ադրբեջանի` ՀԱՊԿ անդամակցությանը:

ՀակաՀայաստան

Ամբողջ տարվա ընթացքում, ինչպես որ նախորդ տարի, շարունակել են Ադրբեջանում գերիշխել հակահայկական տրամադրությունները և ազդել այդ երկրի քաղաքականության վրա: Բնականաբար Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ազդել է ադրբեջանական իշխանությունների` Ղարաբաղյան հակամարտության թեմայով հռետորաբանության վրա: Միևնույն ժամանակ այն շոկային է դարձել ադրբեջանական հասարակության համար, որին պետք էր անհապաղ «զսպել»: Բանը հասավ նույնիսկ նրան, որ ադրբեջանցի ֆուտբոլիստը ստիպված էր ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ դրված լայքի համար: Հայ-վրացական ծագում ունեցող բելառուսցի բլոգերը, ով իր նյութերը հրապարակում է Влад Мага կեղծանվամբ, ենթարկվել է հետապնդումների Ադրբեջան այցելության համար:  Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն անվիճելի է մնում մեկ փաստ` ամբողջ 2018 թվականի ընթացքում հայաֆոբիան մնացել է ադրբեջանական քաղաքականության կարևոր մասը, որը դժվար թե 2019 թվականին փոխվի:

Հարկավոր է խաղաղություն

Ի հեճուկս Ադրբեջանի միլիտարիզացմանը, աճող ռազմական ծախսերին, Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությանը` ադրբեջանցի ժողովրդին և այդ պետությանը խաղաղություն է հարկավոր: Խաղաղություն, որը տարածվում է ամբողջ տարածաշրջանում, խաղաղություն, որ կբերի բարիք, այլ ոչ թե չարիք:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: