ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հյուսիսային հոսք-2». կհաջողվի՞ ԱՄՆ-ին կասեցնել Բալթիկ ծովի հատակով ռուսական գազի արտահանումը Եվրոպա

Телеканал 24

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը վերջերս գերմանական ընկերություններին նամակներ է ուղարկել` նախազգուշացնելով հնարավոր պատժամիջոցների մասին, եթե նրանք շարունակեն աջակցել «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների կառուցմանը: Դեսպանի խոսքով` այն ընկերությունները, որոնք աջակցում են Ռուսաստանին տարբեր էներգետիկ նախագծերի շինարարության հարցում, «ակտիվորեն խաթարում են Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը»:  Այդ կերպ ԱՄՆ դեսպանը պահանջում է, որ Բեռլինը հաշվի առնի ոչ միայն Վաշինգտոնի, այլ նաև Կիևի շահերը, քանի որ «Հյուսիսային հոսք 2»  նախագծով, որը նախատեսում է Բալթիկ ծովի հատակով ռուսական գազը Սանկտ-Պետերբուրգից անմիջապես Գերմանիայի Գրիֆսվալդ արտահանել, Ուկրաինան կորցնում է իր դերը որպես տրանզիտ երկիր: Ըստ ամերիկյան կողմի` դրանով Կիևը կորցնում է նաև իր նշանակությունն անվտանգության քաղաքականության հարցում, իսկ դա էլ իր հերթին բարձրացնում է «ինտերվենցիայի վտանգը» ռուսական կողմից: Սակայն նշենք, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» նախագիծն ամբողջովին նախատեսված է առևտրային նպատակների համար և դրանով փորձ չի կատարվելու դադարեցնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի արտահանումը ԵՄ:

2018-ի վերջին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով Եվրամիության երկրներին կոչ արեց հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումից, ինչպես նաև հանդես եկավ այդ նախագծի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» CAATSA օրենքի շրջանակում:  Թեև բանաձևը դեկլարատիվ բնույթ է կրում և դրա դրույթները պարտադիր չեն կատարման համար, այնուամենայնիվ, դրանով խիստ քննադատության է ենթարկվում էներգետիկ նախագիծը և նշվում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ն էական հետքայլ է եվրոպական էներգաանվտանգության և ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից:  Բացի ընդունված բանաձևից, Կոնգրեսում քննարկման է դրվել ևս մեկ օրինագիծ, որով նույնպես պատժամիջոցներ է նախատեսվում «Հյուսիսային հոսք 2»-ում ներառված ընկերությունների նկատմամբ:  

Հարկ է նշել, որ ամերիկյան դեսպանատունն առաջին անգամ չէ, որ միջամտում է եվրոպական երկրների տնտեսական կյանքին:  Ղրիմի` Ռուսաստանին միացումից հետո ամերիկյան պաշտոնյաները պարբերաբար զգուշացումներ են կատարել Ռուսաստանի հետ համագործակցող ընկերություններին:  Սակայն Գրենելի այս նամակն իր ձևաչափով բավականին ուշագրավ է և իր մեջ հստակ ուղերձներ է պարունակում առ այն, որ ԱՄՆ վերնախավն այս անգամ ամենայն լրջությամբ մտադիր է պատժամիջոցներ կիրառել գերմանական ընկերությունների դեմ, ինչն էլ տնտեսական ճգնաժամի առջև կարող է կանգնեցնել ողջ Եվրոպային:  

Նամակում հիշատակված ընկերությունները (BASF, Wintershall, Engie, OMV)  հանդիսանում են «Հյուսիսային հոսք 2»-ի ֆինանսական ներդրողներ: Իսկ 2017 թվականին ընդունված  CAATSA օրենքի շրջանակներում ԱՄՆ-ը հնարավորություն ունի ռուսական ընկերությունների հետ համագործակցության սահմանափակումներ մտցնել խողովակաշարերի կառուցման գործում, որի նպատակն ամերիկյան էներգառեսուրսների արտահանումն առաջնային դարձնելն ու եվրոպական երկրներին ՌԴ-ի ազդեցությունից հեռու պահելն է:  Սակայն հարկ է նշել, որ վերոնշյալ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը, ռուսական կողմի համար թերևս այդքան էլ վտանգավոր չի լինի: Եթե անգամ պատժամիջոցներից խուսափելու համար տվյալ ընկերությունները որոշում կայացնեն դուրս գալ նախագծից, ապա այդ դեպքում «Գազպրոմ»-ը հնարավորություն ունի նախագծի ֆինանսական ծախսերն իր վրա վերցնելու:  

Սակայն եթե Վաշինգտոնն իրականում նպատակ է հետապնդում ամբողջովին կասեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագիծը, ապա վերջինս կարող է թիրախավորել նաև շվեյցարական Allseas Group ընկերությանը: Չնայած նրան, որ «Հյուսիսային հոսք 2» նախագծին մասնակցում են բազմաթիվ այլ ընկերություններ, այնուամենայնիվ, Allseas-ի դերն ամենից կարևորն է, քանի որ մասնագիտացված այս ընկերության շնորհիվ է հատուկ մեխանիզմով խողովակաշարեր տեղադրվում ծովի ընդերքում:  Եվ հենց այս ընկերության նավերի միջոցով է նախկինում տեղադրվել «Թուրքական հոսք» նախագծի խողովակաշարերը: Հետևաբար, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները տարածվեն նաև այս ընկերության վրա, ապա դրանով ոչ միայն կկանգնեցվեն, այլև ամբողջովին կսառեցվեն նախագծի շինարարության աշխատանքները, քանի որ տվյալ ընկերությանը փոխարինող գտնելը գրեթե անհնար է: Սակայն, այնուամենայնիվ, նշենք, որ Վաշինգտոնին քիչ ժամանակ է մնացել շինարարությունը դադարեցնելու համար: «Հյուսիսային հոսք» ընկերության տվյալներով` նախատեսված 1200 կմ խողովակաշարի ավելի քան 370 կմ արդեն իսկ տեղադրվել է, իսկ առաջին գազամատակարարումը կարող է տեղի ունենալ մինչև տարվա վերջ…

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: