ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Հարավային Օսիայում ոչ միանշանակ ընդունվեց ճանապարհների բացման վերաբերյալ վրաց-ռուսական համաձայնագիրը (ԲԱՑԱՌԻԿ)

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ավարտվել են  2011թ. կնքված տարանցման և առևտրի մասին համաձայնագրի («Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» հիմնարար համաձայնագիր) կյանքի կոչման համար անհրաժեշտ ընթացակարգերը: Վրաստանի և Ռուսաստանի միջև այս համաձայնագիրը նախատեսում է Աբխազիայում և Հարավային Օսիայում անցակետերի բացում, որոնցում աշխատանքը  կկազմակերպվի երրորդ կողմի` շվեյցարական SGS ընկերության կողմից: «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում Հարավայի Օսիայից քաղաքագետ Դինա Ալբորովան պատմում է այն մասին, թե ինչպես ընդունեցին այս լուրը Ցխինվալում:

 - «Մաքսային միջանցքների» բացման հարցը, իհարկե, ոչ միանշանակ արձագանք է առաջացնում Հարավային Օսիայում: Մի կողմից, կա ընկալում, որ եթե համաձայնագիրը շվեյցարական ընկերության հետ ստորագրված է և’ Ռուսաստանի, և’ Վրաստանի կողմից, ապա կողմերն արդեն պատրաստվում են ճանապարհների բացմանը: Մյուս կողմից, սակայն, կա ընկալում, որ կողմերն, այնուամենայնիվ, լիովին պատրաստ չեն այս համաձայնագրի իրագործմանը` մեկը տեխնիկական առումով, մյուսը` քաղաքական:

Հասկանալի է, որ այս ճանապարհները կարևոր նշանակություն ունեն տնտեսական զարգացման տեսանկյունից, ընդ որում` ամբողջ տարածաշրջանի համար: Պակաս կարևոր չէ նաև հարցի անվտանգային կողմը: Այսօրվա փոփոխվող աշխարհում տարածաշրջանային անվտանգության համակարգը մեծ կարևորություն է ձեռք է բերում, սակայն Հարավային Կովկասում այն, ցավոք, բացակայում է: Ճանապարհների բացումը մեծ փոփոխությունների խթան կդառնա ողջ տարածաշրջանում` և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ընդհանուր անվտանգության տեսանկյունից: Դա և’ նոր մարտահրավերներ է բերում, և’ միաժամանակ նոր հնարավորություններ բացում որոշակի հարցերի լուծման համար:

Մեզ համար, իհարկե, ամենակարևոր հարցն այն է, թե ինչու Հարավային Օսիան և Աբխազիան, որոնց տարածքով անցնում են այդ տարանցիկ ուղիները կամ, այսպես կոչված, մաքսային միջանցքները, չեն մասնակցում բանակցություններին: Բայց դրանք միայն քաղաքական հարցեր չեն: Չէ՞ որ այդ տրանսպորտը մեր տարածքներով է անցնելու և առաջանալու են այդ տրանսպորտի անվտանգությունն ապահովելու, ծառայություններ մատուցելու և այլ հարցեր: Այդ իսկ պատճառով, մեզ անընդհատ «չնկատել», ամեն դեպքում, չի ստացվի:

Ինձ թվում է, որ այսօրվա փոփոխվող աշխարհում բոլորին անհրաժեշտ է վերանայել իրենց հայացքները երկրների ճանաչված լինել-չլինելու գործոնի հանդեպ: Արդեն մեկ տասնամյակից ավել է, որ մեր տարածաշրջանում գոյություն ունեն և’ ճանաչված, և’ չճանաչված երկրներ, առանց որոնց գործընթացները տեղից չեն շարժվի: Օրինակ` այս միջանցքներն անցնելու են երկու մասամբ ճանաչված երկրների տարածքով և առանց նրանց ներգրավվածության, առանց նրանց հետ համաձայնությունների, ոչինչ չի ստացվի: Ինչպիսի՞ն կլինի համաձայնագրերի ապագա իրագործումը, օրինակ, առանց Հարավային Օսիայի հետ  պայմանավորվածությունների: Սա կարևոր հարց է և ինձ թվում է, որ տարիներ կպահանջվեն փոխադարձ ընդունելի լուծումների հանգելու համար: Կարծում եմ` այսօր Վրաստանն այնքան էլ պատրաստ չէ նման համաձայնագրին զուտ քաղաքական առումով, իսկ Հարավային Օսիան` տեխնիկական:

Անցյալ տարի Հարավային Օսիայի ղեկավարությունը հայտարարում էր, որ տվյալ համաձայնագրի հետ կապված բոլոր գործընթացներում և բանակցություններում պետք է լինի լիիրավ կողմ և հավասար իրավունքեր կրող գործընկեր: Իսկ պատրա՞ստ է դրան Վրաստանը: Կարծում եմ` ոչ և առնվազն այն պատճառով, որ արդեն 10 տարուց ավել է Վրաստանը չի ստորագրում չհարձակման մասին հուշագիր, ինչը կարևոր է Հարավային Օսիայի համար: Եվ սա բավականին լավ ցուցիչ է, որ Վրաստանը պատրաստ չէ համագործակցության: Երկրորդ` Վրաստանի համար դա կնշանակի Հարավային Օսիայի ուղղակի կամ անուղղակի ճանաչում: Եվ մենք միշտ բախվելու ենք այդ չլուծված հարցերին, որոնք, իհարկե, արգելակելու են գործընթացը: Ինչպե՞ս կլուծվի այս ամենը, ինչի՞ կհանգեցնի. սրանք բոլորը հարցեր են, որոնք դեռևս պատասխաններ չունեն:

Կա նաև հարցի մյուս` զուտ տեխնիկական կողմը: Կարծում եմ, մենք այնքան էլ պատրաստ չենք այդ նախագծի իրականացմանը, քանի որ այսօր Հարավային Օսիան չունի երթևեկության նման հոսքեր ընդունելու պատրաստ ճանապարհներ, չկան շրջանցիկ ճանապարհներ, այս ամենը պետք է կարգի բերել, որը, ենթադրում եմ, մեկ տարվա խնդիր չէ: Խնդրահարույցների շարքում են նաև բնապահպանության հարցերը, մեր բիզնեսի ներգրավումն այդ ողջ գործընթացին: Սա, այսպես կոչված, գնի հարց է` իսկ ի՞նչ կշահի Հարավային Օսիան տարանցիկ ճանապարհների բացման արդյունքում: Մեզ` Հարավային Օսիային և Աբխազիային, պետք է կշռադատել բոլոր հնարավոր օգուտներն ու վնասներն այդ ճանապարհների բացման համատեքստում: Եթե մեր բյուջեն դրանից ոչինչ չստանա, եթե տեղի բիզնեսը ներգրավված չլինի ծրագրում, ապա իմաստը ո՞րն է:

Բոլոր այս հարցերը դեռևս կախված են օդում և, ցավոք սրտի, այդ համաձայնագրի հետ կապված հարցերի ողջ սպեկտրի ակտիվ քննարկում Հարավային Օսիայում դեռևս չկա: Մեր հասարակության մի մասը, հիմնականում` նախկին մարտիկները, դեմ են արտահայտվում ճանապարհների բացմանը: Նրանք համարում են, որ դա ինչ-որ առումով դավաճանություն կլինի վրաց-օսական պատերազմում զոհվածների հանդեպ, նրանց համար դա շատ զգայուն հարց է, և արձագանքը բավականին կոշտ է: Մյուս մասն էլ սեփական տնտեսությանը, տեղի բիզնեսի զարգացմանը խթանող որոշակի հնարավորություններ և հեռանկարներ է տեսնում: Պետք է ամենը կշռադատել և անել համապատասխան եզրակացություններ…

Ինձ թվում է` Ռուսատանը փորձարկում է այս գործընթացը, այդ թվում նաև Հայաստանի համար: Կներգրավվեն շատ խաղացողներ` Թուրքիա, Իրան, չհաշված` լոկալ դերակատարներին: Շատ հուսով եմ, որ բոլորիս շահերից բխող ադեկվատ որոշումներ կկայացվեն: Չէ՞ որ ճանապարհների բացումն իսկապես կարող է կարևոր դեր խաղալ ողջ տարածաշրջանի համար և խթանել Հարավային Կովկասի անվտանգության համակարգի ստեղծումը, որի մասին այնքան շատ և այնքան երկար է խոսվել:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 6 կմ/ժ
19 C°
 
  21° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը