ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թալիշական գործչի խորհրդավոր անհետացումն ու արտահանձնումը Բաքվին. արձագանքները Հայաստանում

Սույն թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի Լյուբերեցի շրջանի ժամանակավոր կալանման վայրից անհետացել է թալիշ նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական, Թալիշստանի անկախության պայքարի առաջամարտիկ Ֆախրադդին Աբոսզոդան: Ըստ Amnesty Internaional իրավապաշտպան կազմակերպության տվյալների` փետրվարի 27-ին իրավապահ մարմինների ինչ-որ աշխատակիցներ եկել են ժամանակավոր կալանավայր և ներկայացրել ՌԴ դատախազության կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, համաձայն որի Աբոսզոդան պետք է ազատ արձակվեր: Նրանք թալիշ ակտիվիստին տարել են իրենց հետ, ընդ որում Աբոսզոդայի անձնական իրերը մնացել են կալանավայրում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հաջորդ օրը պետք է կայանար վերջնական դատական նիստ Աբոսզոդայի գործով, սակայն նրա անհետացման հետ կապված նիստը տեղափոխել են մարտի 18-ին: Մինչ Amnesty International կազմակերպությունը ահազանգում էր Աբոսզոդայի անհետացման վերաբերյալ, նրան ուղիղ չվերթով հասցնում են Բաքու: Ֆախրադդին Աբոսզոդան ձերբակալվել է Մոսկվայում 2018թ. սեպտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի հայտով: Ադրբեջանը մեղադրում է նրան 281.2 (հայտարարություններ պետության դեմ) և 283.1 (միջազգային, ռասայական և կրոնական ատելության տարածում) հոդվածներով: Նրան նաև մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ սերտ կապերի մեջ:

Ֆախրադդին Աբոսզոդան Ռուսաստան է տեղափոխվել 1995թ., որտեղ լույս էր ընծայում «Թոլիշ» թերթը: 2005թ. նա մասնակցել է առաջին թալիշագիտական համաժողովին, որը անցկացվել է Երևանում: Պրոֆեսոր, արևելագետ Գառնիկ Ասատրյանը, ով իրեն համարում է թալիշ գործչի և գիտնականի ընկերը, Արմեդիա ՏՎԳ-ի հետ զրույցում պատմում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտով կեղծ գործով Աբոսզոդայի ձերբակալությունից հետո իրենք սպասում էին արդարության վերականգնմանը: Սակայն հույսերը չարդարացան:

«Տեղի ունեցավ վատագույնը` Աբոսզոդան Բաքվում է: Մարդ, ով պետք է դատարանի որոշումով ազատ արձակվեր Ռուսաստանում, բոլոր օրենքների, դատական և իրավական գործընթացների խախտումով հայտնվեց Ադրբեջանում: Չնայած Բաքվի բոլոր ջանքերին, Աբոսզոդայի արտահանձման համար որևէ իրավական հիմք հնարավոր չեղավ գտնել, ինչը չխանգարեց ադրբեջանական իշխանություններին հասնել իրենց ուզածին: Մենք չէինք մտածում, որ Ռուսաստանը կարտահանձնի Աբոսզոդային: Ոչ միայն մենք` նրա ընկերներն ու գործընկերները, այլև թալիշները, թաթերը և այլ ժողովուրդների ներկայացուցիչները չէին մտածում այդպես», - նշել է գիտնականը:

«Տվյալ պատմական փուլում Ֆախրադդինը մարմնավորում է Թալիշական ազգային շարժումը: Հենց ինքը, իր գաղափարախոսությունը, մարտավարությունն ու արժեքների համակարգը: Շարժումը իրողություն է, որը հնարավոր չէ ոչնչացնել: Համոզված եմ, որ թալիշ ժողովրդի բոլոր արժանավոր զավակները կմիավորվեն իրենց առաջնորդի ազատագրման գաղափարի շուրջ: Ուզում եմ, որ Ֆախրադդինն իմանա, որ մեր մտքերը և աղոթքները իր հետ են», - ասում է Ասատրյանը:

Ներկայումս թալիշական շարժման առաջամարտիկի ճակատագիրը ադրբեջանցիների ձեռքերում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: