ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում առաջընթաց է արձանագրվել. ԱՄՆ Պետդեպի 2018-ի զեկույց

Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում առաջընթաց է նկատվում, սակայն դեռ կան նաև խնդրահարույց ոլորտներ։

Նման պատկեր է ստացվում, եթե համեմատենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցները 2017 և 2018թթ. համար։

«Հայաստանում ընտրություններն անցկացվել են՝ հարգելով մարդու հիմնարար ազատությունները և վայելել են լայն հանրային վստահություն»,- ասված է Հայաստանի 2018թ․ զեկույցում: Նշվում է նաև, որ նախատեսվում են հետագա ընտրական բարեփոխումներ: Ընդգծվում է, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ՝ հատկապես պետական բարձր մակարդակներում և իրավապահների կողմից:

2017թ. զեկույցում նշվում էր, որ կառավարությունը միայն մակերեսային հետաքննություններ է անկացնում պաշտոնյաների կողմից չարաշահումների հարցում, իսկ իրավապահ մարմինները թույլ են տալիս չարաշահումներ՝ անպատժելի մնալով, երբեմն ուղղակի հրահանգներ ստանալով իրենց ղեկավարությունից:

Նախորդ տարվա զեկույցում նաև նշվում էր, որ ոչինչ չի արվում 2008թ. իրադարձությունների մեղավորներին պատժելու, ինչպես նաև 2015 և 2016թ. ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս տարի նշվում է 2008-ի դեպքերի հետ կապված նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցման մասին, 2015 և 2016թ. ցույցերի որևէ հիշատակում չկա:

Մարդու իրավունքների խախտումների տեսակետից խնդրահարույց ոլորտների շարքում պահպանվել է համակարգային կոռուպցիան, սակայն զեկույցում բացակայում են արդար դատավարության բացակայության, ինչպես նաև մեդիայի ազատությանը միջամտելու փորձերի դրույթները:

Ըստ զեկույցի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրը Հայաստանում ավելի ազատ է դարձել, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռևս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։

Նշվում է, որ հեղափոխությունից հետո ազատ են արձակվել անհատներ, որոնց որոշ ՀԿ-եր քաղբանտարկյալ էին համարում, սակայն ըստ զեկույցների` Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել։

Արցախյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումը նույնությամբ կրկնվում է այս տարվա և նախորդ տարվա զեկույցներում: Միայն 2018թ․ զեկույցում նշում է, որ հրադադարի խախտումների մակարդակը նվազել է հոկտեմբեր ամսից, «այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են Դուշանբեում»: Ձևակերպումը նույնությամբ կրկնվում է նաև Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում:

Ուշագրավ է, որ Ադրբեջանին առնչվող զեկույցի համաձայն` Ադրբեջանում մեծացել է ներքին տեղահանվածների թիվը, որոնց «մեծ մասը լքել է իրենց տները ԼՂ հակամարտության հետևանքով 1988-1993թթ»։ Եթե 2017-ին նրանց թիվը նշվում է ըստ ՄԱԿ տվյալի՝ 612,785, 2018թ․ զեկույցում նշվում է և՛ ՄԱԿ-ի տվյալը՝ 620,422, և՛ Ադրբեջանի վիճակագրական ծառայության՝ 641,890։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի զեկույցին, ապա բոլոր ոլորտներում նախորդ տարի արձանագրված մտահոգությունները պահպանվել են:

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ներում են շնորհել 634 քաղբանտարկյալների, սակայն քաղաքական բանտարկյալների խնդիրը շարունակում է արդիական մնալ. ըստ զեկույցի` 2018-ի վերջին Ադրբեջանը շարունակում է 128-ից 156 քաղբանտարկյալ ունենալ: Նշվում է նաև, որ որոշ քաղբանտարկյալների պարտադրել են իրենց «սխալն» ընդունող նամակ գրել:

Նաև արձանագրվում է, որ իշխանությունների կողմից սահմանափակում է ազատ արտահայտվելու իրավունքն ու մամուլի ազատությունը։ Նշվում է լրագրողների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ճնշումների մասին։ Այդ թվում՝ ընդգծվում է անկախ առցանց մեդիաների արգելափակումն իշխանությունների կողմից։

Վերադառնալով Հայաստանին` ընդգծենք, որ ընդհանուր առմամբ, Հայաստանի վերաբերյալ 2018թ․ զեկույցում բավական մանրամասն անդրադարձ է կատարվում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությանն ու դրանից հետո տեղի ունեցած փոփոխություններին։ Այդ թվում՝ արձանագրվում է Հանրային Ռադիո մուտք գործելու և վնաս պատճառելու փաստը, կրթության ոլորտի մի շարք առաջնորդների հրաժարականի պահանջների բարձրաձայնումը և այլն։ Մի քանի ոլորտներում նաև հեղափոխությունից հետո արձանագրվում է առաջընթաց։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: