ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարնանային սրացում թուրք-ամերիկյան հարաբերություններում. կողմերը միմյանց վերջնագրեր են ներկայացնում

Twitter

Թուրք-ամերիկյան հարաբերություններում գարնանային սրացում է: Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով Վաշինգտոնն ու Անկարան սկսել են խոսել վերջնագրերի լեզվով:

Մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի C-400-ների և ՆԱՏՕ-ին անդամակցության միջև: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը Փենսի հայտարարությանը պատասխանել է նույն ոճով` Վաշինգտոնին առաջարկելով ընտրել Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների միջև, որոնց հետ համագործակցում է` ակնհայտորեն ի նկատի ունենալով քրդերի հետ ԱՄՆ համագործակցությունը:

ԱՄՆ նման պահվածքը միանգամայն սպասելի էր C-400-ի մատակարարման մեկնարկին ընդառաջ: Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել ռուսական համակարգերի ձեռքբերման գործարքից` չնայած դրանց փոխարինող կամ ժամանակակից այլ զինատեսակներ տրամադրելու ԱՄՆ-ի առաջարկին:

ԱՄՆ-ում Թուրքիայի կողմից C-400-ների ձեռքբերման նկատմամբ նման «խանդոտ» վերաբերմունքը բացատրում են այն հանգամանքով, որ ռուսական համակարգերի միջոցով կարող է փոխանցվել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մասին տեղեկատվությունը: Իհարկե, սա լուրջ խնդիր է ԱՄՆ և ՆԱՏՕ-ի համար` հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանի հետ նրանց հարաբերություններում առկա լարվածությունը, որը սառը պատերազմի ավարտից հետո թերևս ամենամեծն է:

Սակայն արդյո՞ք այս ամենը կհանգեցնի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության դադարեցմանը, դժվար է ասել: Չարժե մոռանալ, որ Թուրքիան առանցքային նշանակություն ունի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համար մերձավորարևելյան տարածաշրջանում սեփական շահերն առաջ մղելու տեսանկյունից, ուստի նրանք դժվար թե հեշտությամբ Թուրքիային «բաց թողնեն»` հատկապես, որ դա կնշանակի վերջինիս էլ ավելի մերձեցում իրենց հակառակորդի` Ռուսաստանի հետ: Այստեղ ավելի հավանական է, որ C-400-ի գործարքի կայացման դեպքում ԱՄՆ-ը դադարեցնի Թուրքիային F-35-ի մատակարարումը, ինչի օգտին, ի դեպ, հանդես է գալիս Պենտագոնը:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ը C-400-ի գործարքի պատճառով Թուրքիայի վրա ճնշումն ուժեղացնի նաև այլ ուղղություններով: Այստեղ հարկ է հիշել, որ 2018 թվականին ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները, որոնք էլ ավելի խորացրեցին երկրում առկա տնտեսական ճգնաժամը, էական ազդեցություն ունեցան Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հարցում (Բրանսոնի գործը համարվում էր թուրք-ամերիկյան հարաբերությունների ամենախնդրահարույց հարցերից մեկը): Սակայն միայն տնտեսական շահով պայմանավորված Թուրքիան դժվար թե հրաժարվի C-400-ի գործարքից: Այն Անկարայի համար ունի ոչ միայն ռազմական նշանակություն. Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել C-400-ներն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվեց իրեն վաճառել Patriot համակարգերը: Մոսկվայի հետ այս գործարքով Անկարան հստակ մեսիջներ է փոխանցում ԱՄՆ-ին` փորձելով ցույց տալ, որ կարող է հանդես գալ որպես ինքնուրույն խաղացող:

Այդ «ինքնուրույնությունն» Էրդողանի համար ավելի կարևոր է, քան տնտեսական շահը: Դրանից հրաժարվելու համար Անկարային ավելին է պետք, սակայն ԱՄՆ-ը դեռևս միայն C-400-ների դիմաց այլ զինատեսակներ է առաջարկում:

Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում այսօր C-400-ների գործարքը միակ խնդրահարույց հարցը չէ: Կողմերը տարաձայնություններ ունեն մերձավորարևելյան քաղաքականության հարցում` մասնավորապես ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի խորացող համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Թուրքիային` Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդերին: Թուրքիան շարունակում է պնդել  ԱՄՆ-ից իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման վրա, ով մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Կողմերը հակասություններ ունեն նաև վենեսուելական ճգնաժամի շուրջ:

C-400-ների գործարքի պատճառով Թուրքիայի վրա ամերիկյան ուժեղացող ճնշումը կարող է ունենալ երկրորդային ազդեցություն` «նպաստելով» որոշ հարցերում կողմերի միջև համաձայնության ձեռքբերմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: