ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալացի պատգամավորները խոստացել են նոր խթան հաղորդել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու ուղղությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից:

Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժևորել է երկու ժողովուրդների միջև ձևավորված դարավոր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, քաղաքական արժեքների վրա:

Արարատ Միրզոյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված զարգացումները, միջազգային հանրության կողմից ազատ, արդար և ժողովրդավարական գնահատված խորհրդարանական ընտրությունները, վերջինիս արդյունքում ձևավորված օրենսդիր մարմնի առաջնահերթությունների օրակարգը: «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջին քայլն էին հեղափոխական այն գործընթացի, որը սկիզբ էր առել երկրում ժողովրդավարության ամրապնդման նպատակով»,-նշել է ԱԺ նախագահը:

Նա կարևորել է խորհրդարանական կառավարում ունեցող երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ գործակցությունը, փոխադարձ այցերը, փորձի փոխանակումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է այն կարևորությունը, որ մեր երկիրը տալիս է եվրոպական տարածաշրջանի հետ ինտեգրմանը: Այս համատեքստում նա արժևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` հույս հայտնելով, որ այցից հետո իտալացի գործընկերներն իրենց խորհրդարանում նոր խթան կհաղորդեն այս գործընթացին:

Արարատ Միրզոյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը` նշելով, որ միայն նման ոճրագործությունների դատապարտումով է հնարավոր կանխել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մաուրիցիո Լուպին նշել է, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող իրենց խմբի համար այս այցը լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ոչ միայն հայաստանյան քաղաքական գործընթացներին, այլև քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր պատմական ու մշակութային ժառանգությանը: Նրա խոսքով` սա իր հերթին մեծապես կնպաստի ավանդական կապերի հետագա զարգացմանը, նոր լիցք կհաղորդի հայ-իտալական համագործակցությանը:

Ըստ Մաուրիցիո Լուպիի` իրենք հետևել են Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացներին, ինչի արդյունքում ստեղծված նոր իրողությունները զարգացման լայն հեռանկարներ են բացել: Նա հավաստիացրել է, որ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատի և Պատգամավորների պալատի օրակարգային հարցերից են ու իրենց ջանքերն այս ուղղությամբ հետևողական են լինելու:

Հանդիպմանն իրենց տեսակետներն են հայտնել Իտալիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: