ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը Էրդողանի համար դառնում է կյանքի ու մահվան հարց

Anadolu Agency

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններն ազդարարեցին նախագահ Ռեջեփ Թայիփի Էրդողանի և նրա կուսակցության դիրքերի թուլացումը: Վերջին 16 տարում առաջին անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) պարտություն կրեց այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Իզմիրը, Ստամբուլը:  Վերջինս Թուրքիայի ամենամեծ տնտեսական և մշակութային կենտրոնն է, Անկարան` քաղաքական: Իզմիրը նույնպես կարևոր դերակատարություն ունի երկրի քաղաքական և տնտեսական կյանքում: Այժմ այս մեգապոլիսների քաղաքապետերի պաշտոնները զբաղեցնելու են այնպիսի գործիչներ, որոնց հետ նախագահ Էրդողանն շատ քիչ ընդհանրություն ունի։

Դա մեծ հարված է Թուրքիայի նախագահի համար, ով անձամբ էր մեծ ջանքեր  գործադրում այս ընտրություններում հաղթելու համար: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանն ու իր կուսակցության անդամները մեկ օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ էին անցկացնում հարյուր հազարավոր քաղաքացիների հետ` խոսելով ԱԶԿ-ի ձեռքբերումների` մասնավորապես նոր օդանավակայանների, էլեկտրակայանների, ինչպես նաև Սիրիայում ունեցած հաղթանակների մասին: Խոսվում էր ամեն ինչի մասին, սակայն խոսք անգամ չէր գնում հասարակ մարդկանց կարիքների, նրանց տնտեսական վատ վիճակի ու այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին:

Նշենք, որ վերջին մի քանի տարվա ընթացքում թուրքական լիրան աստիճանաբար անկում է ապրում, իսկ գործազրկության մակարդակը` աճում: Էրդողանին և իր կուսակցությանը տարիներ շարունակ չհաջողվեց գտնել տնտեսական զարգացման հաջողված մոդել: Երկար տարիներ բավականաչափ գումար ծախսվել է միայն ենթակառուցվածքների վրա, իսկ աշխատուժի արտադրողականության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր այդպես էլ չեն իրականացվել: Առաջին հերթին Թուրքիան հիանալի պոտենցիալ ունի գյուղատնտեսության համար: Սակայն բանջարեղենի ու մրգերի մեծ մասը ներկրվում են այլ երկրներից՝ գյուղատնտեսության ոլորտում բավականաչափ ներդրումներ չկատարելու պատճառով: Տնտեսական ծանր վիճակն առավել պատկերավոր դարձնելու համար նշենք, օրինակ, այն փաստը, որ ներկայումս Թուրքիայում առաջին անհրաժեշտության մթերքները անցած տարվա համեմատ բավականին թանկացել են, ինչն էլ դարձավ պատճառներից մեկը Էրդողանի ու իր կուսակցության վարկանիշի անկման համար:

Սակայն, Էրդողանը, կարծես, չի պատրաստվում ընդունել իր սխալները և հաշվի նստել Թուրքիայում քաղաքացիների ընտրության հետ: Նա ընտրություններից երեք շաբաթ անց դեռևս չի հաշտվում Ստամբուլում կրած պարտության հետ: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարն ԱԶԿ-ի համար դարձել է կյանքի ու մահվան հարց:  Էրդողանի խոսքով «ով ղեկավարում է Ստամբուլը, ղեկավարում է ողջ երկիրը»: Այդ իսկ պատճառով, չնայած նրան, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ստանձնել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պահանջել է չեղարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Նրանց պնդմամբ 14 հազար մարդ, որոնք նախկինում նախագահի հրամանագրով ազատվել էին իրենց պաշտոններից և զրկվել ընտրական իրավունքից, անօրինական կերպով, այնուամենայնիվ, մասնակցել են ՏԻՄ ընտրություններին: Նշենք, որ այսպիսի մեղադրանքները Թուրքիայում կայացած ընտրություններից հետո սովորական երևույթ են դարձել:

Հետաքրքրականն այն է, որ ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը որոշում կայացրեց մանդատներից զրկել երկրի հարավարևելյան շրջաններից քրդամետ կուսակցությունից ընտրված ութ քաղաքապետերին` նշելով, որ նրանք կառավարության հրամանագրով ավելի վաղ ազատվել էին իրենց զբաղեցրած պաշտոններից 2016-ին Թուրքիայում տեղի ոնեցած հեղաշրջման անհաջող փորձի պատճառով…

Եթե նույնիսկ Էրդողանին և իր կուսակցությանը հաջողվի նոր ընտրություններ նշանակել Ստամբուլում, ապա այդ դեպքում միանշանակ ասելը, որ նրանք կհասնեն իրենց բաղձալի ցանկությանը և կվերադաձնեն այդ քաղաքն իրենց վերահսկողության տակ, այդքան էլ իրատեսական չէ: Այն արդյունքները, որոնք գրանցվեցին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ցույց տվեցին, որ ներքաղաքական ճգնաժամի ֆոնին Թուրքիայում` հատկապես խոշոր քաղաքներում, Էրդողանի և իր կուսակցության վարկանիշն անկում է ապրել:

Եվ այդպես շարունակվելու դեպքում այն կարող է նպաստել գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի ակտիվացմանն ու կոնսոլիդացմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: