ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահի հանդիպումը

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

Տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև «Մետաքսե ճանապարհ»-ի արդյունքն է: «Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը:

Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

ՉԺՀ նախագահի խոսքով` հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: ՉԺՀ նախագահը միաժամանակ հավելել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին հրավիրելու և այս հանդիպման հնարավորության համար, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները: «ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և շնորհավորել Սի Ծինփինին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր մեր երկիրը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ:

Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում:

Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը և նշել, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 46%
Քամի՝ 8 կմ/ժ
20 C°
 
20°  33° 
26.08.2019
20°  32° 
27.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը