ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի ընտրություններ. եվրոպամետ ուժերը դեռևս կպահպանեն մեծամասնությունը

Philenews

Մայիսի 23-26-ը կայանալու են Եվրամիության միակ ուղղակի ընտրվող մարմնի՝ Եվրոպական խորհրդարանի հերթական ընտրությունները: ԵՄ 28 անդամ երկրների քաղաքացիները, այդ թվում Եվրամիությունը լքելու ճանապարհը բռնած Մեծ Բրիտանիան, ընտրելու են 751 պատգամավորի, ովքեր պետք է ներկայացնեն իրենց հաջորդ 5 տարիների ընթացքում:

Ընտրություններն այս տարի Եվրամիության կարևորագույն իրադարձություններից են և վերջին ամիսների թոփ թեման են ինչպես ԵՄ օրակարգում, այնպես էլ փորձագիտական և մեդիա դաշտում:

Փորձենք առանձնացնել առաջիկա ընտրությունների հետ կապված մի քանի հիմնական միտումներ ու կանխատեսումներ:

Միտումներ

Փորձագետներն առանձնացնում են մի քանի միտում, որոնք մշտապես «ուղեկցում» են Եվրախորհրդարանի ընտրություններին:

Առաջին հերթին, դա ընտրողների շարունակական նվազող մասնակցությունն է. Եվրախորհրդարանի առաջին`1979թ. կայացած ընտրություններին այն կազմել է մոտ 62% և շարունակ նվազելով հասել է 42.61% 2014 թվականին:

Մյուս միտումը մերժողական, «դեմ» քվեարկությունն է: Սա բացատրվում է նրանով, որ Եվրախորհրդարանի ընտրություններն անցկացվում են ազգային խորհրդարանների ընտրություններից հետո և հաճախ ընտրողները համաեվրոպական ընտրություններին քվեարկում են ընդդիմադիր կուսակցությունների օգտին՝ այդպիսով արտահայտելով իրենց դժգոհությունը սեփական երկրի իշխանություններից:

Մեկ այլ միտում է իրապես եվրոպական թեմատիկայի պակասը նախընտրական արշավների ընթացքում: ԵՄ անդամ պետություններից յուրաքանչյուրում Եվրախորհրդարանի ընտրություններն անցկացվում են սեփական ազգային խնդիրների համատեքստում, այլ ոչ համաեվրոպական: Արդյուքնում` ներքին, լոկալ բնույթ կրող խնդիրներն ազդում են համաեվրոպական խորհրդարանի արդյունքների վրա: Այս առումով զգացվում է նաև համաեվրոպական կուսակցությունների պակաս, որոնք կբարձրացնեին ողջ Եվրոպային առնչվող հարցեր ու խնդիրներ, կներկայացնեին եվրոպացիների շահերը համաեվրոպական մակարդակում:

Կանխատեսումներ

Այսօր Եվրախորհրդարանում ներկայացված են 8 քաղաքական խմբեր: Ընտրությունների արդյուքներով պատկերը կարող է, իհարկե, փոխվել. ներկայիս խմբերը կարող են մանդատների այլ քանակ ստանալ, կարող են ձևավորվել նոր քաղաքական խմբեր կամ կարող են այլ վերդասավորումներ տեղի ունենալ:

Ըստ Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված կանխատեսման, Եվրախորհրդարանի երկու ամենախոշոր քաղաքական խմբերի` աջ-կենտրոնամետ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և ձախ-կենտրոնամետ «Սոցիալ-դեմոկրատների պրոգրեսիվ ալյանս»-ի  կոալիցիան, որը ղեկավարել է Եվրախորհրդարանը վերջին 40 տարիների ընթացքում, կարող է կորցնել մեծամասնությունը: Այս 2 ուժերի կոալիցիան կարող է ստանալ ձայների 45%-ը (այժմ նրանք ունեն 53%):

Այժմ Եվրախորհրդարանի ամենախոշոր քաղաքական խումբը` «Եվրոպական ժողովրդական կուսակցություն»-ը  (որը միավորում է ԵՄ քրիստոնեա-դեմոկրատական և պահպանողական կուսակցությունները) տիրապետում է ընդհանուր 751 մանդատներից 216-ը: Ընտրությունների արդյունքում, ըստ կանխատեսումների, այն կարող է ստանալ մոտ 183 մանդատ:

Այժմյան խորհրդարանի երկրորդ խոշոր ուժը` «Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ ալյանսը» կարող է կորցնել 51 մանդատ` այժմյան 186-ի փոխարեն ստանալով 135-ը: Մեծությամբ 3-րդ խմբակցությունը` «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» ևս, որի հիմքն են կազմում Մեծ Բրիտանիայի պահպանողական ու Լեհաստանում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունները, կարող է  կորցնել մանդատներ` հաշվի առնելով սպասվող Brexit-ը, որից հետո կրճատվելու են Եվրախորհրդարանի մանդատները: Brexit-ը կարող է պատճառ դառնալ նաև «Ազատության և ուղիղ ժողովրդավարության Եվրոպա» խմբի (որի շարժիչ ուժն է Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունը) կրճատման համար` 5,5%-ից 4,3%:  

Կանխատեսումների համաձայն լիբերալների խումբը` «Լիբերալների և դեմոկրատների ալյանս Եվրոպայի համար» (ALDE)-ն հնարավոր է դառնա մեծությամբ երրորդ խմբակցությունը`ստանալով մանդատների 11%-ը՝ այժմյան 9-ի փոխարեն: Ապագա խորհրդարանում ALDE–ն կարող է միավորվել գաղափարախոսությամբ իրեն մոտ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հանրապետությունը գնում է առաջ» կուսակցության հետ` այդպիսով բարձրացնելով մանդատների թիվը մինչև 13,5%:  Իսկ նրանց հակառակորդները` ծայրահեղ աջ «Ազգերի և ազատությունների Եվրոպա» -ն, որի կազմում են աջ-ծայրահեղական Մարին լը Պենի «Ազգային պլատֆորմ» և Մատեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» կուսակցությունները, ըստ կանխատեսումների շանսեր ունեն ավելացնելու իրենց տեղերն այժմյան 5%-ից մինչև 8%: Ընդհանուր երեք եվրահոռետես աջակողմյան խմբերը, հնարավոր է, ստանան ընդհանուր մանդատների 1/5-ը:

Կանաչների մանդատների նվազում ևս կարող է արձանագրվել` 6.9%-ից 6.4%:

Ընդհանուր առմամբ, թեպետ, եվրոպամետ ուժերի ձայների կորուստ է սպասվում, այնուամենայնիվ, նրանք դեռևս կպահպանեն մեծամասնությունը Եվրախորհրդարանում, իսկ եվրահոռետեսներն ունեն մեծ շանսեր ավելացնելու իրենց ներկայացվածությունը և զբաղեցնելու խորհրդարանի տեղերի ավելի քան 1/5-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: