ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջիկայում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության դադարեցումն իրատեսական չէ. թուրքագետ

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունն ավելի է աճել կապված ռուսական Ս-400 համակարգերի` Թուրքիային մատակարարելու հետ: Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Ռազմինֆո մասնագիտացված կայքի թուրքագետ Միլենա Այվազյանի հետ:

 

-ԱՄՆ-ի կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, նշելով, որ եթե Անկարան գնի ռուսական հրթիռային համակարգեր, ԱՄՆ-ը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի և Թուրքիային հանի F-35 ծրագրից:- Թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա S-400-ների գործարքն ինչ ազդեցություն կունենա:

- Ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գնմանը ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ են արտահայտվում դեռ 2017թ․ դեկտեմբերից՝ Թուրքիա-Ռուսաստան համապատասխան պայմանագրի կնքումից սկսած։ Կոնգրեսականներից առաջ էլ այս տարվա մարտի վերջին մի քանի սենատոր նույնպես նախագիծ էին ներկայացրել, որով պետք է արգելվեր Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել Ս-400-ներից։ Երկու օր անց էլ՝ ապրիլի 1-ին ԱՄՆ-ն դադարեցրել էր Թուրքիային F-35-երի անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը։ Այժմ` մինչև նոյեմբերի 1-ը, F-35-երը Թուրքիա չեն մատակարարվելու։ Այսինքն՝ թուրքերն ԱՄՆ-ում արդեն ստացել են 4 միավոր կործանիչ, սակայն դրանք շարունակում են մնալ Ամերիկայում, որտեղ թուրք օդաչուները մարզումներ են անցում։

Այսպիսի հայտարարություններն ու նախագծերը հատկապես վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ են կրում, քանի որ Թուրքիան նախատեսում է արդեն հուլիսին ստանալ ռուսական Ս-400-ները։ ԱՄՆ-ն վաղուց է պատժամիջոցներով սպառնում Թուրքիային, բայց պիտի նշեմ, որ թուրք բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրեթե ամեն օր հայտարարում են, որ ռուսական համակարգերի գործարքն արդեն կատարված է ու Թուրքիան հետ քայլ չի անելու։ Խնդրի լուծման համար Թուրքիան առաջարկում է ստեղծել համապատասխան խորհուրդ, որը կզբաղվի այս հարցով։ Երկու օր առաջ ԱՄՆ-ն դիմել էր Թուրքիային Ս-400-ների մատակարարումները հետաձգելու համար, որ կարողանա զբաղվել խորհրդի ստեղծմամբ, սակայն Թուրքիան մերժել էր։

Երկու երկրների հարաբերություններում այժմ այս թեման քաղաքական կոնֆլիկտի է հանգեցրել։ Հնարավոր պատժամիջոցների թվում է հենց F-35-երի մատակարարման դադարեցումը։ Այսինքն՝ դրանք կարող են հավաքվել ու պատրաստվել, սակայն շարունակել մնալ Ամերիկայում։

Այլ պատժամիջոցներից․ օրինակ՝ անցած տարի, երբ Թուրքիան հրաժարվում էր արտահանձնել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, Ամերիկան պատժամիջոցներ սահմանեց թուրք երկու՝ արտադարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ` պնդելով, որ նրանք են քահանայի «ապօրինի ձերբակալության հիմնական մեղավորները»։ Բացի այդ, ԱՄՆ-ն նաև Թուրքիայի համար կրկնակի բարձրացրեց մետաղների սակագները։ Այսինքն՝ ԱՄՆ-ն դեռ կարող է այսպիսի քայլերով ճնշել Թուրքիային, բայց իրատեսական չեմ համարում առաջիկայում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության դադարեցումը, ինչով ևս ԱՄՆ-ն սպառնում է, քանի որ որքան ՆԱՏՕ-ն է պետք Թուրքիային, այնքան էլ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ին։

 

— Թուրքիայում մայիսի 13-ին մեկնարկել են խոշորամասշտաբ ռազմածովային վարժանքներ։ Թուրքական այս զորավարժության նպատակները որո՞նք են: Ո՞ւմ դեմ են ուղղված այս վարժանքները:

— Նման ռազմածովային խոշոր զորավարժություն Թուրքիան արեց նաև այս տարի փետրվար-մարտ ամիսներին, ու դեռ այն ժամանակ ասում էին, որ դա հանրապետության պատմության ամենամեծ ռազմածովային զորավարժությունն է։ Զորավարժությունը նշանավոր է նրանով, որ անցկացվում է միաժամանակ երեք՝ Էգեյան, Միջերկրական ու Սև ծովերում։ Բայց պիտի նշեմ, որ փետրվարին անցկացրած զորավարժությանն ավելի շատ տեխնիկա էր ներգրավված։

Առհասարակ, պարտադիր չէ, որ զորավարժությունն ուղղված լինի որևէ մեկի դեմ։ Իսկ հայտարարված նպատակը ռազմածովային ուժերի մարտավարությունը ու գործողությունների պատրաստության մակարդակի բարձրացումն է։

 

Զրուցեց Ռոզի Միքայելյանը

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: