ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի ճանապարհին. Շոտլանդիան կրկին անկախության հայտ է ներկայացնում

MercoPress

Մեծ Բրիտանիայում ընթանում է իշխող պահպանողական կուսակցության առաջնորդի  թեկնածուների քարոզարշավը: Հաղթողը կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:

Թեև Պահպանողականների առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարելու է 10 թեկնածու, նրանցից և ոչ մեկը չունի որևէ նոր առաջարկ Միացյալ Թագավորությունը «պառակտած» և քաղաքական ճգնաժամի հասցրած Brexit-ի հարցով: Անկախ վարչապետի թեկնածուների՝ այս հարցի շուրջ ունեցած տեսլականներից, Եվրամիությունը դեռևս Թերեզա Մեյի` հրաժարական ներկայացնելու օրը՝ մայիսի 24-ին հայտարարեց, որ իր դիրքորոշումը Brexit-ի հարցում անփոփոխ կմնա վարչապետի հրաժարականից հետո:

Մեծ Բրիտանիայում Brexit-ի «թնջուկին» և դրա հետ կապված ճգնաժամին զուգահեռ ակտիվացել են քննարկումները նաև Շոտլանդիայի անկախացման հարցի շուրջ: Միացյալ Թագավորության մաս կազմող Շոտլանդիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայից անկախանալու երկրորդ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրինագիծ է հրապարակել, ըստ որի հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչև 2021թ.` առանց նշելու հստակ ժամկետներ: Օրինագիծը շոտլանդական խորհրդարանի կողմից կդիտարկվի մինչև այս տարվա վերջ, սակայն գործընթացը կարող է արագացվել` ելնելով ընթացիկ զարգացումներից: Էդինբուրգը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ, և Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենի խոսքով հանրաքվեն թույլ կտա շոտլանդացիներին որոշել` դառնալ անկախ եվրոպական պետություն, թե՞ համակերպվել պարտադրված Brexit-ի հետ:

Հիշեցնենք, որ 2016թ. Brexit-ի հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայում քվեարկությանը մասնակցածների 63%-ը դեմ էր արտահայտվել Եվրամիությունից դուրս գալուն: Հիշեցնենք նաև, որ Շոտլանդիայի` 2014թ. կայացած անկախացման հանրաքվեի արդյունքում 55.3%-ը դեմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու գաղափարին և նրանց հիմնական փաստարկն էր Եվրամիությանն անդամակացության կորուստը: Սա հաստատեց նաև այդ ժամանակ Եվրահանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ անկախացման դեպքում Շոտլանդիան կլքի Եվրամիությունն ու ստիպված կլինի անցնել անդամակցության ողջ գործընթացը զրոյից:

Երկրորդ հանրաքվե անցկացնելու հարցն արդիական է դարձել, քանի որ էական փոփոխության է ենթարկվել 2014թ. հանրաքվեի ժամանակ եղած նոմինալ վիճակը` Մեծ Բրիտանիան 2014-ին ԵՄ անդամ էր, իսկ այժմ ԵՄ անդամակցությունը դադարեցնելու ճանապարհին է: Եվ, ինչպես արդեն նշեցինք, հանրաքվեի ժամանակ ԵՄ քաղաքացի, ԵՄ անդամ-պետության կազմում մնալու հանգամանքը շատ էական դեր է ունեցել անկախությանը դեմ քվեարկողների որոշման հարցում: Բացի այդ, 2016թ. Շոտլանդիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցության` ընտրություններից առաջ հրապարակած մանիֆեստում նշվում էր, որ կուսակցությունը կդիտարկի անկախացման երկրորդ հանրաքվե անցկացնելու հարցը հանգամանքների էական փոփոխության, օրինակ՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պարագայում:

Դեռևս մինչև հրաժարական ներկայացնելը վարչապետ Թերեզա Մեյը քանիցս հայտարարել է, որ կմերժի Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու դիմումը: Վարչապետի ներկայիս թեկնածուներից երեքը ևս երկրորդ հանրաքվե անցկացնելու մասին օրինագծի  հրապարակումից հետո հայտարարել են, որ կմերժեն Շոտլանդիայի վարչապետի դիմումը:

Անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Միացյալ Թագավորությունն այս հարցի շուրջ, ժողովրդավարական երկրում դժվար կլինի չհարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: Եվ սա կարող է ավելի բարդացնել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի գործը Brexit-ի՝ առանց այն էլ բարդ ու փակուղային գործընթացում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: