ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքական ճգնաժամ Մոլդովայում. խորհրդարանը չի պատրաստվում լուծարվել

Մոլդովայում շարունակվում է շաբաթ օրվանից հաստատված երկիշխանությունը, նախագահ Իգոր Դոդոնն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նա չեղարկել է խորհրդարանի լուծարան մասին հրամանը:

Շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը նախագահի լիազորությունները ժամանակավորապես Իգոր Դոդոնից փոխանցել է վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպին:

Սահմանադրական դատարան նման խնդրանքով դիմել էին Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորներ՝ իրենց պահանջը հիմնավորելով նրանով, որ սոցիալիստ նախագահը հրաժարվում է ստորագրել հրամանը՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրությունները երկրում տեղի էին ունեցել 2019թ. փետրվարի 24-ին, 35 մանդատ ստացել էր Իգոր Դոդոնի գլխավորած Սոցիալիստական կուսակցությունը, 30՝ Դեմոկրատական կուսակցությունը, երրորդ ուժը` «ACUM Platforma DA și PAS» բլոկը, ստացել էր 26 մանդատ, ևս 7 մանդատ ստացել էր «ՇՈՐ» քաղաքական կուսակցությունը, 3 տեղ զբաղեցրել էին անկախ թեկնածուները:

Սակայն խորհրդարանի ձևավորումից հետո այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ և կառավարություն ձևավորել: Այդ կապակցությամբ անցյալում ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ եթե եռամսյա ժամկետում չհաջողվի կառավարություն ձևավորել, նախագահը պարտավոր է լինելու արձակել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել: Հունիսի 8-ին այդ ժամկետը սպառվել է (կողմերի միջև վեճ կա՝ ժամկետը սպառվում էր հունիսի 8-ին, թե 9-ին), սակայն նախագահ Դոդոնը հրաժարվել է արձակել խորհրդարանը:

Սահմանադրական դատարանի որոշմամբ նորանշանակ նախագահ Պավել Ֆիլիպը հրաման է ստորագրել խորհրդարանի արձակման վերաբերյալ: Չնայած դրան, հունիսի 8-ին Սոցիալիստական կուսակցության և ACUM աջ բլոկի պատգամավորները նիստ են գումարել, խորհրդարանի ղեկավար մարմիններ և կառավարության կազմ հաստատել՝ Մայա Սանդուի գլխավորությամբ: Նրանք կոչ են արել ՍԴ-ին հրաժարական տալ: Ի պատասխան, Դեմոկրատական կուսակցությունն ակցիաներ է սկսել պետական կառույցների մուտքերի մոտ: Իգոր Դոդոնը նույնպես հայտարարել է իրենց կողմնակիցների մասնակցությամբ բողոքի ցույցերի անցկացման մտադրության մասին:

Այժմ խնդիր է ծառացել, թե ինչպես Մոլդովան կարող է դուրս գալ ներքաղաքական ճգնաժամից: Իգոր Դոդոնը հայտարարել է, որ չի բացառվում նաև Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխման և նրանց նշանակման վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու սցենարը: Դա հնարավորություն կտա չեղարկել ՍԴ որոշումը և վերջ տալ երկիշխանությունը: 

Սոցիալիստները մեղադրում են Դեմոկրատական կուսակցությանը՝ օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի գլխավորությամբ, իշխանության բռնազավթման համար:

Նորանշանակ վարչապետը նամակներ է հղել Եվրահանձնաժողով, Եվրոպայի Խորհուրդ և Վենետիկի հանձնաժողով՝ խնդրելով գնահատական տալ Սահմանադրական դատարանի քայլերին: Իգոր Դոդոնը կոչ է արել միջազգային միջնորդներին «գալ, խումբ ձևավորել իշխանության խաղաղ փոխանցման համար»: Եվրամիությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել աշխատել խորհրդարանի և ձևավորված կառավարության հետ:

Մոլդովայում ներքաղաքական խոր ճգնաժամի պատճառ է դարձել քաղաքական կուսակցությունների՝ համաձայնության գալու ընդունակ չլինելը, ինչպես նաև վերջին շրջանում կուտակված բավական շատ խնդիրները: Դրանց թվում են մի շարք խոշոր կոռուպցիոն սկանդալները, եվրոպամետ ուժերի իշխանության օրոք բյուջեից մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստը, օլիգարխիկ համակարգի առկայությունը և այլն: Հակասությունների պատճառ է նաև նախագահ Դոդոնի՝ եվրասիական բլոկի հետ համագործակցելու ձգտումը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում Մոլդովայի համար դիտորդի կարգավիճակի սահմանումը:

Այս պահի դրությամբ, կարծես թե, Դոդոնը և սոցիալիստների ու Acum բլոկի կառավարությունը կարողանում են պահպանել իշխանությունը, այդ թվում՝ ստանալով արտաքին աջակցություն: Սակայն, խնդիրը պետք է իրավական լուծում ստանա: Ցույցերը երկրում դեռ կարող են շարունակվել: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ ոստիկանությունը չի ընդունում նորանշանակ ներքին գործերի նախարարին և շարունակում է ենթարկվել Ալեքսանդր Պինզարին՝ Ոստիկանության գլխավոր տեսուչին, ում նորանշանակ նախարարը հեռացրել է պաշտոնից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: