ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանա լճում խորտակված բնակավայրերն ու հայկական հետքը

«Վանա լճում ուրարտական շրջանի բնակավայրի պատեր են հայտնաբերվել»․ 2017 թ․ թուրք սուզորդների բացահայտումն ու տարածած տեսանյութը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում։ Այս մասին հայտնում է Akunq.net-ը` հղում կատարելով Hy.armradio.am -ին:

Հայերից շատերին հետաքրքրեց ջրասույզ բնակավայրը, հայ սոուզորդներն էլ որոշեցին իրականություն դարձնել 1000-ների երազանքը։ Արմդայվինգի թիմը «Ծովից-ծով Հայաստան» սուզարշավային նախագծի շրջանակում 2014 թ. մեկ անգամ սուզվել էր Վանա լճում, երկրորդը սուզարշավը պատմության հետքերով էր։

«Այս կողմերում սուզվել ենք Թասիլ Խոջայի հետ, գտել ենք տապանաքարեր, որոնք մասնագետների բնորոշմամբ՝ սելջուկների տապանաքարեր են, հետևաբար այս տարածքներում մեզանից առաջ սելջուկներն են ապրել ու իրենց հետքրը թողել»,- ասում է «Վան Դայվինգ»  կազմակերպության ինստրուկտոր Սերկա Սագան։

Վանա լճի գաղտնիքները գրքում նկարագրված տապանաքարերը հայտնաբերվել են Խլաթի կամ թուրքական անվանումով՝ Ահլաթի հատվածից, ինչի էլ եզրակացրել են, որ ջրասույզ եղածը «միայն սելջուկական մշակույթի վկայություններն են»։

Հայ սուզորդները Սերկայի ուղեկցությամբ պատրաստվում են սուզվել Արծկեի հատվածում։  Թիմի ղեկավար՝ Մամիկոն Հակոբյանը, վերջին ցուցումներն է տալիս։

Այն, ինչ տեսան ու տեսագրեցին հայ սուզորդները, զարմացրեց նույնիսկ տեղանքին քաջածանոթ թուրք սուզորդին։

«Հիմնական նպատակը խորտակված քաղաքը տեսնելն էր, պատերը պահպանված, որոնք ըստ իրենց՝ թուրք սելջուկների քաղաքներ են եղել, բայց պատերին հայկական գրեր են»,- ասում է «Արմդայվինգ» ՀԿ նախագահ Տիգրան Ազիզբեկյանը։

«Ջրի տակ, երբ որ ափից մտանք, առաջին բանը, որ տեսանք, պարսպի պատն էր, երևի ջրի հատկությունների հետ կապված՝ շատ լավ էր պահպանված։ Պատն ուներ ուրարտական շարվածք վերևի հատվածում, իսկ ներքևի հատվածում ժայռի վրա էր, կարծես թե կիկլոպյան շարվածքի հետքեր կային։ Պատի երկայնքով գնացինք դեպի ավելի խորքերը ջրի»,- նշում է հնագետ, «Արմդայվինգ» ՀԿ սուզորդ Սոնա Մանուկյանը։

Արծկեի ավելի խորը հատվածում հայ սուզորդների խումբը ևս 1 սուզում կատարեց։ Սերկան ասում էր, որ այդ հատվածում մի աշտարակ է տեսել, և մենք առաջին խումբն ենք, որ տեսնելու էինք այդ նորահայտ աշտարակը՝ Վանա լճի հատակին։ Ցավոք սրտի մեր տեսախցիկները չկարողացան տեսագրել այն ամենը, ինչ տեսանք լճի հատակին, միայն մի քանի կցկտուր կադրեր, ինչը սակայն մեծ բացահայտում էր նույնիսկ թուրք զուզորդի համար։

«էդ շարվածքի ուղությամբ, քանի որ ինչ-որ մի բան տեսել էինք, հավանականություն կար, որ դրա մոտակայքում լինեին ավելի հետաքրքիր մասունքներ, որոնք կարելի էր հետազոտել»,- ընդգծում է սուզորդ Սերոբ Սեր-Պետրոսյանը։

«Շարունակությունը պատի, որտեղ կան խաչքարեր, զարդաքանդակներ ու նաև հայկական գրեր։ Ճիշտն ասած՝ չկարողացանք կարդալ թե ինչ է գրված»,- նշում է սուզորդ Արթուր Շահինյանը։

Հայաստանում տեսագրած գիրը կարդաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը․

«Հիշեցեք Ի քրիստոս ․․․Սա ավելի զարգացած միջնադարի տառատեսակ է , 12-13-րդ դարի, նույնիսկ 11»։

Որ Արծկեում հայեր են ապրել՝ թուրք սուզորդն առաջին անգամ էր լսում հայ զբոսավարից։ Գիտեր 2 բերդերի մասին, որոնցից մեկը լճի հատակին էր, իսկ թե ինչ բերդեր են, ինչպիսի պատմություն են ունեցել և մշակութային ինչ ժառանգություն են ստացել, լավ գիտի Սամվել Կարապետյանը, ով «Հայաստանի պատմություն» 36 հատորյա գրքաշարի 3րդ հատորն ամբողջովին նվիրել է Արծկերի պատմությանն ու նյութական մշակույթի հուշարձաններին։

«Մեծ Հայքը՝ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք, Վանա լճի հյուսիսային ափն է, Սիփանից մինչև լճի ափերը հասնող հատված։ Հայոց օրրանի սիրտն է։ Արծկե քաղաքի պատմության մի կարևոր մասը, բայց վաղեմության առումով ավելի հին մասը գտնվում է ջրի տակ»,- ասում է հուշարձանագետը։

Հայ մատենագրությանը Արծկեն հայտնի է 5րդ դարից․ հիշատակել են Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին։ Վաղ միջնադարում գավառը պատկանել է Խորխոռունիներին և կոչվել Խորխոռունիք։ Արաբական տիրապետության ժամանակ Արծկեին տրվում է Ալ-ջավազ անվանումը, ինչը Ադիլջևազ տարբերակով ժառանգել են թուրքերը։ Թուրք զբոսավարները գիտեն Արծկեի երկու՝ լեռնային ու ծովային բերդերի տեղերը, հայ մասնագետները ոչ միայն տեղը, այլ նաև՝ պատմությունը լավ գիտեն։

«2 բերդերն էլ առնվազն վաղ միջնադար են, ծովային բերդը՝ ուրարտական հիմքով, սա արդեն Արծկեի նվաճումից հետո սելջուկների կողմից ամրացված, ավելի ընդարձակված, բայց՝ հին Հայոց բերդի պարիսպների վրա։ Այնտեղ շատ հստակ երևում է, շարվածքով տարբերվում, և ժամանակների խզում կա»,- ասում է Կարապետյանը։

Վանա լիճը չունի լճից սնվող գետեր, և դարերի ընթացքում ջրի մակարդակի բարձրացումն ակնհայտ է։ Սամվել Կարապետյանն ուսումնասիրել է լճի ավազանի գրեթե բոլոր հուշարձանները, փաստագրել, վերլուծել և վստահ է՝ Վանում մեծ թիվ են կազմում ջրասույզ հուշարձանները, բնակավայրերի, եկեղեցիների, բերդերի ու պարիսպների հիմքերը, միայն թե համատեղ աշխատել է հարկավոր, չափագրել ու ջրի երես դուրս բերել՝ ի շահ տարածաշրջանի պատմության։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: