ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Los Angeles Times-ը՝ Ջուլֆայում պատմական հայկական հուշարձանների ոչնչացման մասին. ոմանք դա «մշակութային ցեղասպանություն» են անվանում

LA

Դարեր շարունակ Ջուլֆայի սուրբ խաչքարերը՝ 16-րդ դարի հսկայական և հարուստ զարդանախշերով հուշաքարերը, կանգնած են եղել Արաքսի ափերին՝ զգոնությամբ պահպանելով աշխարհի խոշորագույն միջնադարյան հայկական գերեզմանոցը։ Երկրաշարժերը, պատերազմներն ու վանդալիզմը նոսրացրել են նրանց շարքերը, բայց 20-րդ դարի կեսերին հազարավոր խաչքարեր դեռևս կանգուն էին, փոխանցում է news.am-ը՝ հղվելով LATimes-ին։

Մինչդեռ այսօր Ջուլֆայում՝ Ադրբեջանի հեռավոր նախիջևանյան տարածարջանում չկա ոչ մի խաչքար։ Չնայած դրանց պաշտպանության վերաբերյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի 2000 թվականի հանձնարարությանը, Hyperallergic ամսագրում այս տարի հրապարակված վկայությունները ցույց են տալիս, որ հուշարձանները թաքուն և պարբերաբար ոչնչացվել են՝ Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի վարած քաղաքականության շրջանակներում։   

Հոդվածում նշվում է, որ ավերածությունների մասշտաբներն ապշեցնում են․ 89 միջնադարյան եկեղեցիներ, 5840 խաչքար և 22 000 տապանաքար։ Նշված հոդվածի համահեղինակ 33-ամյա Սիմոն Մաղաքյանը 1997-2006 թվականներին Ադրբեջանում եկեղեցիների և հուշարձանների ոչնչացումն անվանել է «XXI դարի մշակութային ցեղասպանություն»։ 

Ակտիվիստների խոսքերով, 2003 և 2009 թվականների արբանյակային լուսանկարները վկայում են Ջուլֆայում աշխարհի ամենամեծ միջնադարյան հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին։ 

Մաղաքյանը ցույց է տալիս «առաջ և հետո» լուսանկարների սլայդներ, արբանակային լուսանկարներ, ադրբեջանական արխիվային փաստաթղթեր ու տեսագրություններ՝ ադրբեջանական բանակի կողմից հայկական սրբավայրերի ու արտեֆակների ոչնչացման ապացույցներ։

Ի տարբերություն «Իսլամական պետության» և թալիբների, որոնք նպաստել են պատմական ավերակների ու հուշարձանների ոչնչացմանը, ադրբեջանական պաշտոնյաները հերքում են, որ հայկական գերեզմանոցներն ու եկեղեցիները, որոնց մասին խոսվում է, երբևէ գոյություն են ունեցել։

«Դա ավելի վատ է, քան այն ինչ անում էր «Իսլամական պետությունը»,- ասում է Մաղաքյանը,- «Ինչպե՞ս կարող էր աշխարհը անտեսել դա։ Ինչպե՞ս Ադրբեջանը անպատիժ մնաց։ և եթե ես չպատմեմ այս պատմությունը, ապա ո՞վ դա կանի։ Ես երբեք չեմ ների ինձ, եթե աշխարհը չիմանա մեր ժամանակների ամենամեծ մշակութային ցեղասպանության մասին»։

Նախիջևանը մեկուսացված տարածաշրջան է, որը վերահսկվում է Ադրբեջանի կողմից, սակայն առանձնացված է այս երկրի մնացած մասից, որը շրջապատված է Հայաստանով, Իրանով և Թուրքիայով։ Պատմականորեն հայկական Նախիջևանի տարածքը այսօր բնակեցված է առավելապես ադրբեջանցի թուրքերով։ Մաղաքյանն այն բնութագրեց որպես «նախկին Խորհրդային Միության Հյուսիսային Կորեա», որին ակնդետ հետևում էին և խստորեն վերահսկում։ Մասնավորապես, Ջուլֆան դժվարամատչելի է, այն տեղակայված է Նախիջևանի և Իրանի միջև հարավային ռազմականացված սահմանի երկայնքով։

Մաղաքյանների ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ Սիմոնը 16 տարեկան էր։ Երեք տարի անց, 2005թ․, Մաղաքյանը սովորելիս է եղել քոլեջում, երբ պատահաբար աչքով է ընկել ռուսական տեղեկատվական գործակալության թղթակցությունն այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զիվորները Ջուլֆայում մուրճով ջարդում խաչքարերն ու թափում դրանք Արաքսի մեջ (Տեսանյութը նկարահանել էր Նշան Թոփուզյանը՝ հայ եպիսկոպոս, որն ապրում էր սահմանի այն կողմում՝ Իրանում):

Սառա Պիկմանը, որը նույնպես հոդվածի համահեղինակն է, համարյա նույն ժամանակ տեսել է Թոփուզյանի տեսագրությունը։ Այժմ նա պատմական գիտությունների թեկնածու է Ելի համալսարանում, իսկ այն ժամանակ նա հնագետ ուսանող էր Չիկագոյի համալսարանում և որոշել էր Ջուլֆայի ոչնչացված խաչքարերի պատմությունը հրապարակել «Հնագիտություն» ամսագրում։

Մաղաքյանը հոդվածը կարդալուց հետո կապվել է Պիկմանի հետ, և նրանք սկսել են միասին աշխատել, որպեսզի հավաքեն և ներկայացնեն ականատեսների վկայությունները, պատմական լուսանկարները և այլ ապացույցներ։ 2006թ․ նրանք դրամ են հավաքել «առաջ և հետո» արբանյակային լուսանկարների գնման համար և նկարահանել են կարճ փաստագրական «Արաքսի նոր արցունքները» ֆիլմը։

Մոտ 20 խաչքարեր, որոնք խորհրդային տարիներին հանվել են Ջուլֆայից, պահպանվում են աշխարհով մեկ թանգարանների հավաքածուներում, այդ թվում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստների թանգարանում (Թանգարանը խաչքարերն անցյալ տարի ներառել էր «Հայաստան» հայտնի ցուցահանդեսում)։

Մաղաքյանը ոչ միայն անտրտունջ տարածում է մշակութային այդ կորստի մասին տեղեկատվությունը։ Այժմ նա ՄԱԿ Անվտանգության խորհրդին համոզում է Նախիջևանում Ադրբեջանի գործողությունների հետաքննություն սկսել։

Նրա խոսքերով, իր գլխավոր նպատակը պարզապես ստիպելն է, որ աշխարհը վկայի մշակութային ցեղասպանության ակտի մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: