ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանի արձագանքը Թուրքիայի հնարավոր հարձակման մասին շրջանառվող լուրերին ավելի շատ հարցեր է առաջացնում

Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից ի վերջո անդրադարձ եղավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով լրագրողի հարցին, որ շվեդական կայքի հրապարակած փաստաթղթերի համաձայն Թուրքիան ռազմական գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի դեմ, նշեց, որ հարցն իր մեջ պարունակում է լուրջ մտահոգություն, բայց առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից, ինչը դեռևս բացակայում է:

Նշենք, որ խոսքը վերաբերվում է վերջին օրերին լրատվադաշտում հայտնված տեղեկություններին առ այն, որ Թուրքիան Հայաստանի վրա օդային հարձակման ծրագիր է ունեցել: Տեղեկությունը տարածել է շվեդական «Nordic Monitor» հետազոտական կենտրոնը, որի հիմնական առաքելություններից է Եվրոպայում ու դրանից դուրս ծայրահեղականության, ահաբեկչության միտումների ուսումնասիրությունը, մշտադիտարկումն ու դրանց հանրայնացումը: Հետազոտական կենտրոնի ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ Թուրքիայի կողմից ծրագրված է եղել ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ օպերացիան կոդավորված է եղել «Altay» անվամբ և հաստատվել է 2001 թվականին:

Իհարկե, հարկ է նշել, որ ռազմական մշակված ծրագիր ունենալը դեռ չի նշանակում ունենալ մտադրություն այն կյանքի կոչելու: Եթե հարցը դիտարկում ենք միջազգային հարաբերությունների տեսանկյունից, ապա ընդունված պրակտիկա է, որ անկախ հարաբերությունների բնույթից, տարբեր երկրների գլխավոր շտաբերում մշակվում են իրար դեմ մարտական գործողությունների տարբեր սցենարներ: Սակայն, հարցը միակողմանիորեն դիտարկելը միայն ռազմական ոլորտում և նշելը, որ միջազգային պրակտիկայում ընդունված  է նմանտիպ սցենարներ ունենալը, մեղմ ասած, ճիշտ չէ:

Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում այս հարցն այլ երանգավորում է ստանում: Սահմանները փակելու հանգամանքը, հարաբերություններ հաստատելու ցանկության բացակայությունը, Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին անթաքույց աջակցություն ցուցաբերելը, պանթյուրքիստական ծրագրի համատեքստում Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները, օրեցօր ավելացող ագրեսիվ հռետորաբանությունը, թերևս փաստում են այն մասին, որ նմանատիպ ռազմական գաղտնի պլանի առկայությունը Թուրքիայի կողմից Հայաստանի համար անվտանգային սպառնալիք է հանդիսանում:  

Հետևաբար` առկա այսպիսի իրողություններում այս հարցը բավականին մեծ հետևողականություն է պահանջում, սակայն, ինչպես երևում է ՀՀ արտգործնախարարի հայտարարություններից, մեր իշխանություններն այս հարցում էլ են անգործության մատնվել: Ավելին, Զոհրաբ Մնացականյանի ելույթն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան փարատում առկա մտահոգությունները:

Նախ, հետաքրքրականն այն է, որ արտգործնախարարը նշում է, որ «չի կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը»: Երկրորդ խնդրահարույց հայտարարությունն այն է, որ ինչպես ինքն է նշում, հարցի նկատմամբ ունենալով «լուրջ մտահոգություններ», այդ մասին բարձրաձայնում է այդ փաստաթղթերի հրապարակումից մի քանի օր անց, այն էլ ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ լրագրողի տված հարցին ի պատասխան: Բացի այդ, ուշագրավ է նաև այն, որ չնայած ունեցած մտահոգություններին, ոչինչ չձեռնարկելով, այս օրերի ընթացքում որևէ հասցեական հայտարարություն չանելով հանդերձ, արտաքին գերատեսչության ղեկավարը Թուրքիայի կողմից ինչ-որ արձագանքի է սպասում: Այստեղ հարցը կայանում է նրանում, թե ի՞նչ արձագանք պետք է գա Թուրքիայի կողմից, ի՞նչը պետք է հաստատվի և ի՞նչը հերքվի և ո՞վ պետք է հավատա այդ հերքումներին` Հայաստա՞նը, թե՞ առհասարակ հայ ժողովուրդը:  Եթե հերքում է ակնկալվում, ապա հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ թուրքական իշխանամետ մամուլը ոչ թե հերքում է Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն առհասարակ, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Նման համատեքստում ՀՀ իշխանություններից ոչ թե ակնկալվում է սպասել ինչ-որ պատասխանի Թուրքիայի կողմից, այլ ակնկալվում է նախաձեռնողականություն: Իհարկե, ինչպես վերը նշվեց, Թուրքիայի կողմից ռազմական մշակված ծրագիր ունենալը դեռ չի նշանակում ունենալ մտադրություն այն կյանքի կոչելու, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանություններն ունենան սեփական գործողությունների ծրագիր` տարբեր հարթակներում այս հարցին անդրադառնալու համար, ինչպես նաև հանրության հետ աշխատելու կարողություն` առկա մտահոգությունները փարատելու և ոչ թե ավելացնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: