ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Գարեգին Նժդեհ՝ ազգային հերոս, այլ ոչ թե ֆաշիստ

Մենք այսօր ապրում ենք նրա երազած անկախ Հայաստանում:

 

Գարեգին Նժդեհի անվան շուրջ վերջին շրջանում քննարկումները բավական արդիական են դարձել: Ռուսական և ադրբեջանական տարբեր հարթակներում աղավաղված մտքեր են հնչում, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն:

Նման պարագայում հարկ ենք համարում մեր ընթերցողներին մեկ անգամ ևս հիշեցնել, թե ով է եղել իրականում հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհը:

Նժդեհը հայոց պատմության էջերում հայտնվել է 1912 թվականին՝ Առաջին Բալկանյան պատերազմի սկզբին: Բալկանյան պատերազմի այս տարիներին հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կողքին կամավորական վաշտ ստեղծեցին, որի ղեկավարները դարձան Գարեգին Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը:  Մի շարք մարտերի՝ այդ թվում Յավեր-փաշայի կորպուսի ջախջախմանը մասնակցելու համար, Նժդեհը պարգևատրվել է  բուլղարական և հունական շքանշաններով և ստացել է «Բալկանյան ժողովուրդների հերոսի» կոչում:  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ռուսական բանակի կազմում երկրորդ հայկական կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալն էր: Նա սբ. Վլադիմիրի, սբ. Աննայի շքանշանների և Գեորգիևյան երկու խաչի ասպետ է:

1917թ. Նժդեհը սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918թ.-ի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում տեղի ունեցող մարտերը, որոնցով հնարավորություն է ընձեռել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ:

Մոտենում էր 1918 թվականի մայիսը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհն իր խմբով նահանջում է Վանաձոր (Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականացվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) նա արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Հարկ է նշել, որ անուրանալի է Նժդեհի դերը նաև Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերում: 

Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ Թուրք-ադրբեջանական պանթյուրքական ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայր պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը:

 

            «Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը»:

Գարեգին Նժդեհ

 

Սյունիքի պաշտպանական կռիվների մասնակիցները մեկ ընդհանուր գաղափարի համար էին մարտնչում, որպեսզի ոչ մի դեպքում ու երբեք Սյունիքը չհանձնվի Ադրբեջանին:

Գարեգին Նժդեհն այն զորավարն էր, որին ոչ մի պայմանով խաբել չէին կարող: Նժդեհը ճիշտ էր կռահում և գիտեր, որ եթե հերոսական կռիվներով չպաշտպանեն Սյունիքը, այն կունենա Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագիրը: Եվ շնորհիվ նժդեհյան պաշտպանական հերոսամարտերի Սյունիքը մնաց հայկական: Իսկ եթե չլիներ Սյունիքը, հաստատ այլ կերպ էր ընթանալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային պատմությունը, այլ զարգացում էր ունենալու մեր քաղաքակրթությունը։

Մարտեր մղելով թուրքական, թաթարական ու խորհրդային կարմիր բանակի զորքերի դեմ մինչև 1921 թվականը՝ Նժդեհը լքեց Զանգեզուրը միայն իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի՝ Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցավ Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս՝ նա շուտով հեռացավ Բուլղարիա։

Ինչ վերաբերվում է նրա՝ նացիստների հետ համագործակցությանն ընդդեմ Խորհրդային Միության, ապա նշենք, որ այդ մասին չի հայտնաբերվել որևէ հիմնավորված փաստաթուղթ բացի բանավոր կերպով իրականացվող հակաքարոզչությունից:

Նժդեհն, այո, ունեցել է առնչություններ նացիստների հետ: Ինչպես հայտնում է azg.am-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո թուրք պանթյուրքիստների մատուցմամբ մամուլում սկսվեց այնպիսի նյութերի հրապարակում, որոնցում նացիստները կոչ էին անում բնաջնջել հայերին որպես սեմական ժողովրդի: Հալածանքներ սկսվեցին Ռումինիայի, Հունգարիայի և Բուլղարիայի հայ համայնքների դեմ: Նժդեհը բացահայտեց պանթյուրքիստների ծրագրերը և կարողացավ գերմանացիներին համոզել, որ թուրքերը միայն բեռ կլինեն գերմանացիների համար, իսկ կովկասցի ազգայնականներին համոզեց, որ նրանց վտանգ է սպառնում Թուրքիայի և պանթյուրքիստների կողմից: Նա կարողացավ ստեղծել Կովկասի յուրօրինակ հակապանթյուրքական բլոկ՝ կովկասցի տարագիրների միություն, որպեսզի հակազդեր հակահայկական տրամադրություններին:

1944 թվականին, երբ խորհրդային բանակն արդեն մտել էր Բուլղարիա, նա հրաժարվեց հեռանալ երկրից, մնաց Սոֆիայում և խորհրդային իշխանությանն իր օգնությունն առաջարկեց «ֆեոդալական Թուրքիայի» դեմ պայքարելու համար։  Սակայն 1944 թ. հոկտեմբերի վերջերին «СМЕРШ»-ը ձերբակալեց Նժդեհին և  հասցրեց Մոսկվա: 1948 թվականին նա դատապարտվեց 25 տարվա բանտարկության և մինչև 1952 թվականն անցկացրեց բանտում: Ծանր հիվանդացած Նժդեհն այդ բանտում, մահացավ 1955 թվականին…

Գարեգին Նժդեհը երբևէ չի գործել ընդդեմ Ռուսաստանի:  Նժդեհը գտնում էր, որ հայերի գլխավոր թշնամին Թուրքիան է և այդ գաղափարը պաշտպանում էր մինչև կյանքի վերջին օրերը:


«Իմ ողջ կյանքը պայքար էր ֆեոդալական Թուրքիայի դեմ` մշակույթների և ազգերի պատմական դահճի դեմ։ Իմ ամբողջ գործունեությունը պայմանավորված էր Թուրքիայի նկատմամբ անդադար ու արդար ատելությամբ, որը ոչնչացրել էր իմ ազգի կեսը։ Ես` որպես զինվորական, պրոֆեսիոնալ չեմ, այլ հայրենասեր-հեղափոխական։ Այդ պատճառով թուրը վերցնում էի ձեռքս միայն այն ժամանակ, երբ հնարավորություն էր ստեղծվում հարված հասցնել Թուրքիային, որի գոյությունը ես համարել և այժմ էլ համարում եմ չարիք։ Իմ պայքարն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի, այլ այդ պետության դեմ»։

 

Գարեգին Նժդեհ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 7 կմ/ժ
25 C°
 
15°  26° 
23.09.2020
15°  27° 
24.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: