ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Հայաստան, Արցախ և աշխարհ. ի՞նչ են հուշում աստղերը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցն աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննա Հախվերդյանի հետ:

- Քանի որ Նոր տարի է սկսվում, իհարկե, բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն այն կլինի. նոր տարի, նոր հույսեր, նոր ծրագրեր, երազանքներ…

- Նախ ասեմ, որ բարենպաստ և անբարենպաստ աստղերի մասին տեղեկատվությունը պարզապես ուղեցույց է, որը կօգնի ձեզ ավելի լավ կողմնորոշվել գալիք տարվա վայրիվերումներում: Այս տարին կունենա իր դժվարությունները, ինչը թույլ չի տա ձեզ հանգստանալ: Հետևաբար, դուք պետք է մտածեք ոչ ստանդարտ ձևով և հասկանաք կոշտ ու կարծրացած, կարծրատիպային գործողությունների սխալականության մասին: Ծրագրերում և կյանքի նպատակներում ձախողումները կարող են հիասթափեցնել միայն այն դեպքում, եթե դուք պատրաստ չեք դրանց: Չարժե ուժասպառ լինելու գնով կատարել բոլոր պարտականությունները կամ խնդիրները, ընթացեք քայլ առ քայլ: Հետևեք ձեր առողջությունը և մի ընկճվեք:

Երբ ձեր հաջողությունն աճի, ճիշտ կլինի պատկերացնել, որ դա օգուտ է բերում ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին: Դա անելու միջոցներից մեկը հետևյալն է. ձեր լրացուցիչ եկամտի մի փոքր տոկոսը նվիրատվեք նրանց, ովքեր բարելավում են մարդկանց կյանքը: Եվ դա բարենպաստորեն կազդի ոչ միայն նրանց, այլև ձեզ վրա:

- Եվ այսպես, ըստ Արևելյան օրացույցի, 2020 թվականը Մետաղական Մկան տարի է, որը սկսվում է հունվարի 25-ին:

- Այո, Մուկը (առնետը) սկսում է նոր՝ 60-ամյա օրացույցային շրջանը, ինչն, իհարկե, նոր զարգացումներ կբերի, քանի որ Մուկն Արևելյան օրացույցի առաջին կենդանին է, այսինքն՝ օրացույցի սկիզբն է:

Մետաղական Մկան տարվա առանձնահատկությունը նրանում է, որ շատ ուժեղ կլինեն մետաղի և ջրի տարերքները, ինչը չի նպաստում տնտեսական զարգացմանը կամ ակտիվացմանը, սակայն բարենպաստ է այլ ոլորտների աճի համար, ինչպիսիք են՝ մետաղների մշակումը, ռազմարդյունաբերությունը, էլէկտրատեխնիկայի արտադրությունը և տուրիզմը: Սովորաբար մետաղական տարիներին հաճախակի են լինում ռազմական ընդհարումները, քանի որ մետաղը զենքի տարերքն է, իսկ 2020-ին հզոր մետաղ է գալիս, քանի որ յան-մետաղ է: Նշեմ, որ Արևելյան օրացույցում ունենք 10 տարերք, կեսը՝ ին, կեսը՝ յան, որոնք ամեն տարի հաջորդում են միմյանց:

- Դեկտեմբերի 26-ին Արևի օղակաձև խավարում է եղել: Ո՞րն է այս խավարման առանձնահատկությունը:

- Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Արևի և Լուսնի միացությունը տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր աստիճանում՝ Այծեղջյուրի 3 աստիճանում, որտեղ գտնվում է Պոլիս աստղը, որն, ի դեպ, գտնվում է ՀՀ-ի ասցենդենտի՝ ժամադիտակի վրա, այսինքն՝ կլինեն կարևոր փոփոխություններ քաղաքային, քաղաքական կյանքում, զարգացում ՏՏ ոլորտում: Սա նաև նոր տարում կշարունակվի, քանի որ խավարումների ազդեցությունը տևում է կես տարի: Այս խավարումը կարող է առաջացնել նաև բնակության վայրի փոփոխություն, բազմաթիվ ճամփորդություններ:

-         Կա՞, արդյոք, պատերազմի վտանգ:

-         Եթե վերցնենք Թռչող Աստղերի տեսությունը, ապա 2020-ին արևելքում հայտնվում է հինգերորդ աստղը, որը չինական մետաֆիզիկայում համարվում է ամենաբացասական ու ավերիչ աստղերից մեկը: Այդ աստղերը դնելով քարտեզների վրա, որոշվում է, թե որ տարածքներն են ծաղկելու, իսկ որոնք՝ անկում ապրելու:  Արցախը գտնվում է մեզանից արևելք: Ղարաբաղյան հակամարտությունում ակնկալվում է իրադրության սրացում մարտ ամսին: Սրացման հավանականությունը շատ մեծ է հատկապես ամռան ամիսներին, երբ հինգերորդ աստղը առավել հզոր է: Եվ առհասարակ, նոր տարում բոլոր արևելյան երկրները գտնվում են անբարենպաստ ազդեցության տակ: Մայրցամաքի կենտրոնում գտնվող երկրներում սպասվում է սպառազինության աճ, որտեղ ակտիվ է յոթերորդ աստղը. այն մետաղական է, կապված է զենքի, զորքի հետ: Վտանգը վերաբերում է նաև Երևան քաղաքի արևելյան հատվածին, այսինքն՝ Նորքի զանգվածին, որտեղ չարժի տեղափոխվել 2020-ին: Մարտը և հոկտեմբերն անբարենպաստ են արևելյան ուղղության համար, քանի որ հինգերորդի հետ մեկտեղ հայտնվում է նաև յոթերորդ աստղը: Ուստի, խորհուրդ է տրվում չճամփորդել դեպի արևելք, չտեղափոխվել արևելյան մասում գտնվուղ տուն, կամ էլ այնպիսի տուն, որի դուռն արևելքում է:

Անբարենպաստ է նաև հարավը, այստեղ է գտնվում հիվանդությունների աստղը. հարավային երկրներից ինչ-որ նոր հիվանդություններ կարող են ներթափանցել կենտրոնական երկրներ: Հարկավոր է զգուշանալ համաճարակներից:

Աշխարհում որոշակի արժեքային ճգնաժամ է նկատվում: Դա է՞լ է աստղերով պայմանավորված:

-  Այո: Աստղերի ներկայիս դասավորությունը ցույց է տալիս, որ անբացատրելի երևույթները հասկանալու ցանկությունը մարդկանց մոտ կարող է հանգեցնել խախտումների, որը կարող է լինել խաղերի, ֆիլմերի, մեդիայի, այլասերման քարոզչության միջոցով, ինչը  արվում է մարդկանց իրական հոգևոր արժեքներից շեղելու նպատակով: Սա արդեն մի քանի տարի է, ինչ սկսվել է:

Կլինեն նաև փոփոխություններ առևտրային ոլորտում, այսինքն՝ կգերակշռեն անկանխիկ և օնլայն գործարքները, և մոտակա 7 տարիների ընթացքում դա համատարած կդառնա: Բարքերի փոփոխությունը կապված է բարձրագույն մոլորակների դիրքերի հետ, քանի որ դրանք որոշում են համընդհանուր տենդենցը: Քանի որ այդ մոլորակները հայտնաբերվել են Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ինչպես նաև դրանից հետո, ուստի համարվում է, որ դրանք կապված են գաղափարների հետ, այսինքն՝ Ուրանը կապված է տնտեսական հեղափոխության հետ. 7 տարի շարունակ տնտեսական հեղափոխություն կլինի ողջ աշխարհում:

Նշեմ, որ աստղերի նման դիրք եղել է 1935թ.-ին, ինչն էլ որոշեց արդեն մեզ հայտնի գլոբալ փոփոխությունները, կայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ռեպրեսիաների, ահաբեկչությունների հիմքը դրվեց հենց այս ժամանակահատվածում: Քանդվում էին ավանդական ընտանիքները, ժողովուրդների մասին պատկերացումները որպես արժեք:

-  Այդ միտումների փոփոխության, անցյալին վերադարձի հնարավորություն կա՞: 

-  Դա հնարավոր չէ: Պլուտոնի ազդեցությունը բախտորոշ է, աշխարհի քաղաքական համակարգերը ճգնաժամի մեջ են, քարոզվում են կեղծ արժեքներ: Տեխնոլոգիաների առաջխաղացումը հաջորդ 30 տարիներին կբերի նոր տնտեսական և քաղաքական կառուցվածքի, ինչը լրիվ կվերափոխի մարդկությանը: Եվ նա ուղղակի չի թողնելու, որ հին ավանդական արժեքները վերադառնան:

Սատուրնի և Յուպիտերի միությունը լինում է 20 տարին մեկ անգամ և միշտ նոր փոփոխություններ է խորհրդանշում: Օրինակ, հիշենք 2001թիվը: Ե՛վ 2000-ին, և՛ 1940-ին մոլորակների շքերթ էր:

- Ի՞նչ է սպասում Հայաստանին Մետաղական Մկան տարում:

- Ժամանակակից Հայաստանն ունի արտահայտված Այծեղջյուր և Կույս նշանները: Սրանք ծանր հողային նշաններ են: Մարսը թույլ է, դա նույնպես կազդի մեզ վրա: Թույլ է Յուպիտերը Կույս նշանում, այսինքն՝ թույլ է տնտեսությունը: Տնտեսությունը կառուցվում է պարտքով, այլ ոչ թե սեփական փողերով: Միակ ուժեղ մոլորակը Սատուրնն է, որը արգելքների, խոչընդոտների, բարդությունների, ինչպես նաև կարմայի մոլորակն է: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պայքարում են արդարության, լավ կյանքի համար, միշտ բախվում են արգելքների, «ճակատները խփում են պատին»: Լուսինն ինքնուրույն է, այսինքն՝ ժողովուրդը նախընտրում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնուրույն իր հարցերը լուծել, բարելավել սեփական նյութական վիճակը, անկախ նրանից, թե ինչ կարգ, ինչ ղեկավարություն կլինի: Դրա պատճառով է արտագաղթ տեղի ունենում: Քանի որ Լուսինը Ջրհոսում է, դա է պատճառը, որ հայերը սիրում են հիմնականում գնալ, տեղափոխվել Ռուսաստան, քանի որ այդ երկիրը գտնվում է Ջրհոսի նշանի տակ: Կան նաև ընդհանրություններ ԱՄՆ-ի հետ, այդ պատճառով մյուս զանգվածային արտագաղթի կետը Միացյալ Նահանգներն են:

- Լավ, իսկ ինչպե՞ս է աստղաբանությունը բացատրում անկախ Հայաստանի ծանր, դժվար, ոչ բարվոք վիճակը:

- Աստղաբանությամբ դա լրիվ բացատրվում է: ՀՀ անկախության հռչակման համար ընտրվել է խիստ անբարենպաստ օր. բոլոր ավերիչ մոլորակներն Այծեղջյուրում էին, որը Հայաստանի նշանն է:

2020 թիվը բախտորոշ կլինի Հայաստանի համար: Սատուրն մոլորակն է վերադառնում, այսինքն՝ կլինի նախկինում անցած ճանապարհի քննություն: Իսկ երբ մի քանի տարի անց Պլուտոնը կանգնի Սատուրնի տեղում, այդ ժամանակ արդեն լուրջ փոփոխության սպասեք, երկրի համար մեծ վտանգ կլինի:

ԱՄՆ-ում էլ ճգնաժամ է սպասվում: Դեռ վաղուց է կանխագուշակվել, որ ԱՄՆ-ը 2020-ին կհայտնվի լուրջ ճգնաժամի մեջ, ինչը կապված է Սիրիայում պատերազմի հետ:

- Ձեր ամանորյա մաղթանքները մեր ընթերցողներին:

- Կարևոր է առողջ հեռավորություն պահպանել կյանքի ցանկացած տագնապներից և ցանկացած իրավիճակում դրական պահեր գտնել: Կյանքը շատ կարճ է բացասականության կամ եսասիրության ռեժիմի մեջ անընդհատ գտնվելու համար:

Հարցազրույցը վարեց Նաիրա Ս. Մկրտչյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 9 կմ/ժ
17 C°
 
15°  27° 
27.09.2020
15°  27° 
28.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: