ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը 2019թ.-ին

2019թ.-ը Թուրքիայի համար բավականին բուռն տարի էր: Թուրքիայի և‛ արտաքին, և‛ ներքին քաղաքականությունը լի էր բազմաթիվ հակասական և միևնույն ժամանակ հետաքրքիր իրադարձություններով: Տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելուն զուգահեռ, Էրդողանը սրեց հարաբերությունները մասնավորապես ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, այդպիսով իր արտաքին քաղաքականության հիմնական վեկտորն արևմուտքից դեպի հյուսիս և արևելք տեղափոխելով:

Ստորև ներկայացնում ենք 2019թ.-ի Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում

2019թ. մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն անսպասելի իշխանությունը զիջեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանն այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Իզմիրը, Ստամբուլը: Սակայն վերջինից Էրդողանը չշտապեց հեշտությամբ «հրաժարվել»: Հատկանշականն այն է, որ 16 տարվա ընթացքում առաջին անգամն էր, որ Էրդողանի կուսակցությունը պարտություն կրեց մայրաքաղաքում: Իսկ Էրդողանի համար Ստամբուլում պարտություն կրելը նշանակում էր ողջ Թուրքիայում պարտություն կրել:  Այս իսկ պատճառով զգալով քաղաքական կարիերային սպառնացող վտանգը Էրդողանի կուսակցությունը հասավ նրան, որ չեղյալ հայտարարվեցին ընտորության արդյունքները և նոր ընտրությունները նշանակվեցին հունիսի 23-ին: Սակայն երկրորդ անգամ ևս Էրդողանին չհաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել Ստամբուլը: Արտահերթ ընտրությունների արդյունքում ձայների 54 տոկոսով հաղթեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Թուրքիայի պարագայում ընտրությունների նման սցենարը քիչ հավանական էր թվում: Սակայն Իմամօղլուի վճռական հաղթանակը Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմի նկատմամբ թերևս փաստեց, որ Թուրքիայի հասարակության առնվազն առաջադեմ հատվածը փոփոխություններ է ցանկանում:

Թուրքիա-ԱՄՆ

Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին դարձել են բավականին խնդրահարույց:  Չնայած այն հանգամանքին, որ երկրները ռազմավարական դաշնակիցներ են, կողմերի միջև տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ տարակարծություններ (մասնավորապես Սիրիայի ճգնաժամի, ռուս-թուրքական ջերմացման (այս համատեքստում C-400-ների գնումը), Թուրքիայում հեղաշրջման փորձին ամերիկյան վարչակազմի արձագանքի, Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից չարտահանձնելու, Ջամալ Խաշոքջիի սպանության և այլ հարցերի հետ): Իսկ հարաբերություններում առկա այդ լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2019թ.-ի ընթացքում:  Արդեն իսկ գարնանը Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով Վաշինգտոնն ու Անկարան սկսեցին խոսել վերջնագրերի լեզվով: Մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի C-400-ների և ՆԱՏՕ-ին անդամակցության միջև: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը Փենսի հայտարարությանը պատասխանեց նույն ոճով` Վաշինգտոնին առաջարկելով ընտրել Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների միջև, նկատի ունենալով քրդերի հետ ԱՄՆ համագործակցությունը: Այս սպառնալիքներին հաջորդեց այն, որ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց Թուրքիային F-35-ի մատակարարումը դադարեցնելու մասին: Բացի այդ, երբ հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվեց Թուրքիա, ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ արեցին նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ նոր՝ «Խաղաղության ակունք» անունը կրող գործողության մեկնարկի մասին։ Դրանից ընդամենը մի քանի օր անց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի և նրա ֆինասնական սեկտորի դեմ պատժամիջոցների փաթեթին Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն անցկացնելու և C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: Հատկանշականն այն է, որ հենց նույն օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունվեց, ինչն ինքնին պատժամիջոցի մեկ այլ տեսակ էր Թուրքիայի նկատմամբ:

Լարվածությունը չնվազեց նաև տարվա վերջում Վաշինգտոնում կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո: Համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը նշեց, որ Ռուսաստանից C-400-ների գնումը մարտահրավեր է թուրք-ամերիկյան հարաբերությունների համար: Իսկ Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, ինչպես նաև ընդգծեց, որ Թուրքիան չի հրաժարվելու C-400-ներից:  Այդ հանդիպումից կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը: Ավելին, նույն օրը այս անգամ էլ Սենատի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ, ինչն աննախադեպ էր այն առումով, որ եթե Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվել էին նախկինում ևս, ապա Սենատի մակարդակով սա, ըստ էության, առաջին անգամն էր:

Նախագիծն ընդունելուն ի պատասխան, Էրդողանն ԱՄՆ-ին սպառնաց ոչ միայն ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը, այլ նաև փակել իր տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաները:

Թուրքիայի և Միացյալ Նահանգների փոխհարաբերությունների վատթարացումն, իհարկե, նոր չէ: Սակայն վերջին զարգացումներն իսկապես լուրջ մտորումների տեղիք են տալիս այն իմաստով, որ վկայում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին:  Այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ Թուրքիան վերանայել է իր արտաքին քաղաքականությունը՝ հիմնական վեկտորն արևմուտքից դեպի արևելք և հյուսիս տեղափոխելով:

Թուրքիա-Ռուսաստան 

2019թ.-ին ռուս-թուրքական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեցան բոլոր ոլորտներում: Պաշտոնական շփումների ինտենսիվության առումով այս տարին գերազանցեց նախկին տարիներին: Տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև մոտ 6 հանդիպում է տեղի ունեցել:

Չնայած ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռքբերելու հարցում ամերիկյան ճնշմանը, Թուրքիան այս տարի ցույց տվեց, որ մտադիր է էլ ավելի խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում: С-400-ների ձեռքբերումից բացի «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը Էրդողանը մեծ հետաքրքրություն  ցուցաբերեց  ռուսական ռազմական ինքնաթիռների նկատմամբ: Ավելին, Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան նույնիսկ մտադիր է նույն պայմաններով բանակցություններ սկսել Մոսկվայի հետ S-500 նոր համակարգերն ու դրանց տեխնոլոգիաները ձեռք բերելու շուրջ։

Հատկանշական է հոկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի  վեց ժամ տևած բանակցությունները, որից հետո կողմերի միջև ստորագրվեց տասը կետանոց փոխըմբռնման հուշագիր: Ռուս-թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու շուրջ: Ի դեպ, հարկ է նշել, որ ռուս-թուրքական հարաբերությունների պատմության ընթացքում սա առաջին անգամն է, երբ ռուսական և թուրքական ռազմական ուժերը համատեղ գործողություն են իրականացնում:

Ինչպես երևում է՝ ունենալով միանգամայն հակառակ մոտեցումներ սիրիական հակամարտության կարգավորման հարցում, Ռուսաստանն ու Թուրքիան բավականին արդյունավետ համագործակցեցին նաև Սիրիայում: Հակամարտության քաղաքական կարգավորման փուլում, իհարկե, կողմերի միջև առկա տարաձայնություններն իրենց ավելի շատ են զգացնել տալու, քան ռազմական փուլում, սակայն և՛ Մոսկվան, և՛ Անկարան, կարծես թե, պատրաստ են փոխզիջումների գնալ 2020-ին հարաբերությունները նույն մակարդակի վրա պահելու համար:

Թուրքիա-ԵՄ

Եվրոպական Միության և Թուրքիայի միջև հարաբերությունները 2019թ.-ին բավականին լարված էին: 

Չնայած նրան, որ տարվա առաջին կեսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը, իսկ Թուրքիայի նախագահը խոստացավ, որ մոտ ապագայում իր երկիրը կկատարի 72 կետերից մնացած վեցը, որոնք ԵՄ-ն պայման է դրել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար, այնուամենայնիվ, այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց հրապարակվեց Եվրահանձնաժողովի հատուկ զեկույցը ԵՄ անդամակցության երկրների վերաբերյալ, որում բավականին ուշագրավ անդրադարձ եղավ նաև Թուրքիային:  Զեկույցում մասնավարապես նշվում էր, որ Թուրքիան լրջորեն նահանջել է եվրոպական հիմնական սկզբունքներից, և վերջինիս հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցության հարցի շուրջ փակուղի են մտել:

Հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ Թուրքիան՝ հորատման աշխատանքներ սկսեց իրականացնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Թուրքական գործողությունների դեմ հանդես եկան ոչ միայն  Կիպրոսի Հանրապետությունն ու Հունաստանը, այլև Եվրամիությունը, որը կոչ արեց դադարեցնել այդ անօրինական աշխատանքները և սպառնաց պատժամիջոցներով:  Ի դեպ պատժամիջոցներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Կարճ ժամանակ անց ԵՄ-ն հրապարակեց Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները, որոնցում նախատեսվեց 2020 թվականին ԵՄ-ից ստացվելիք ֆինանսական օժանդակությունը նվազեցնել  146 մլն եվրոյով, ինչպես նաև դադարեցվեցին բանակցությունները մի շարք հարցերի շուրջ:  Այս քայլին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան դադարեցնում է ներգաղթյալների հետընդունման մասին պայմանագիրը, որը կնքվել էր 2016 թվականին: Նրա խոսքով՝ «դա կապված է ոչ միայն Թուրքիայի կողմից Եվրամիության կողմից կիրառված վերջին պատժամիջոցների», այլ նաև նրա հետ, որ ԵՄ-ն չի կատարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի խոստումը: Թուրքիա-Եվրոպա հարաբերություններում լարվածություն նկատվեց նաև տարվա երկրորդ կեսին, երբ Սիրիայի հարցով Էրդողանն անցավ ավանդական դարձած շանտաժի քաղաքականության կիրառմանը: Մասնավորապես վերջինս սպառնաց բացել երկրի արևմտյան սահմանները սիրիացի փախստականների համար, եթե Արևմուտքը խոստացած օգնությունը չցուցաբերի Անկարային և եթե Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի չստեղծվի:  Շանտաժային քաղաքականությունը շարունակվեց նաև Սիրիա ներխուժելուց հետո: Էրդողանը սպառնաց, որ եթե թուրքական բանակի գործողությունները եվրոպացիները ներխուժում որակեն, ինքը կբացի սահմանն ու Թուրքիայում գտնվող միլիոնավոր փախստականներին կուղարկի Եվրոպա: Թուրքիայի կողմից այս ճնշումների ներքո Եվրամիությունը չնայած միաձայն դատապարտեց Թուրքիայի ներխուժումը Սիրիա՝ կոչ անելով վերջինիս անհապաղ դուրս բերել զորքերը հարևան պետությունից, այնուամենայնիվ, ԵՄ-ն միաժամանակ խուսափեց որոշում կայացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու, մասնավորապես, զենքի վաճառքը միասնաբար դադարեցնելու հարցում, ինչին կողմ էին Ֆրանսիան և Գերմանիան:  Միայն տարվա վերջում այն էլ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատումներ իրականացնելու համար ԵՄ խորհուրդը հաստատեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Նոր պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և հաշիվների սառեցում, սակայն «սև ցուցակը» մինչ օրս դատարկ է…

Հայաստան- Թուրքիա

Հայ-թուրքական հարաբերություններում իրավիճակը ոչ մի փոփոխության չենթարկվեց 2019թ-ին։ Այս տարի ևս ՀՀ իշխանությունները վերահաստատեցին մոտեցումն առ այն, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Իսկ Թուրքիայի կողմից առաջ քաշվեց ապակառուցողական նախապայմաններով մոտեցումը, ըստ որի՝ վերջինս սահմանը կբացի միայն Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում։

Հայ-թուրքական հարաբերություններում տարվա ամենաքննարկված թեման թերևս եղավ շվեդական «Nordic Monitor» հետազոտական կենտրոնի կողմից հրապարկված գաղտնի փաստաթղթերի փաթեթը, որի համաձայն 2016թ.-ին Թուրքիայի կողմից ծրագրված է եղել ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Իհարկե, հարկ է նշել, որ ռազմական մշակված ծրագիր ունենալը դեռ չի նշանակում ունենալ մտադրություն այն կյանքի կոչելու: Սակայն Թուրքիայի կողմից  Հայաստանի նկատմամբ օրեցօր ավելացող ագրեսիվ հռետորաբանությունը, թերևս փաստում է այն մասին, որ նմանատիպ ռազմական գաղտնի պլանի առկայությունը Թուրքիայի կողմից Հայաստանի համար անվտանգային սպառնալիք է հանդիսանում:  Հետևաբար` առկա այսպիսի իրողություններում այս հարցը բավականին մեծ հետևողականություն է պահանջում, սակայն, մինչ օրս ՀՀ իշխանությունների կողմից այս հարցի շուրջ պաշտոնական որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել  հանրության ներսում առկա մտահոգությունները փարատելու համար:

Թուրքիայի հայ համայնք

Տարին բուռն էր Թուրքիայի հայ համայնքի համար: 12 տարի առանց պատրիարքի մնացած հայ համայնքն այս տարի վերջապես ընտրեց իր պատրիարքին՝ ի դեմս Սահակ եպիսկոպոս Մաշալյանի: Սակայն մինչ վերջնական ընտրությունները ողջ տարվա ընթացքում պոլսահայ համայնքում կրքերը չէին հանդարտվում:

Դժգոհության պատճառը խնդրահարույց կանոնադրությունն էր:  Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության անցկացման կանոնադրությունը, որում պատրիարքի թեկնածուների համար սահմանվող չափորոշիչների մեջ փոփոխվել  էր 25-րդ կետը, որի համաձայն՝ սահմանափակվեց արտերկրից հնարավոր թեկնածուների թիվը: Կանոնադրության այդ կետի համաձայն, Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու կարող էին առաջադրվել միայն պատրիարքարանին ենթակա սրբազանները՝ տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Սակայն մեկ այլ կետի համաձայն (այն է՝ «արժանանալ Թուրքիայի կառավարության վստահությանը») Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նույնպես դուրս  մնաց թեկնածուների ցանկից:

Համայնքային որոշ շրջանակներ այս սահմանափակումը թուրքական իշխանությունների կամայական որոշում և պետության կողմից ընտրության գործընթացին միջամտություն որակեցին: «Նոր Զարթոնք» շարժումը պատրիարքական ընտրությունները բոյկոտելու կոչ արեց, իսկ համայնքային մի շարք անդամներից կազմված Հանրային նախաձեռնությունը դիմեց դատարան՝ ընտրության գործընթացը կասեցնելու պահանջով: Սակայն չնայած առկա դժգոհություններին ընտրությունները կայացան Թուրքիայի կառավարության կողմից ներկայացված կանոնադրության համաձայն: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլի հայ համայնքն ընտրեց հոգևոր և աշխարհիկ պատվիրակներին, որոնք էլ դեկտեմբերի 11-ին ընտրեցին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքին:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 30 տոկոսը: Այսինքն՝ այս թիվը վկայում է, որ պոլսահայերից շատերը չեն գնացել քվեարկության՝ այս ընտրությունը համարելով անարդար…




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: