ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Բաքվի ջարդերը Ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատև հակահայ քաղաքականության մի մասն էին միայն. Արարատ Միրզոյան

Հունվարի 18-ին՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ,  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես ասաց.

«Հարգարժան պարոն Ղուլյան,

Հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր.

Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում,  իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ, տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Արկադի Ավանեսով, Սերգեյ Հարությունյան, Արուսյակ Մարկոսյան, Պետրոս Հարությունով, Սաթենիկ Սարկիսյան, Աննա Սարկիսովա, Մկրտիչ Պետրոսյան և տասնյակ ուրիշներ, ում սպանեցին, հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները և կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների ու հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանց միակ «մեղավորությունը» հայկական ազգային պատկանելիություն ունենալն էր:

Օրեր անց ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդն արդարացիորեն արձանագրեց, որ Բաքվի դեպքերը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսևորում են:

Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաև 1905-ին և 1918-ին: 1990-ի այս ջարդերից  շատ, չափազանց կարճ ժամանակ առաջ հայերի ջարդեր էին տեղի ունեցելլ նաև Սումգայիթում և Կիրովաբադ-Գանձակում: Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր:

Հայատյացության այս քաղաքականությունն  իր դրսևորումներն ունեցավ նաև 21-րդ դարում: Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին, 2016 թվականի ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչև այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի:

Բաքվի ջարդերը Ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատև հակահայ քաղաքականության մի մասն էին միայն, սառցաբեկորի առավել տեսանելի մասը: Դրանց նախորդել էին դեռևս 80-ական թվականներից սկսած հստակ կազմակերպված քայլերը՝ առավելապես սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները և հեռանալ Բաքվից, ինչի արդյունքում արդեն իսկ, էականորեն, նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը:

Հատկանշական է նաև, որ այսօր արդեն Ադրբեջանական իշխանությունները միևնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները այսօր կանգնած են գրեթե միևնույն վտանգի առջև, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը և մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարևորում եմ միջազգային հանրության և գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատակալ տալը:

Հիշեցնեմ, որ  հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտվել են Եվրոպական Խորհրդարանի կողմից՝ երեք անգամ:

1990թ. հունվարի 18-ի բանաձևում Եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող հայկական ջարդերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, Հայաստանի շրջափակումը: Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ: Բանաձևում նաև դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես, Շահումյանի և Գետաշենի շրջանների վրա հարձակումները: 1990թ. հունվարի 18-ի բանաձևում նաև հղում է կատարվում 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Խորհրդային Հայաստանի վերաբերյալ» բանաձևին, որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերը և Բաքվում հայերի դեմ բռնությունները: Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերին անդրադարձող մեկ այլ կարևոր բանաձև Եվրոպական Խորհրդարանն ընդունեց 1991թ. մարտի 14-ին:  «Հայաստանի շրջափակման և այնտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի» վերաբերյալ բանաձևում նշվում է, որ 300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից (Բաքվի և Սումգայիթի ջարդերը (massacres)), անհապաղ օգնության կարիք ունենե:

Հարգելի գործընկերներ,

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստում մենք կլսենք երկու հայկական պետությունների խորհրդարանականների, մարդու իրավունքների պաշտպանների և այդ մեծ ողբերգությունը վերապրածների ելույթները: Ուզում եմ նշել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությանը Բաքվում գտնվեցին ադրբեջանցիներ, ովքեր օգնեցին հայերին խուսափելու մահից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս անհատներին և կոչ անել, որպեսզի իրենք նույնպես բարձրաձայնեն ադրբեջանական իշխանությունների կողմից իրակացրած ջարդերի մասին իրենց հուշերը, ջարդեն հայատյացության պատը՝ կանխելու համար նմանօրինակ դեպքերի կրկնությունը, ինչով կկարողանան նաև ապահովել իրենց իսկ կյանքի անվտանգությունը: 

Եվ վերջում, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել և վերահաստատել: Ողջ վերը հիշատակածս, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո:

Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է:

Շնորհակալություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 4 կմ/ժ
7 C°
 
  10° 
24.02.2020
-1°   
25.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: