ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոմպեոյի եվրասիական շրջագայությունն ու ամերիկյան նոր քաղաքականությունը

The New York Times

Հունվարի 31-ից փետրվարի 3-ն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնական այցով հետխորհրդային տարածաշրջանում էր: Պոմպեոյի եվրասիական շրջագայությունն ընդգրկեց չորս հետխորհրդային երկիր՝ Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, որոնցից յուրաքանչյուրում ԱՄՆ-ն ուներ երկկողմ հետաքրքրությունների վրա կառուցված հստակ օրակարգ: Ընդհանուր էր, թերևս, հակառուսական տրամադրությունը, որը գրեթե ամենուր զգացվեց՝ «ռուսական և չինական ճնշումներին հակազդելու մասին» պետքարտուղարի ակնարկներում:  

Ուկրաինայում Պոմպեոյի օրակարգը բավական հագեցած էր: Հանդիպումներ եղան երկրի նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի, հոգևոր առաջնորդի հետ: Այցն իսկապես շատ կարևոր էր՝ հաշվի առնելով, որ այն ընթանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հայտարարված իմփիչմենթի ֆոնին, որի համար հիմք էր հանդիսացել հենց Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսազրույցը: Պոմպեոյի հետ հանդիպմանը, ինչպես և նախկինում մի քանի անգամ, Զելենսկին կրկնեց, որ ԱՄՆ նախագահի կողմից որևէ ճնշում չի գործադրվել իր նկատմամբ:  

Կիևում Պոմպեոն քննարկեց նաև ամերիկա-ուկրաինական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հիշեցնելով Ուկրաինայի տնտեսության մեջ Չինաստանի դերի մասին: Ի դեպ, որոշ վերլուծաբաններ հատուկ ուշադրություն հրավիրեցին այս հանգամանքի վրա՝ պնդելով, որ սա պայման էր Կիևին՝ ամերիկյան կապիտալ բերելու համար:

Բավական հետաքրքիր էր ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս: Այստեղ վերջին անգամ ամերիկացի պետքարտուղարին ընդունել էին 1993 թվականին: Իսկ 2007-2008 թվականներից հարաբերությունները խիստ սրվել էին՝ կապված Բելառուսում ընտրությունները կեղծելու ֆոնին ԱՄՆ սահմանած պատժամիջոցների հետ: Լարվածությունը հասել էր այն աստիճանի, որ կողմերը հետ էին կանչել դեսպաններին և մինչ օրս ներկայացված էին ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Դեսպանների նշանակման մասին պաշտոնական Մինսկն ու Վաշինգտոնն առաջին անգամ խոսեցին նախորդ տարի՝ այն ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում: Պոմպեոն վերահաստատեց ԱՄՆ-ի այս մտադրությունը, և, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս Մինսկը կընդունի ամերիկացի դեսպանին՝ 12 տարի ընդմիջումից հետո:

Բելառուսի հետ ԱՄՆ պետքարտուղարը քննարկեց նաև տնտեսական հարցեր: Սա Մինսկի համար հատկապես կարևոր էր՝ կապված Մոսկվայի հետ նավթի, գազի գնի շուրջ եղած տարաձայնությունների հետ: «ԱՄՆ-ն պատրաստ է Բելառուսին 100 տոկոսով ապահովել գազով՝ մրցակցային գներով», - հայտարարեց Պոմպեոն: Ընդհանուր առմամբ, բավական ջերմ մթնոլորտում անցած Լուկաշենկո-Պոմպեո հանդիպումների և դրանց արդյունքների մասին ռուսական վերլուծական, փորձագիտական շրջանակների գնահատականը, թերևս, անակնկալ չէր: ՌԴ-ում վստահ են, որ ԱՄՆ-ն փորձում է «խլել» Բելառուսը՝ տալով խոստումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կյանքի չեն կոչվի:

Օրակարգում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն էր նաև Պոմպեոյի՝ Ղազախստան կատարած այցի ընթացքում: Նուր Սուլթանում ամերիկացի պաշտոնյան նորից հիշեց չինական գործոնի մասին, Թրամփի ողջույնները փոխանցեց Նուրսուլթան Նազարբաևին և վստահեցրեց, որ ամերիկյան կազմակերպությունները սիրով կընդունեն ղազախ երիտասարդ, բանիմաց մասնագետներին: Այստեղ կողմերը չշրջանցեցին նաև արդիական թիվ 1 թեման՝ կորոնավիրուսը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ պիտի պայքարեն դրա տարածման դեմ:

Իր եվրասիական շրջագայությունը Պոմպեոն ավարտեց Տաշքենդում: Այստեղ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ ունեցավ Ուզբեկստանի նախագահի և ԱԳ նախարարի հետ՝ ողջունելով նրանց ջանքերն ու գրանցած արդյունքները երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև մասնակցեց C5+1 ձևաչափով (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան + ԱՄՆ) հանդիպմանը: Այս ձևաչափն արտացոլում է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ նոր քաղաքականությունը, և, Պոմպեոյի գնահատմամբ, բավական արդյունավետ հարթակ է դարձել: «Արդեն ապացուցված է, որ այս խումբն ավելի ու ավելի արդյունավետ հարթակ է դառնում Կենտրոնական Ասիայի երկրների ջանքերի կոորդինացման համար, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ և տարածաշրջանում տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդման համար», - նշեց պետքարտուղարը:  

Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշեցինք, Պոմպեոյի շրջագայությունը հետխորհրդային երկրներ բավական հագեցած էր: Շրջագայության նպատակների մասին բավական շատ է խոսում ռուսական մամուլը, և սա հասկանալի է: Մոսկվան իր ազդեցության գոտում ամերիկյան կողմի ակտիվանալու փորձերին զգուշավորությամբ է մոտենում՝ դրանցում տեսնելով հակառուսական ուղղվածություն: Չի բացառվում նաև, որ Թրամփն այս քայլն օգտագործի նախընտրական պայքարի տրամաբանության ներքո, ի վերջո, Վաշինգտոնում այսօր ամեն ինչ պտտվում է սպասվող ընտրությունների շուրջ: Ցանկացած պարագայում՝ ակնհայտ է՝ ԱՄՆ-ի այս նոր քաղաքականությունը, հետևողական առաջմղման պարագայում, կհանդիպի ռուսական կոշտ հակազդեցության՝ իրենից բխող բոլոր հետևանքներով:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: