ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետքարտուղարության զեկույցը Հայաստանի մասին. գրանցած հաջողությունները և թերացումները

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցը Հայաստանի մասին: Նշենք, որ նախորդ տարիների համեմատ, ըստ Պետդեպի զեկույցի, Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները նվազել են:

Զեկույցում նշվում է, որ 2019 թվականին Հայաստանում կառավարությունը քայլեր է ձեռնարկել ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաների ենթադրյալ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ: Որպես օրինակ նշվում է այն հանգամանքը, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է Մարտի 1-ի գործով դատաքննությունը: «Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատաքննությունը` պարզելու նրանց ենթադրյալ մասնակցությունը 2008-ի նախագահական ընտրություններից հետո բանակը ցուցարարների դեմ հանելու գործում։ Առաջադրված են մի շարք մեղադրանքներ` սահմանադրական կարգի տապալումից մինչև կոռուպցիա և Մարտի 1-ի գործով ձեռք բերված ապացույցների կեղծում», - նշում է Պետդեպը:

Արձանագրելով Հայաստանում իշխանությունների կողմից համակարգված կոռուպցիայի դեմ պայքարում հաջողությունը՝ զեկույցում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո պետական կառույցներում ու նախարարություններում քրեական գործեր են հարուցվել, ըստ դատախազության՝ 13 ամսում իրավապահները մոտ 230 միլիոն դոլարի յուրացման, հափշտակության ու պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր են հայտնաբերել, բյուջե է վերադարձվել մոտ 63 միլիոն դոլար:

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ: Կառավարությունը պետք է առավել թափանցիկ ներկայացնի այդ պաշտոնյաների հետ իր բանակցությունները և կոռուպցիայի դեմ պայքարը դարձնի ավելի համակարգված:

Փաստելով, որ գործող իշխանությունները քայլեր են ձեռնարկում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, Պետդեպարտամենտը միաժամանակ մեջբերում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը. «Այդ քայլերը պետք է արվեն զգույշ լինեն և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»:

Զեկույցում անդրադարձ է արվում Հայաստանում դատական համակարգի նկատմամբ պահպանվող անվստահությանը՝ միևնույն ժամանակ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին, որը որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ:

Դատական համակարգի հետ կապված մատնանշվում է նաև կասկածյալներին համատարած նախնական կալանքի դատապարտելու հին ավանդույթը լայնորեն կիրառելու և առանց հստակ հիմքերի կալանքի ժամկետը երկարաձգելու պրակտիկան։ «Երկարատև ազատազրկումը շարունակում է մնալ խրոնիկ խնդիր Հայաստանում», - պնդում է Պետդեպարտամենտը:

Անդրադառնալով լրատվամիջոցների ազատության հարցին՝  Պետդեպը նշում է, որ թեև հեղափոխությունից հետո ազատությունն ավելացել է, այդուամենայնիվ որոշ լրատվամիջոցներ խուսափում են իշխանություններին քննադատելուց, որպեսզի հակահեղափոխական չերևան: «Հանրային հեռուստատեսությունը, ըստ իրավապաշտպանների, շարունակում է լուրերը ներկայացնել կառավարամետ տեսանկյունից», - նշվում է զեկույցում:

Ընդհանուր առմամբ, որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրներ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: