ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,76 դրամ ԱՐԾԱԹ - 273,16 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 811,8 դրամ

Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու և կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու:

Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու: Արցախը և արցախցիները ևս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ և անկախ հայրենիք կառուցելու և զարգացնելու իրենց հաստատակամությունը:

Շնորհավորում և արդյունավետ գործունեություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք կձևավորեն Արցախի Ազգային ժողովն՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ կուսակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն։

Շնորհավորում եմ նաև այն քաղաքական ուժերին, որոնք թեև չեն հաղթահարել ընտրական շեմը, սակայն վստահաբար կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն արտախորհրդարանական հարթակում: Միասնականությունը և համախմբվածությունը բոլորիս հաջողության գրավականն են լինելու առաջիկա տարիների ընթացքում:

Շնորհավորում եմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին և Մասիս Մաիլյանին: Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձևավորի առողջ քաղաքական և աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին:

Շնորհավորում եմ նաև նախագահական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին: Համոզված եմ, որ նրանք նույնպես իրենց ողջ ներուժը և կարողությունները կներդնեն ի նպաստ Արցախի զարգացման:

Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու և կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ձևավորվող Ազգային ժողովը և կառավարությունը կլծվեն երկրի մայր օրենքում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների իրագործման, երկրի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման դժվարին ու պատվաբեր գործին:

Ներկայիս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մեր անելիքները շատ են: Վճռական և հաստատակամ ենք բոլորս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությունը: Անվտանգ, հզոր, կայուն և խաղաղ Արցախի ապագան մենք կապահովենք միասնական ու համատեղ ուժերով:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին և ամբողջ հայությանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 9 կմ/ժ
26 C°
 
16°  27° 
02.06.2020
17°  28° 
03.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: