ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ:

«Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդած ժամանակահատվածում լարվածության բարձրացմանը և խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված ադրբեջանական կողմի նպատակային քայլերը վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր:

Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի և մարտական գործողությունների վարման կանոնների կոպտագույն խախտումներով: Այս հանցագործությունները մանրամասն փաստաթղթավորվել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից և երկու հատուկ զեկույցներով ներկայացվել միջազգային հանրությանը:

2016 թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Միայն Արցախի Պաշտպանության բանակի վճռական գործողությունների, ինչպես նաև համայն հայության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ խափանել Բաքվի պլանները և հարկադրել ադրբեջանական կողմին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը:

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը մարտահրավեր դարձավ ոչ միայն մեր հանրապետության, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար։ Հատկանշական է, որ ապրիլյան ագրեսիայից քիչ առաջ՝ 2016 թ. մարտի 19-ին, Ադրբեջանի նախագահը ակնհայտ կերպով մեղադրել էր Մինսկի խմբի համանախագահներին այն բանում, որ նրանք «իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը» և այդ պատճառով ադրբեջանական ժողովրդի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է:

Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ինչպես ապրիլյան ագրեսիայի սանձազերծման, այնպես էլ Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր զինծառայողների կողմից իրականացված հանցավոր գործողությունների համար: Այն փաստը, որ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողները, պարգևատրվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ևս մեկ հաստատում են, որ այս գործողությունները իրակացվել են ադրբեջանական իշխանությունների հրամանով կամ նրանց ղեկավարմամբ և վերահսկմամբ: Հաշվի առնելով, որ այսօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի հետևողական ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է:

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ ետ մղելով 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիան կամ դարձել են Բաքվի ռազմական արկածախնդրության անմեղ զոհը: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ողբերգական օրերին աջակցել են Արցախի ժողովրդին»,- նշված է հայտարարությունում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 5 կմ/ժ
22 C°
 
14°  28° 
04.06.2020
16°  26° 
05.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: